Այլեւ Զորի Բալայանի նավերը
2009 թվականի փետրվարի 19-ին հայրենի կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից 97,160 միլիոն դրամ տալ ՀՀ կառավարության աշխատակազմին, որ սա էլ գումարը նվիրաբերի «Հայերը եւ ծովը» հ/կ-ին՝ «Սփյուռքի ճանապարհներով» գիտապատմական նշանակության շուրջերկրյա նավարկություն կազմակերպելու համար: Իսկ ահա հինգշաբթի օրը նույն կառավարությունը որոշել է անցնել խնայողությունների ռեժիմի եւ պատրաստ լինել վատթարագույն սցենարին: «Պետք է իրականացվեն խնայողություններ, կրճատվեն ծախսերը, սակայն այդ խնայողությունների պարագայում պաշտպանված են լինելու սոցիալական ծախսերը՝ նպաստները, կենսաթոշակները, աշխատավարձերը: Մնացած ծախսերում խստագույն խնայողություններ պետք է արվեն: Բազմաթիվ դժվարություններ են առաջանալու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործառույթների առումով: Պետք է խնայենք եւ ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հարկեր հավաքել»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Իհարկե, լավ է, որ մեր կառավարությունում վերջապես հասկացել են, թե ինչ ասել է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամ եւ որոշել են ՀՀ քաղաքացիներին փրկել ճգնաժամից: Ցավալի է, որ ՀՀ կառավարիչները ուշ են հասկացել: Այնպես որ, չի բացառվում, որ բոլոր ժամանակների եւ ժողովուրդների թիվ մեկ իշխանասեր Զորի Բալայանը 97 միլիոն դրամ նվեր չստանա եւ շուրջերկրյա նավարկության չգնա: Կարծում եմ, գրող- հրապարակախոսը պարտավոր է ըմբռնումով մոտենալ «խնայողությունների ռեժիմին» ու սպասել մի քանի տարի, ըստ կանխատեսումների՝ երկու-երեք: Այ, դրանից հետո նորից կկարողանա սրտի ուզածի չափ հարկատուների գումարներով երթեւեկել «Սփյուռքի ճանապարհներով»: Բայց առայժմ պետք է սպասի: Ի վերջո, ֆինանսատնտեսական ճգնաժամը միայն Հայաստանին չի պատուհասել: Ճգնաժամը բոլորի դուռն է թակել, այդ թվում եւ՝ Սփյուռքի, ու փոքր չէ հավանականությունը, որ ճգնաժամը կազդի նաեւ այս կամ այն երկրում Զորի Բալայանի պատվին ընդունելությունների եւ ճաշկերույթների «որակի» վրա: Եվ, ի վերջո, ի՞նչ մեծ բան է երկու-երեք տարի սպասելը: Ոչ պակաս հայտնի նավաստի Էդմոն Դանտեսը մոտ 20 տարի սպասեց, այն էլ՝ զնդանում, մինչեւ հասավ իր բաղձալի նպատակին:
Այս տարի ՀՀ կառավարությունը արդեն 10-րդ նիստն է գումարել եւ այս ընթացքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը թեթեւացել է կամ կարող է թեթեւանալ ոչ միայն վերը նշված 97 միլիոն դրամի չափով, ինչին «Առավոտն» արդեն անդրադարձել է: