Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՉԿԱ»

Մարտ 14,2009 00:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության ֆինանսական բլոկի հրաժարականի մասին լուրերը տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը անհիմն չի համարում:

«Բոլորին է հասկանալի, որ եթե կառավարության ֆինանսատնտեսական բլոկը հրաժարական է տալիս առանց Տիգրան Սարգսյանի, դա նշանակում է, որ ֆինանսական շուկան քանդվում է միանգամից: Բոլորն են հասկանում, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ չեն տիրապետում իրավիճակին, եւ նրանց խանգարում են, եւ խանգարողները օլիգարխներն են»,- «Ա1+»-ին ասաց պարոն Խաչատրյանը:

Պետական բյուջե այսօր գումարներ չմտնելու պատճառը նա համարում է օլիգարխների հարկեր չվճարելը: Այսինքն, օլիգարխներն այսօր, հարկեր չվճարելով, նպաստո՞ւմ են իշխանափոխությանը՝ հարցին տնտեսագետը պատասխանեց. «Այո, նրանք անուղղակի ձեւով նպաստում են իշխանափոխությանը: Նրանք հրաժարվում են հարկեր վճարել, ասելով, որ ընտրությունների ժամանակ արդեն վճարել են, այսօր ի՞նչ պետք է վճարեն, եւ ստացվում է, որ բոլորն էլ չեն վճարում»:

Տնտեսագետը գտնում է, որ ստեղծված իրավիճակում Տիգրան Սարգսյանն անզոր է. «Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ապացուցեց, որ ի վիճակի չէ կառավարել: Իշխանությունները, այսպես թե այնպես, պետք է մեղավորներ փնտրեն եւ չի բացառվում, որ զոհաբերեն նաեւ Տիգրան Սարգսյանին, սակայն ես հակված եմ կարծել, որ այս իշխանությունները կհեռանան միասին»:

Վահագն Խաչատրյանը գտնում է, որ եթե նույնիսկ այս պահին իշխանությունները Տիգրան Սարգսյանին փոխարինեն ավելի լավ մասնագետով, միեւնույն է, տնտեսության վիճակը դրանից չի բարելավվի. «Նույնիսկ այս 3 օրվա ընթացքում ֆինանսական շուկայում զգալի փոփոխություններ են եղել՝ նորից դոլարի պահանջարկ կա, դրամի սղություն կա, իսկ տնտեսության զարգացման միտում չկա: Կարող է իշխանությունները գտնեն Տիգրան Սարգսյանից ավելի մարդկային եւ մասնագիտական որակներ ունեցող մարդու, սակայն նա չի ընկալվելու, քանի որ իշխանության կողմից է ներկայացվելու: Այսինքն՝ կառավարության փոփոխությունը պետք է քաղաքական լինի, որին այսօրվա իշխանությունները, ցավոք, պատրաստ չեն գնալ»:

Ընդհանրապես, անկախ երկրից, ճգնաժամի հաղթահարման ամենակարեւոր նախապայմանը պարոն Խաչատրյանը համարում է ժողովրդի հավատի ու վստահության առկայությունը: «Այս պայմաններում ՀՀ-ում ժողովրդի վստահությունը իշխանությունների նկատմամբ՝ զրո է»,- ասաց նա: «Ա1+»-ի խնդրանքով Վահագն Խաչատրյանը, որպես Երեւանի նախկին քաղաքապետ, անդրադարձավ առաջիկայում սպասվող Երեւանի խորհրդի ընտրություններին եւ առաջադրված թեկնածուների հնարավորություններին. «Երեւանին անհրաժեշտ է նոր մարդ, երիտասարդ, նոր ավյուն, նոր արյուն, հավատ ներշնչող մարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել