ԱԲՐԱՀԱՄ-ՍԻՄՈՆ. Ո՞Վ ԿԿՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Գերմանիայի Կիլ քաղաքի «Օստցզեեհալլե»-ում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն անցկացնում է չեմպիոնական գոտու իններորդ պաշտպանությունը: Մրցակիցն այս անգամ ծագումով ավստրալացի Լահուան Սիմոնն է, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:
Հակամարտության ինտրիգն այն է, որ ոչ Աբրահամը, ոչ Սիմոնն առայսօր ոչ մի պարտություն չեն կրել: Հետեւաբար, հավանականությունը մեծ է, որ նրանցից մեկը կճաշակի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իր կարիերայում առաջին պարտության դառնությունը: Իհարկե, եթե մարտը ոչ-ոքի չավարտվի:
Մենամարտից առաջ բռնցքամարտիկները մասնակցել են ավանդական մամուլի ասուլիսին: «Ես կրկին պատրաստ եմ հանդիսականին դիտարժան մենամարտ նվիրել,- հայտարարել է «Արքա Արթուրը»:- Ու չնայած սա արդեն գոտու իմ իններորդ պաշտպանությունն է, միեւնույն է, լուրջ եմ տրամադրված եւ նպատակադրված եմ հաղթանակի: Ես Սիմոնին ոչ մի շանս չեմ թողնի: Նա դեռ ոչ ոքի չի պարտվել, եւ դա ինձ ավելի է տրամադրում մարտին, քանի որ ցանկանում եմ լինել առաջինը, որը նրան զգալ կտա, թե որքա՜ն ծանր է ռինգից գլխիկոր հեռանալը»:
Այնուհետեւ արտահայտվել է թխամորթ ավստրալացին: «Ես շատ երկար եմ պատրաստվել այս օրվան եւ ծանրաբեռնված մարզվել եմ ավելի վաղ, քան կստորագրվեր այս մարտի պայմանագիրը: Եվ շատ ուրախ եմ, որ ինձ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունք ընձեռվեց: Ես կշահեմ այս մենամարտը»,- ի պատասխան՝ ասել է Լահուան Սիմոնը:
12 ՀՍԿԱՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներն այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքի «Palais de la Mediterranec» հյուրանոցում պայքարն են սկսում արագ եւ «կույր» շախմատի ավանդական «18th Amber Blindfold and Rapid Tournament» հեղինակավոր մրցաշարում:
Խաղատախտակների առջեւ հանդես են գալու աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), շախմատային թագի հավակնորդ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), «Amber 2008»-ի հաղթող Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վան Յուեն (Չինաստան), Գատա Կամսկին (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա):
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 216 հազար եվրո է:
Գրոսմայստերները օրական միմյանց հետ կխաղան մեկական արագ եւ «կույր» պարտիա: Հաղթողը կորոշվի վերջին օրը՝ մարտի 26-ին:
ԱԼԻՆԱ ԲԱԼԱՅԱՆԻ ԵՐԵՔ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Բուդվայում եւ Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնություններում, բացի մեր հանրապետության ներկայացուցիչներից, հանդես են գալիս նաեւ ուրիշ երկրների դրոշների պատիվը պաշտպանող հայ շախմատիստներ, որոնք, սակայն, տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակների միջին հորիզոնականներում:
Մասնավորապես, Սերգեյ Գրիգորյանցը, որը Ռուսաստանի առաջատար գրոսմայստերներից է, Չեռնոգորիայում առայժմ համեստ մրցելույթներ է ունենում եւ յոթ տուրից հետո 4,5 միավորով (նույնքան, որքան հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը՝ 37-րդ տեղ, Զավեն Անդրիասյանը՝ 55-րդ եւ Արման Փաշիկյանը՝ 78-րդ) ընթանում էր 54-րդ տեղում:
Եվրոպայի կանանց առաջնությունում Ռուսաստանը ներկայացնում են կանանց միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան եւ Ալինա Բալայանը: Համբարձումովան վեցերորդ տուրից առաջ 2,0 միավորով 168 մասնակիցների մեջ 107-րդն էր: Իսկ ահա սանկտպետերբուրգցի Ալինան, որը դեռ շախմատային ոչ մի կոչում չունի եւ առաջնության մեկնարկից առաջ իր վարկանիշով 144-րդն էր, արդեն հասցրել է մի քանի անակնկալ մատուցել կազմակերպիչներին եւ արժանանալ մասնագետների դրվատանքին եւ ուշադրությանը: 17-ամյա հայուհին խաղացված հինգ տուրերում տարել էր երեք հաղթանակ, այն էլ այնպիսի մրցակիցների նկատմամբ, ինչպիսիք են կանանց գրոսմայստեր Յուլյա Դյոմինան, կանանց միջազգային վարպետներ Վիկտորյա Տարասովան, Լիլիթ Գալոյանը, եւ 3,0 միավորով (49-րդ հորիզոնականում գտնվող Նելլի Աղինյանը նույնպես իր անվան դիմաց այդքան միավոր էր գրանցել) ընթանում էր 73-րդ հորիզոնականում:
Առաջնությունը դեռ շարունակվում է, եւ մասնագետները Ալինա Բալայանից նոր անակնկալներ են սպասում: