Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չես պարում հայերեն

Մարտ 14,2009 00:00

\"\"«Կարին» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի «դեղատոմսը»

Ամեն ուրբաթ «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվում են անվճար դասընթացներ՝ հայկական պարերի սիրահարների ու պարել չիմացողների համար: Պարապմունքները սկսվում են երեկոյան ժամը 7-ին եւ տեւում մինչեւ ուշ երեկո. պարում են «Ռոստամ բազի»՝ Պարսկահայքի պարը, «Յարխուշտա»՝ ռազմական Սասունի պարը, «Թամզարա»՝ Բարձր Հայքի Թամզարա գյուղաքաղաքի երգ-պարը, «Փափուռի»՝ Տարոն աշխարհի պարը, «Ծաղկաձորի»՝ Վասպուրականի պարը, «Աստվածածնապար»՝ Կարնո պարը, «Թրթռուկ»՝ համշենահայերինը եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը տեղեկացրեց, որ նախագիծն իրականացվում է 2005-ից. «2005-ի դեկտեմբերին «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամը, «Կարին» երգի-պարի համույթը՝ «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ, ձեռնարկեցին այս միջոցառումը: «Նարեկացի» արվեստի միությունը տրամադրում է տարածքը, «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամը իրականացնում է տեղեկատվական, ինֆորմացիոն աշխատանքը, գեղարվեստական կողմն էլ ես եմ ապահովում»: Պարոն Գինոսյանը նշում է. «Մենք նպատակ դրեցինք այս նախագծով դեմ գնալ այն թյուր կարծիքին, որ հայ երիտասարդությունը ազգային պարը չի սիրում, դրանք անհեթեթ մեղադրանքներ են, երիտասարդները սիրում են հայկական պարը, ուղղակի շատերը չգիտեն պարել: Ցավոք, ժամանակակից արվեստը, այսինքն՝ այն, ինչ հրամցվում է հեռուստատեսությունով եւ այլ ԶԼՄ-ներով, ժամանակավոր է: Վկան՝ ազգային պար սովորել ցանկացող 100 հոգին, ովքեր սիրով են այցելում «Նարեկացի» արվեստի միություն»:

Նախաձեռնության մասնակիցների մասին էլ մեր զրուցակիցն ասում է. «Հավաքված են տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր՝ 6-66 տարեկան հայաստանցիներ, սփյուռքահայեր: Կան նաեւ ազգությամբ ոչ հայեր, որոնց ուղղակի հայկական պարարվեստը հետաքրքրում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել