Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԸՆԴԴԵՄ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ

Մարտ 14,2009 00:00

Կամ մեծամասնության ճաշակը պարտադրելու մասին

Գրեթե օր չի անցնում, որ լրատվամիջոցները չանդրադառնան մեր իրականություն խուժած տեղական արտադրության հեռուստասերիալներին: Քչաթիվ անձինք, հեղինակավոր ձայներ ոչ մի վատ բան չեն տեսնում դրանց մեջ, ինչպես՝ իմ սիրած բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, որը հաճախակի ելույթներ է ունենում ի պաշտպանություն հեռուստասերիալների: Իսկապես, անգործ մնացած, ողջ օրը տանը փակված հատկապես կին հանդիսասրահի համար ընտանեկան ու սիրային ինտրիգներով լեցուն պատմությունները դրական դեր են կատարում՝ որպես ժամանց, լիցքաթափում: Սակայն ի՞նչ են մատուցում մեզ հայկակա՛ն հեռուստասերիալները։ Այն, ինչի պակասը չենք զգում եւ ինչին հանդիպում ենք ամեն քայլափոխի: Մեկ խոսքով ասած՝ մեր իրականության աղբն ու չարիքը:

Լսելով հերթական հայկական հեռուստասերիալի մասին, սոսկ կինոգիտությամբ զբաղվելու հանգամանքով, ես ցանկանում եմ դիտել գոնե մեկ սերիա՝ հեռավոր հույսեր փայփայելով, որ միգուցե ինչ-որ դրական բան կլինի: Բայց ամեն անգամ ախորժակիս քացախ եմ ստանում: Վերջին երկու «հայտնագործումներս» եղան մեր հանրայի՛ն հեռուստատեսության զգայացունց վերնագրերով նորաթուխ զույգ սերիալները՝ «Որբերը» եւ «Լքյալները» (սրանց երեւի թե պիտի հաջորդի «Տառապյալները»): Առաջինի հայեցակարգն ի սկզբանե անընդունելի է՝ շոու սարքել որբության թեմայից, առատորեն համեմելով բռնության նատուրալիստական տեսարաններով: Երկու սերիալներն էլ թողնում են միանգամայն սիրողական նկարահանումների տպավորություն՝ բեմադրությունից սկսած մինչեւ ձայնագրումը, երաժշտական ձեւավորումն ու դերասանական խաղը: «Լքյալների» գլխավոր դերակատարը մյուս դերասանների անփորձ ու անբնական խաղարկության ֆոնին, ցավոք, տարբերվում է բնավ ոչ շահեկանորեն՝ մերօրյա ոստիկանի կերպարը մեկնաբանելով կեղծ թատերական-արխայիկ եղանակով:

Մեր ժողովուրդն ու հասարակությունը, այդուհանդերձ, դեռեւս այն աստիճանի չեն դեգրադացվել, որ աղբը չտարբերեն իրական արժեքից: Վերջերս նույն օրում երկու նամակ ստացա հայկական հեռատեսիլի վերաբերյալ, մեկն ԱՄՆ-ում, մյուսը՝ Ուկրաինայում ապրող ընկերներիցս: Նյույորքաբնակ ընկերս գրել էր. «Երէկ մեր բարեկամներուն տունն էինք, արբանեակային կայաններ ունին, որոնց շարքին՝ քանի մը լոսանճելըսահայ տեսակէն: Ու այսպէս «ըմբոշխնեցի…» «Իմ մեծ չաղ հայկական հարսանիքի» հերթական թողարկումը (Աստուած փրկէ՜ «դերասաններուն»), «Վրիժառուն» կոչուած թրիլլըրի երկու թողարկումներ (դերասանութիւնը քիչ մը աւելի լաւ էր, բայց երեւակայէ, որ բրտութեան տեսարան մը կար, երբ աղջկան քիթէն-բերնէն բառացիօրէն արիւն բերին՝ որ տեղեկութիւններ կորզէին, զոր այնքան իրապաշտ դարձուցեր էին՝ աչքերը փորելու սպառնալիքով հանդերձ, որ տիկինս աչքերը փակեց չտեսնելու համար): Ուզեցի քեզի հետ կիսել այս հետաքրքրական նորութիւնները, քանի որ սեփական փորձառութեամբ կարողացայ հասկնալ, թէ ինչպիսի՞ պարապութիւն ըլլալու է հայրենական հեռատեսիլը»:

Իսկ Ուկրաինայում վաղուց հաստատված ընկերուհիս գրել էր. «Էնքան ջղայնացած եմ: Էս մի քանի օրը ինչ միացրել ենք «Շանթ» ալիքը, էդ ինչ հիմար կինո են ցույց տալիս, ինչ խայտառակություն: Ինչի՞ են մեր ազգի վատ կողմերը ցույց տալիս:Չէ՞ որ ամբողջ աշխարհը նայում է: Մի՞թե ուրիշ հետաքրքիր թեմաներ չկան: Բա դրանց խոսելը: Իբր այսօրվա երիտասարդությունը խոսել գիտի, հիմա ավելի են վատացնում: Թութակի նման կրկնում են բրազիլական սերիալները, բայց գոնե էնտեղ համ լավ վիճակն են ցույց տալիս, համ վատը: Գոնե գեղեցիկ դերասաններ են, սիրուն հագուկապ, բարձր խավի պահելու ձեւը… Արդեն հավատում եմ, որ դիտմամբ են փչացնում ազգը: Գիտե՞ս ցավը որն է, ես էդքան իմ երեխաներին պատմում եմ հայերի մասին, թե ինչ մշակույթ ունենք, ինչ տաղանդավոր մարդիկ, ինչ հին պատմություն: Իրենց համար հայերեն «Տիգրան Մեծն» եմ կարդացել, «Մուսա լեռան 40 օրը» ու «Վարդանանքը» ռուսերեն ճարեցի, տղաս կարդաց: Ուզում եմ ամեն կերպ կապել հայերի հետ: Հենց սիրուն աղջիկներ եմ տեսնում հեռուստացույցով, անմիջապես կանչում եմ, ցույց տալիս, որ տեսնեն, թե ինչ գեղեցիկ է մեր ազգը, գովում եմ, բարձրացնում, չէ՞ որ իրենք անընդհատ ռուսների հետ են շփվում: Մեկ էլ հանկարծ երեկ միացրի էդ կինոն, խայտառակ եղա իմ երեխեքի մոտ: Իսկական բոմժանոց: Բա մուլտերի հայերեն թարգմանությունները… ո՞ր մեկն ասեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել