Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 14,2009 00:00

ԿԻԵՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿՍՏՈՒԳԵՆ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԸ

Կիեւի իշխանությունների գործունեությունը ուսումնասիրելով՝ Գերագույն Ռադայի ժամանակավոր հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել հոգեբուժական փորձաքննության ուղարկել Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկուն: Վերջին շրջանում Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին մատուցվում են զանազան տհաճ անակնկալներ: Մարդկանց զարմացնում են նաեւ Չեռնովեցկու որոշ արարքներ, օրինակ՝ քաղաքապետն աշխատանքից ազատել է քաղաքային գազանանոցի տնօրենին՝ այն բանի համար, որ նա չի կարողացել ընկերուհի ապահովել գազանանոցի փղի համար: Քաղաքապետն ու նրա տեղակալները անհատական վերահսկողության տակ են վերցրել բոլոր կենդանիներին եւ շնորհավորում են նրանց տոները: Չեռնովեցկին մարդկանց նվիրում է իր կատվի լուսանկարը՝ սեփական մակագրությամբ: Կան ավելի լուրջ դժգոհություններ. քաղաքապետն առաջարկել է քաղաքային պոլիկլինիկայի ծառայությունները դարձնել վճարովի, նույնը նա ցանկանում է անել դպրոցական ուսուցման եւ գերեզմանատներ մուտք գործելու համար: Չեռնովեցկին մտադիր է նաեւ հարկեր հավաքել չամուսնացած տղամարդկանցից: Մարտի սկզբին ուկրաինական ԶԼՄ-ներում հրապարակվել է լրատվություն, ըստ որի՝ Կիեւի քաղաքապետն այժմ բուժվում է Իսրայելի հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ նա անց է կացնում իր արձակուրդը:

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 13 ՍԵՐԲ

Բելգրադի դատարանը ազատազրկման տարբեր ժամկետների է դատապարտել Սերբիայի 13 քաղաքացիների, որոնք մեղադրվում են 1991 թվականին 200 խորվաթների զանգվածային սպանության համար: Ըստ BBC-ի, դաշտային հրամանատար Միրոլյուբ Վույովիչը, ինչպես նաեւ 6 ամբաստանյալ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, մնացած 6 հոգին ստացել են 5-15 տարի: 1991 թվականին Վուկովար քաղաքի պաշարման ժամանակ սերբերը քշել են խորվաթներին քաղաքի մերձակայքում գտնվող խոզանոց եւ այնտեղ, մարդկանց բաժանելով փոքր խմբերի, գնդակահարել են նրանց: Այն խորվաթներին, որոնք միանգամից չեն մահացել, հանցագործները ոչնչացնում էին գլխին ատրճանակի կրակոցով: Այդ գործով առաջին դատաքննությունն անց էր կացվել 2005 թվականին, սակայն դադարեցվել էր ընթացակարգային խախտումների համար: Այժմ ավարտվել է 2-րդ դատաքննությունը, սակայն թե դատախազությունը եւ թե զոհերի հարազատները դժգոհ են դատավճռից: Նախ ամբաստանյալներից մի քանի հոգի արդարացվել են, իսկ մնացած հանցագործներին, ըստ սպանվածների իրավահաջորդների, նշանակվել են չափից դուրս մեղմ պատիժներ: 1991 թվականի իրադարձությունների պատճառն այն էր, որ Խորվաթիան անկախություն էր հայտարարել Հարավսլավիայից եւ տեղի սերբ բնակիչները, դրա դեմ բողոքելով, ապստամբություն էին բարձրացրել: Ապստամբությունը սատարեց պաշտոնական Բելգրադը եւ սերբական բանակի ստորաբաժանումները մտան Խորվաթիա: Նոյեմբերին սերբական զինյալները գրավեցին Վուկովարը՝ հիմնահատակ քանդելով այդ քաղաքը եւ սպանելով ավելի քան 3 հազար բնակիչ:

ՖՐԱՆՍԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱՏՕ

\"\"Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ վերադառնալ ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներ, որոնցից իր երկիրը դուրս էր բերել 43 տարի առաջ 5-րդ հանրապետության նախագահ Շարլ դե Գոլը: Սարկոզիի որոշումը մարտի 17-ին քվեարկվելու է Ֆրանսայի Ազգային ժողովում: Նիկոլա Սարկոզին կարծես թե վստահ է, որ խորհրդարանը կողմ է քվեարկելու, սակայն ընդդիմությունը, ի դեմ Սոցիալիստական կուսակցության գտնում է, որ նախագահի որոշումը սպառնում է ռազմական ոլորտում Ֆրանսիայի ինքնիշխանությանը եւ պահանջում է հանրաքվե անցկացնել: Սակայն, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցման տվյալները, երկրի բնակչության 58%-ը կողմ է ՆԱՏՕ-ին Ֆրանսիայի լիակատար անդամագրվելուն, իսկ 37%-ը՝ հիմնականում ավագ սերնդի մարդիկ, դեմ են: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, Սարկոզին հայտարարել է, որ, ինտեգրվելով ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներին, Ֆրանսիան կդառնա ավելի ուժեղ եւ ազդեցիկ, որովհետեւ «բացակաները սխալ են: Ֆրանսիան պետք է մասնակցի ղեկավարմանը եւ ոչ թե պարզապես ենթարկվի»: Սարկոզին նաեւ մերժում է դե Գոլի ժառանգությանը դավաճանելու մեղադրանքները. «Ո՞վ իր վրա իրավունք կվերցնի իմանալու, թե ինչպես էր այսօր գործելու դե Գոլը»: Նախագահը նաեւ հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման քաղաքականություն էին իրականացնում նաեւ իր նախորդները՝ Ֆրանսուա Միտերանը եւ Ժակ Շիրակը, բայց դա արվում էր ոչ բացահայտ: Այժմ, Սարկոզիի խոսքերով, եկել է բաց խաղաքարտերով խաղալու ժամանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել