Օգնելու են հավասարապես
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վավերացրել է 2009 թվականի ֆինանսական տարվա արտաքին հատկացումների փաթեթը, ըստ որի՝ Հայաստանը կստանա $48 միլիոն, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ $8 միլիոն: Այդ մասին, ինչպես փոխանցում է «Ազատությունը», տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառույթների ենթահանձնաժողովի նախագահ տիկին Նիթա Լոուին եւ Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ պարոն Փաթրիք Լիհիին, ովքեր ըմբռնել են ամերիկահայերի մտահոգությունները եւ պնդել են ռազմական աջակցության հարցում հավասարության ապահովման կարեւորությունը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը, կրկնապատկել են Հայաստանի համար նախագահ Բուշի առաջարկած $24 միլիոն գումարը»,- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ավելացնելով, որ գալիք տարի իրենք ակնկալում են արդյունավետ համագործակցել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ: Հայ դատի գրասենյակը միաժամանակ նշում է, որ 48 միլիոն դոլարը թեպետ նախկին նախագահի օրոք առաջարկվածի կրկնապատիկն է, այնուամենայնիվ, 10 միլիոնով քիչ է 2008-ի ֆինանսական տարում հատկացվածից եւ 22 միլիոնով քիչ է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջարկած 70 միլիոնից: Արտաքին հատկացումների ռազմական աջակցության առումով 2009-ի փաթեթում Հայաստանը եւ Ադրբեջանը կստանան հավասար գումար՝ $3-ական միլիոն:
Համաժողովը Վլադիվոստոկում չի կայանա՞
2012 թվականին նախատեսված Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների տնտեսական համագործակցության համաժողովը կարող է տեղափոխվել ռուսաստանյան մեկ այլ քաղաք: Միջոցները կարող են չհերիքել հավակնոտ ծրագրերի համար: Վարչապետ Վլադիմիր Պուտինը առայժմ պաշտոնապես չի հայտարարել դրա մասին, սակայն տեղի բնակիչները վստահ են, որ համաժողով չի լինելու: Երկու հսկայական կամուրջների շինարարությունն արդեն սառեցվել է:
Համաժողովը կարող է անցկացվել Պետերբուրգում, որտեղ կան արդեն պատրաստի շենքեր եւ ենթակառուցվածքներ, իսկ ահա Վլադիվոստոկում միջոցառումն անցկացնելու համար անհրաժեշտ է կառուցել նախ եւ առաջ միջազգային համագործակցության կենտրոն «Ռուսկի» կղզում, այնուհետեւ այդ կղզին միացնել մայրցամաքի հետ՝ հսկայական կամրջի միջոցով: Այդ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 284 միլիարդ ռուբլի, ինչը ֆինանսների նախարարության գնահատականներով՝ արդեն իսկ այսօր կասկածի տակ է: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, սպասվում է, որ վերջնական որոշումը վարչապետ Պուտինը կընդունի անձամբ՝ մարտի կեսերին: Տեղական մամուլը հաղորդում է նաեւ, որ այդ ծրագրի հետ կապված՝ կամուրջների եւ թունելների շինարարությունը անսպասելի բնական խոչընդոտների է հանդիպել, ինչը, անշուշտ, դժվարացնելու եւ թանկացնելու է ամբողջ նախագիծը:
«Պերեստրոյկան» հասավ ԱՄՆ
Միացյալ Նահանգները պետք է սկսեն իրենց սեփական «պերեստրոյկան»: Այս մասին Լոնդոնում հայտարարել է Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նրա խոսքերով, վերջերս ԱՄՆ իր այցելության ժամանակ այդ առաջարկությունը ընդունվեց մեծ խանդավառությամբ՝ ամբողջ լսարանը 10 րոպե ծափահարում էր նախկին նախագահին: Ըստ lenta.ru-ի, Գորբաչովը նաեւ հայտարարեց, որ նախագահ Օբաման կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, ներկայիս ճգնաժամի մասշտաբներն այնպիսին են, որ Ամերիկան ինքնուրույն չի կարողանա դիմակայել դրան: Գորբաչովի խոսքերով, ԱՄՆ-ն պետք է սերտորեն համագործակցի այլ երկրների հետ եւ դադարի հրահանգներ տալուց:
Նա նշեց նաեւ, որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը պետք է հարմարվի նոր աշխարհակարգին: Ամերիկացիները պետք է դադարեն ողջ աշխարհին իրենց կամքը թելադրելու ձգտումից: ԽՍՀՄ նախկին նախագահը կոչ արեց ձեւավորել աշխարհում փոխհարաբերությունների նոր մոդել, որը հիմնված կլինի հավասար գործընկերության սկզբունքների վրա: Գլխավոր խնդիրներից մեկը, Գորբաչովի ասելով, «անզուսպ սպառումն» է, որը բերում է աշխարհում հարուստների եւ աղքատների միջեւ անդունդի մեծացմանը: