Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենգուրուն»՝ մարտի 19-ին

Մարտ 14,2009 00:00

Մարտի 19-ին առաջին անգամ ՀՀ ողջ տարածքում անցկացվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին կմասնակցի 500 հանրակրթական դպրոցների ավելի քան 30 000 աշակերտ: Երեկ ԿԳՆ-ում հրավիրված ասուլիսին այս մասին խոսեցին ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ «Այբ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ինչպես բազմիցս «Առավոտը» տեղեկացրել է, «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն անցկացվում է ամեն տարի նույն օրը՝ միանգամից աշխարհի բոլոր երկրների՝ մրցույթին մասնակից դպրոցներում: Դրա նպատակն է մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Կազմակերպիչները ոգեւորված էին, քանի որ առաջին տարում ՀՀ-ի՝ աշակերտների մասնակցության ցուցանիշը զիջում է միայն Սլովենիային: Քանի որ ՀՀ-ում գործող 1400-ից ավելի հանրակրթական դպրոցից միայն 500-ն է մասնակցության հայտ ներկայացրել, Դ. Սահակյանից հետաքրքրվեցինք՝ մյուսները հետաքրքրված չե՞ն մաթեմատիկայով: Նա պատասխանեց. «Ոչ, ուղղակի դա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Կա դպրոց, որ ուզում է տեսնել՝ առաջին տարում ի՞նչ կլինի, հետո մասնակցել, մյուսները պարզապես ուշ տեղեկացան»: Տեղեկացնենք, որ «Կենգուրուն» մյուս տարի հայերեն լեզվով կանցկացվի Ջավախքում եւ ԼՂՀ-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել