Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ավելի լավը, բայց ոչ՝ կատարյալ»

Մարտ 14,2009 00:00

Կարծես թե վերջապես իր տրամաբանական հանգրվանին է մոտենում բազմաչարչար «Հանրակրթության մասին ՀՀ օրենքը», որն արդեն չորս տարի է՝ քննարկվում է ու մշակվում եւ արդյունքում հասցրել է ընդամենը ընդունվել առաջին ընթերցմամբ: Սակայն երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետեւ՝ կրթության հանձնաժողով) հրավերով կայացած աշխատանքային լսումների ավարտին հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը բացահայտեց իրենց եւ ԿԳՆ-ի ցանկությունը՝ մինչեւ նոր՝ 2009-2010 ուսումնական տարվա սկիզբը ընդունված տեսնել այս օրենքը: Խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր շահագրգիռ կողմերով՝ դպրոցների տնօրեններ, մարզպետարանների կրթության վարչությունների աշխատակիցներ, ԿԳՆ տարբեր մակարդակի չինովնիկներ, պատգամավորներ եւ անգամ՝ աշակերտական խորհուրդների անդամներ:

Բոլոր ելույթ ունեցողները նշում էին մի բան. այս օրենքը մի քանի քայլ առաջ է ներկայումս գործող՝ 1999թ.-ին ընդունված «Կրթության մասին ՀՀ օրենքից», սակայն իդեալական չէ եւ չի էլ կարող լինել, քանի որ որքան խնդիր կա, այնքան էլ՝ կարծիքներ, հաճախ՝ տրամագծորեն իրար հակառակ: Հենց քննարկումների ժամանակ ի հայտ եկան մի քանի «տրամագծորեն հակառակ» տեսակետներ տարբեր հարցերի շուրջ: Օրինակ, ԱԺ կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը որպես լուրջ հաջողություն էր դիտում օրենքում ամրագրված դրույթը, համաձայն որի, դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, ընտրում է տնօրեն եւ նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր, եւ ոչ ոք կամայականորեն չի կարող ազատել հաստատության տնօրենին: Այս դրույթով, ըստ Ա. Բախշյանի, տնօրեններն այլեւս չեն դառնա մարզպետների կամայականությունների զոհ եւ կախման մեջ չեն գտնվի պետական չինովնիկից: Հիշեցնենք, որ գործող օրենքով տնօրենի հետ պայմանագիր է կնքում ոչ թե դպրոցի կառավարման խորհուրդը, որն ընտրում է տնօրենին, այլ՝ մարզպետը: «Առավոտը» («Տնօրենը՝ մարզպետի կրնկի տակ», 30.01.09) արդեն անդրադարձել է այս առթիվ տիկին Բախշյանի մտահոգություններին: Սակայն երեկ պարզվեց, որ որոշ տնօրեններ, ինչպես նաեւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հերմինե Նաղդալյանը զգուշանում են հակառակից, որ այսկերպ դպրոցների տնօրենները կախման մեջ են հայտնվում խորհուրդներից, որոնցում հիմնականում ընդգրկված են «թաղային հեղինակություններ», կիսագրագետ մարդիկ, որոնք, ստանալով այդքան լիազորություններ, չեն թողնի տնօրենին ազատ լինել իր գործերում, իսկ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պնդում էր, որ «խորհուրդը չի կարող համարվել գործատու եւ կնքել աշխատանքային պայմանագիր», դա հակասում է Աշխատանքային օրենսգրքին: Տնօրեններն առաջարկում էին օրենքով ամրագրել, որ խորհրդի անդամները գոնե որոշակի կրթական ցենզ ունենան:

Եղավ առաջարկ, որ օրենքից հանվեն թվերը. օրենքով սահմանված է, թե քանի ժամ պետք է կազմի ուսուցչի մեկ դրույքը (22 ժամ), քանի ժամ անհարգելի բացակայությունն է «ներելի» (160) եւ ինչպիսին պետք է լինի դասարանի խտությունը (25-35 աշակերտ՝ միջին դպրոցում եւ մինչեւ 25՝ ավագում): Կամո Արեյանը, ապա որոշ տնօրեններ պնդում էին, որ այդ թվերը կոշտացնում են օրենքը եւ մանեւրելու տեղ չեն թողնում: Մի հարցում էին բոլորը համակարծիք՝ ժամանակն է վերադառնալ 5-օրյա դասապրոցեսին: Դ. Վարուժանի անվան դպրոցի տնօրեն Օֆելյա Ասատրյանը գտնում էր, որ, եթե գրեթե բոլոր պետական եւ անգամ մասնավոր հիմնարկներում հասուն մարդիկ աշխատում են հնգօրյա ռեժիմով, ապա առնվազն սադիստություն է 7-16 տարեկան երեխաներին ստիպել, որ սովորեն 6-օրյակով: Բացի երեխաների առողջության մասին մտածելուց, տնօրենը այդպիսով հոգում էր նաեւ ազգային ավանդույթների պահպանման մասին՝ «շաբաթ օրերին հարսանիք է, կնունք է, հավաքվում են, գնում են, երեխան մեղք չի՞, սադիստաբար բերում ենք դպրոց»: Տիկին Ասատրյանը պնդում էր, որ այդ դրույթը ոչ թե թողնվի խորհուրդների հայեցողությանը, ինչպես նախատեսվում է օրենքով, այլ անմիջապես օրենքում էլ ամրագրվի: Այս առաջարկը բուռն ծափահարությունների արժանացավ: Նույնքան բուռն արձագանքեց դահլիճը տիկին Ասատրյանի մյուս դիտողությանը, որ ծրագրերն այնքան բարդացված են, որ դպրոցի վրա կարծես դրված է ոչ թե համընդհանուր եւ համաչափ կրթված մարդու պատրաստում, այլ՝ մաթեմատիկոսի, քիմիկոսի, ֆիզիկոսի եւ կենսաբանի կրթում: «Բերեք կենսաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի մի ուսանող, եւ եթե նա համապատասխանի այն չափորոշիչներին, որ դրված են մեր առջեւ, ես կթողնեմ, կգնամ: Մի քիչ թեթեւացրեք այդ չափորոշիչները»,- կոչ արեց տնօրենը:

Խոսք գնաց նաեւ աշակերտ-թվով ֆինանսավորման հիմնականում դրական, բայց որոշ հարցերում՝ թերի կողմերի մասին: Այս համատեքստում քննարկվեց նաեւ մասնավոր դպրոցների ֆինանսավորման հարցը: Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվում է, որ նաեւ ոչ պետական կրթօջախներն են ստանալու աշակերտ-թվով ֆինանսավորում: «Մասնավոր դպրոցները միայն բիզնեսով չեն զբաղվում, նրանք հանրակրթություն են իրականացնում»,- իր խոսքում նշեց «Արեգնազան» կրթօջախի (որն առավել հայտնի է որպես «Վալդորֆյան դպրոց») հիմնադիր Արա Աթայանը: Ավելի ուշ իր ամփոփիչ խոսքում ԿԳ նախարարը նկատեց, որ, ցավոք սրտի, այսօր «մեր մասնավոր դպրոցների մեծ մասը զբաղված է ոչ թե բիզնեսով, այլ՝ բիզնեսի ամենաայլանդակ ձեւերով», սակայն հույս կա, որ այս օրենքը, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, ինչ-որ տեղ կօգնի նաեւ այդ հարցը լուծելուն: «Այս ամենը, այս քննարկումները, օրենքի փոփոխությունը միջոց են մի նպատակի՝ կրթության որակի բարձրացմանը հասնելու համար: Այս օրենքը հեղափոխական մոտեցում է մեր ողջ համակարգում՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Ենթադրել, որ այն իդեալական կլինի՝ միամտություն է: Պետք է աշխատել այն ավելի կատարյալ դարձնելու վրա: Ես կողմնակից չեմ օրենքի ընդունման հարցում ոչ շտապելուն, ոչ ձգձգելուն: Եկեք դանդաղ շտապենք»,- ամփոփեց նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել