Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ ՀԱՎԵՐԺ»

Մարտ 14,2009 00:00

\"\"Ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ կաշառակերությունը կլինի, քանի դեռ կա մարդը

Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը: Տեղեկացնենք, որ Արամ Սիմոնյանը երեկ հյուրընկալվել էր նաեւ Մամուլի ազգային ակումբին եւ էլի հիմնականում խոսել նույն թեմայի, այն է՝ ՄԻԱԿ-ի «Միասին» ենթաճյուղի անդամների՝ 30 «կաշառակեր» դասախոսների նկարները քաղաքով մեկ փակցնելու ակցիայի մասին:

ՄԱԱ-ում եւ «Տեսակետում» պարոն Սիմոնյանը միանշանակ բացասական էր գնահատել այդ ակցիան. «Որեւէ մեկը չի կարող պնդել, որ մեզանում չկա կոռուպցիա: Սակայն դրա դեմ պայքարի ընտրված մեթոդն ու տեխնոլոգիան լավագույնը չէ եւ միանգամայն մերժելի է: Այն իրավական տեսակետից հանցավոր եւ անբարոյական եմ համարում: Այս ձեւով սկսել է խունվեյբիների շարժումը, 37 թվին էին նման մեթոդներով մարդկանց հանիրավի մեղադրում»: Նա նկատեց, որ հանցագործության մեջ մեղադրելը որեւէ շարժման իրավունքը չէ, դրա համար կան իրավապահ մարմիններ. «Սա բացահայտ զրպարտություն է՝ որեւէ բանով չապացուցված եւ չհիմնավորված: Անմեղության կանխավարկած ասվածը չկա»: ՄԱԱ-ում Ա. Սիմոնյանը նաեւ փորձեց կոռուպցիայի պատմությունը ներկայացնել, բայց դա նմանվեց կաշառակերության անուղղակի արդարացման: Դատեք ինքներդ. «Գաղտնիք չէ, որ կաշառակերություն կա: Ոչ մի նախագահ, ոչ մի ռեկտոր եւ այլն երբեւէ չի էլ ժխտել դա: Կոռուպցիան կա՝ սկսած նախամարդու՝ ծառից իջնելու պահից: Կաշառակերությունը կա՝ սկսած բախշիչից, մաղարիչից, վերջացրած ձեռքի մեջ փող դնելուց: Դուք բոլորդ էլ, ձեր ծնողներն էլ դա արել են: Երբեք չի՞ եղել, որ ինչ-որ մի գործ առաջ տանելու կամ այլ բանի համար շիշ, շոկոլադ, նվեր, շոր, փող տաք… Ո՞ւմ եք ուզում զարմացնել: Կոռուպցիան կա, եղել է եւ կլինի հավերժ, քանի կա մարդը: Դա քաղցկեղ է, անբուժելի հիվանդություն, ուղղակի մենք պետք է պայքարենք, որ այն չտարածվի, փոքրանա: Դասախոսներն ամենաանպաշտպան խումբն են, եւ կաշառակերության ամենամեծ ոլորտը կրթությունը չի: Ի՞նչ եք ուզում դասախոսներից: Այո, այդ մարդիկ ունեն մարդկային թուլություններ: Տեսնելով, որ իր դիմաց նստած է մեկը, որի ամբողջ ուշքումիտքը գնահատականն է, մարդը, որ ցածր աշխատավարձ է ստանում, տեղի է տալիս: Մի՛ մեղադրեք, գտեք արմատները: Եթե ուսանող կա, որ սեպտեմբերին գալիս է դասի եւ չգիտի իր անունը գրել, նա էլ կաշառք է տալիս»: Ստացվում է, որ, փոխանակ սեփական անունը գրել չիմացող ուսանողներից ազատվեն, նրանցից կաշառք են վերցնում եւ գնահատական դնո՞ւմ: Բայց սրա համար էլ պարոն Սիմոնյանը բացատրություն ունի. «Ամեն տարի 16 հազար ուսանող է մտնում համալսարան, նրանց կեսը շատ թույլ է, պարտքեր ունի տարբեր առարկաներից: Եթե ես այդքանի կեսին հեռացնեմ, այսինքն՝ 4000 հոգու, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի՝ ես այդ օրը տուն չեմ հասնի, ինձ իմ կաբինետում կպայթացնեն: Էլ չեմ խոսում ֆինանսական կողմի մասին: Բազմապատկեք 4000-ը ամենաքիչը 250 հազարով (տարեկան վարձավճարի չափն է) ու տեսեք…»:

6 դասախոսով շոուին «մասնակցած» ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանն էլ ասաց. «Փաստեր ներկայացնելու դեպքում պատրաստ ենք համագործակցել ցանկացած կազմակերպության հետ եւ կոռուպցիոն երեւույթներով զբաղված դասախոսների նկատմամբ կիրառել վարչական համապատասխան մեթոդներ»: Քանի որ «Միասին»-ի ակցիան հիմնված էր ուսանողական հարցումների վրա, ԵՊՀ ռեկտորը շեշտեց. «Մեզ մոտ որեւէ կազմակերպություն նման հարցում չի իրականացրել: Եթե այդքան մտահոգված էին կոռուպցիայով, թող գային մեզ մոտ, ասեին՝ խայտառակություն է տիրում, միջոցներ ձեռնարկեք»: Խոսակցություններ կան, որ «Միասին»-ի միջոցով իշխանական թեւը փորձում է խմորումներ իրականացնել ԵՊՀ-ում: Այս մասին Ա. Սիմոնյանն ասաց. «Հեռու եմ այն մտքից, որ այս շարժման մասնակիցները կապ ունեն քաղաքական իշխանության որեւէ թեւի հետ: Բայց միեւնույն ժամանակ, ցավոք, օրենսդրական դաշտը չի նախատեսում զրպարտության դիմաց կոլեկտիվ հայտ ներկայացնել պատժի պահանջով, դա կարող են անել զրպարտության զոհերը»:

Լրագրողները ռեկտորներին խնդրեցին ներկայացնել, թե վերջին տարիներին բուհից քանի՞ դասախոս է հեռացվել՝ կաշառակերության պատճառով: Պարոն Սուվարյանը կոնկրետ տվյալներ չներկայացրեց, իսկ Ա. Սիմոնյանն ասաց, որ 10-ն են հեռացվել, բայց՝ ոչ միայն կաշառք վերցնելու պատճառով: Իսկ կարծիքին, թե այս ակցիան նախապատրաստություն էր իշխանության որոշմամբ ԵՊՀ ռեկտորին գահընկեց անելու համար, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Ընտրվել եմ համալսարանի կառավարման խորհրդի կողմից (նախագահն է Սերժ Սարգսյանը. -Տ. Հ.) եւ 72 հոգանոց այդ խորհուրդը միայն կարող է ինձ ետ կանչել: Կամովին չեմ պատրաստվում ինձ վստահված պաշտոնից հրաժարվել, մինչեւ ավարտը մտադիր եմ աշխատել: Պարզապես կան մարդիկ, որ շատ են երազում գալ այդ պաշտոնին, ժամանակին ես էլ եմ, չէ՞, ցանկացել, որ եկել եմ»: Նա նշեց նաեւ, որ այս տարի ապրիլ-մայիսին, սեպտեմբերին կկայանան իրավաբանական, փիլիսոփայության եւ հոգեբանության, ռոմանագերմանական, քիմիական, ռադիոֆիզիկայի եւ նախապատրաստական ֆակուլտետների դեկանների ընտրությունները, իսկ պատմության եւ տնտեսագիտության ֆակուլտետների դեկաններն արդեն ընտրվել են:

Հ. Գ. Երեկ «Միասին»-ի ակցիան դատապարտել է նաեւ ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը. «Արատավոր երեւույթի դեմ պայքարը չպետք է վերածվի հաշվեհարդարի, կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է վերածվի անմեղ մարդկանց վարկաբեկելու գործընթացի: Պետք է սեղանին դրվեն փաստեր: Կլինեն դրանք՝ ես առաջինը կպահանջեմ այդ փաստերի լիարժեք հետաքննություն եւ մեղավորների պատժում՝ օրենքի ամենայն խստությամբ, չեն լինի այդ փաստերը՝ ես առաջինը կպահանջեմ անմեղ մարդկանց վարկաբեկելու համար պատասխանատվության ենթարկել ցանկացած նման ակցիայի կազմակերպչի եւ իրականացնողի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել