Հայկական մշակույթն աշխարհում շատ ավելի հայտնի է, քան կարծում են Հայաստանում: Հայրենիքում նույնիսկ չեն պատկերացնում, որ հենց սա է հայերի հանդեպ նախկին սովետական ազգերի նախանձն առաջացնում:
Ամեն աշուն Մոսկվայում Սերգեյ (իրականում՝ Սարգիս, իհարկե) Փարաջանովին նվիրված երեկոներ են անցկացվում: Ամենաանմոռանալի հանդիպումները կազմակերպում են Գաբբե ամուսինները: Փարաջանովը սիրված է շատ երկրներում: Եվ զարմանալի չէ, որ նման հանդեսներին շատերը ժամանում են հեռու երկրներից: 2004 թվականն էր. Վարպետի հոբելյանն էր, եւ երեկոն մեծ փառատոնի վերածվեց՝ ընդգրկելով նաեւ Փարաջանովի ֆիլմերում նկարահանված դերասանների ստեղծագործական հանդիպումները: Սոֆիկո Ճիաուրելիի երեկոն էր (դերասանուհին մահացել է 2008թ.): Սայաթ-Նովայի եւ Աննայի գեղեցիկ կերպարները ստեղծած խորհրդավոր Սոֆիկոն անճանաչելի էր: Ո՞ւր էր կորել «Նռան գույնի» թագուհին: Բեմում կանգնած տիկինը հասարակ էր, շատ հասարակ. խոշորակազմ եւ կենսուրախ արեւելյան տատիկ: Դահլիճի մի հատվածում նստած էին հիմնականում վրացիները, մյուսում՝ հիմնականում հայերը: Ես եւ Զավեն Սարգսյանը՝ Փարաջանովի Երեւանի տուն-թանգարանի տնօրենը, հայտնվել էինք «վրացական» թեւում: Ցուցադրում էին ոչ միայն «Նռան գույնի», այլեւ՝ դերասանուհու մյուս հայտնի ֆիլմերից հատվածներ: Ոչ մի տեղ Ճիաուրելին չուներ այն անսովոր, եզակի գեղեցկությունը, որը, փաստորեն, միայն Փարաջանովն էր ի հայտ բերել:
Ուրիշ ֆիլմերում Սոֆիկոն հասարակ կին էր: Միգուցե՝ գեղեցիկ, բայց մյուսներից չտարբերվող: Եվ, իհարկե, հասկանալի էր դերասանուհու շնորհակալության աստիճանը, եւ բարի բառերի առատությունը: Եվ հանկարծ դերասանուհին ասաց՝ «Շնորհակալություն երեւանցիներին, որ պահպանեցին Վարպետի թանգարանը, բայց այսօր ժամանակն է վերադարձնել այն Թբիլիսի»: Դահլիճը ծափահարություններից դղրդում էր: Բարկացած հարցրի Սարգսյանին՝ «Սա ինչ էր: Մոռացե՞լ են, որ թանգարանը հազիվ ենք իրենցից փրկել»: «Հանգի՛ստ: Շրջվիր եւ մերոնց նայիր»: Դահլիճի հայկական հատվածն էլ էր ծափահարում, ուղղակի, ի տարբերություն վրացիների, հայերը ծիծաղում էին, իսկ ոմանք գոռում՝ «անպայման, հենց վաղվանից տալիս ենք»: Սկանդալ չհասունացավ: Ճիաուրելին, տեսնելով ռեակցիան, շտապեց թեման փոխել: Իսկ զրուցակիցս ինձ բացատրում էր.
– Իզուր ես այդպես հուզվում նման բաներից: Հասկացիր, իրենք խանդում են, նախանձում: Վրացական արվեստը աշխարհում ո՞վ է ճանաչում: Միայն նախկին ԽՍՀՄ-ի երկրները: Իսկ հայկականը ամբողջ աշխարհով հայտնի է:
– Բայց մի՞թե կարելի է նման հայտարարությունները անպատասխան թողնել:
– Ինչի՞ն պատասխանել: Թույլ մարդկանց դատարկ խոսքերի՞ն:
Ես լռեցի: Իմ կարծիքով պետք էր, անհրաժեշտ էր բեմ բարձրանալ եւ հիշեցնել վրացիներին, որ թանգարանը ոչնչացումից է փրկվել: Որ իրենք, Փարաջանովին ոչ-վրացի են կոչում եւ ուզում էին քամուն տալ ցուցանմուշներն էլ, շենքն էլ: Որ հազիվ ենք հասցրել այդ ամենը Երեւան փախցնել: Եվ, վերջապես, որ այս ամենը ինձ վրացի մի լրագրող է պատմել եւ ասել. լավ է՝ հասցրիք, կորչելու էր, ափսոս է: Իսկ այն օրը ինձ թվում էր, թե անհրաժեշտ է հակաճառել: Հարցնել՝ որտե՞ղ էիք, երբ շինարար Սամվել Ղազարյանը հատուկ թանգարանի համար ինքնատիպ շենք եւ համալիր էր կառուցում, երբ Զավեն Սարգսյանը տարիներ շարունակ պահպանում էր այս օջախը: Եվ չէի հասկանում, թե ինչու հայ համայնքի միակ պատասխանը՝ ծափահարություններն էին:
Այն ժամանակ՝ հինգ տարի առաջ, չէի հասկանում, հիմա հասկանում եմ: Թանգարանը վերադարձնելու կանչը այդպես էլ շարունակություն չունեցավ եւ, ըստ երեւույթին, չի էլ ունենալու: Ինչպես ոչ մի ռեժիսոր չկարողացավ ցույց տալ Սոֆիկոյի թաքնված գեղեցկությունը, չկարողացավ հասարակ կնոջը թագուհի դարձնել: Ոչ ոք չկարողացավ՝ Փարաջանովից բացի:
Իսկ տարիներ հետո հասկացա նաեւ դահլիճի վերաբերմունքը դերասանուհու կոչին: Իրական վտանգը երբեք բարձրաձայն չի արտահայտվում: