Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է ՓՐԿՎԵԼ 15000 ՀԱ-Ն

Մարտ 14,2009 00:00

Անգամ խորհրդային տարիներին ազերիները հայերի հետ հարաբերվում էին կացնով

«Առավոտի» փետրվարի 25-ի համարում անդրադարձել ենք Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մատույցներում 1980-ականների վերջերին կառուցված 29 առանձնատներին, որոնց շինարարությունը պատերազմի պատճառով կիսատ է մնացել, եւ որոնց տերերը այժմ կիսակառույցները քանդում եւ որպես շինանյութ վաճառում են: Այս հրապարակմանը արձագանքեց Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկը՝ 1978-1990 թթ. հատվածում հանրապետության կառավարության նախագահի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ, 1990-ին՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը: Այսօր նա ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահն է եւ ցավով էր կարդացել մեր հրապարակումը: Իսկ ցավելու համար պարոն Մովսիսյանը նաեւ անձնական պատճառներ ունի:

Ոտքերը Սեւանում լվանալու ցանկություն ազերիները ունեցել են միշտ: Երբեմն քողարկել են, երբեմն կիսաձայն են արտահայտվել, բայց երբեք այդ մտքից չեն հրաժարվել: Անգամ խորհրդային կայսրության տարիներին են փորձել իրենցով անել հայկական հողերը: ԽՍՀՄ փլուզումից ոչ շատ առաջ՝ 1984 թվականին, Հայաստանի կառավարիչները հաջողել են բառիս բուն իմաստով ազատագրել 15000 հեկտար հայկական հող: Այս գործում մեծ է Վլադիմիր Մովսիսյանի վաստակը: «Ադրբեջանցիները առանձին մոլեռանդությամբ են վերաբերվում հողի հարցին, որովհետեւ պապենական հողեր չունենալով, զավթել են ուրիշի հողերը եւ դրանք չկորցնելու համար պատրաստ են ամենածայրահեղ միջոցների: Եվ այդ մղումով էլ, 1920-ական թվականներից սկսած մինչեւ 80-ականները, քայլ առ քայլ, մետր առ մետր՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներից հողեր էին զավթել»,- այսպես սկսեց մեր զրույցը Վլադիմիր Մովսիսյանը:

1982 թվականին նա Իջեւանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռոբերտ Սուխուդյանից ահազանգ է ստանում, թե Ասկիփարա գյուղի բնակիչ ազերիները հայկական Կիրանց գյուղի վարած-ցանած դաշտերը վարել ու իրենք են ցանել: «Ես էլ ասացի՝ դուք էլ նույնը արեք, իրենց ցանածը վարեք ու նորից ցանեք»,- հիշում է Վլադիմիր Մովսիսյանը: Այդպես էլ արել են, իսկ ադրբեջանցիները բողոքել են Մոսկվա: Մոսկվան հրահանգել է հարցը ուսումնասիրել: Հայկական կողմից հարցով զբաղվել է կառավարության նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը, ադրբեջանական կողմից՝ նրա գործընկեր Շամիլ Ռասիզադեն:

Վլադիմիր Մովսիսյանը եւ Շամիլ Ռասիզադեն մի քանի հանդիպումներից հետո միասին գնում են Իջեւան՝ տեղում ուսումնասիրելու հարցը: Հետո պիտի գնային հայկական Դովեղ եւ ադրբեջանական Քյամառլու գյուղեր: Շամիլ Ռասիզադեն հայտարարում է, թե Քյամառլուում լարված վիճակ է, մարդիկ բորբոքված են: «Հետագայում պարզվեց, որ ինքն էր մարդկանց գրգռել, հակառակ դեպքում՝ նրանք որտեղից պետք է իմանային Դովեղի անտառում մեր հանդիպման մասին: Երբ բարձրացանք բացատ, չորս կողմից մեր վրա հարձակվեցին փայտերով, մահակներով զինված մարդիկ, մեքենան գլխիվայր շրջեցին, հետո նորից՝ անիվների վրա: Մեզ մեքենայից հանեցին ու սկսեցին ծեծել: Երբ մեկը փորձեց ինձ փայտով խփել, փայտը ձեռքից վերցրի, նորից վերադարձրեցի եւ ասացի, որ իրեն մարդավարի պահի եւ ոչ թուրքի նման: Սա ազդեց: Բայց մի կին շորերը պատառոտեց, կուրծքը դուրս հանեց, իսկ դա ջիհադի՝ սրբազան պատերազմի կոչ է»,- հիշում է Վլադիմիր Մովսիսյանը, ում սառնասրտությունը, սակայն, մասամբ է օգնել: Վայրի ամբոխը նրան եւ նրա հայ գործընկերներին ծեծելով տարել է Քյամառլու: Այստեղ վայրենիներին միացել է եւս մոտ 250 մարդ, հավաքվել գյուղի ակումբում եւ Վլադիմիր Մովսիսյանին սպառնացել՝ կամ գլուխդ կացինով կտրում ենք, կամ ստորագրի փաստաթուղթ, թե վերը նշված մի քանի անգամ վարած-ցանած դաշտը, դաշտի մատույցների մոտ 1800 հեկտար անտառը՝ իր աղբյուրներով, Ադրբեջանինն են: «Ես իրենց լեզվով ասացի, որ եթե անտառում ծեծուջարդի ժամանակ չվախեցա, հիմա էլ չեմ վախենում եւ չեմ ստորագրի: Այս ամենը տեւեց 3.5 ժամ: Ես կատարվածի մեջ մեղադրեցի միայն Շամիլ Ռասիզադեին եւ շրջանի կուսշրջկոմի քարտուղարին ու ասացի, որ տեղի ունեցածի մասին կզեկուցեմ ուր-որ հարկն է: Իմ այս խոսքից հետո նրանք ելույթ ունեցան, ու ժողովուրդը հանդարտվեց: Հենց սրանով ապացուցվեց, որ իրենք էին կազմակերպիչները»,- պատմում է Վլադիմիր Մովսիսյանը:

Կատարվածի մասին Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Կարեն Դեմիրճյանին, Հրանտ Ոսկանյանին, Մոսկվային տեղեկացրել: «Չեմ մոռանա, թե ինչպես Կարեն Դեմիրճյանը, պատմածս լսելով, անձայն արտասվում էր: Ես առաջին անգամ նրա աչքերում արցունք տեսա: Իսկ Մոսկվայից ինձ խոստանում էին, որ բոլորը կդատվեն, բայց ես ասում էի՝ դա ինձ պետք չէ: Հարկ է աշխատանքից հանել կազմակերպիչներին եւ եկեք սահմանները հստակեցնենք: Այդպես էլ եղավ»:

Ազերիները, սակայն, դեռ չհաշտված պարտության հետ, առաջարկել են սահմանների հստակեցման փաստաթուղթը անվանել «Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման մասին»: Իսկ սա կնշանակեր, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի: Վլադիմիր Մովսիսյանի առաջարկությամբ՝ փաստաթուղթը անվանվել է «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման մասին»: «Արդյունքում՝ մենք վերականգնեցինք սահմանները Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի, հետ վերցրինք բազում վեճերի ու ընդհարումների պատճառ դարձած մի շարք տարածքներ՝ ընդհանուր՝ 14450 հեկտար, այդ թվում՝ Դովեղի հազվագյուտ ծառատեսակներով 1850 հեկտար անտառը՝ չորս աղբյուրներով: Նույն շրջանի Ոսկեպար գյուղի մերձակայքում մի եկեղեցի կա, որին այս դեպքերից հետո Հայրենադարձ եկեղեցի անունը տվեցինք: Սրանից հետո հետ վերցված տարածքում՝ եկեղեցու հարեւանությամբ, շրջանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանի աջակցությամբ, կառուցեցինք ձեր թերթում նշված 29 առանձնատները, որ ադրբեջանցիներն առաջ գալու տեղ չունենան»,- հիշում է Վլ.Մովսիսյանը:

«Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ հնարավորություն է տվել այդքան թանկագին հայոց հողի վրա ոչ միայն աշխատել, այլեւ դժվարին պայքար մղել Հայաստանին վերադարձնելու հարեւան հանրապետության կողմից անաղմուկ նվաճված մի քանի հազար հեկտար հողատարածություն»,- ամփոփեց Վլադիմիր Մովսիսյանը:Իսկ կիսատ մնացած տների վերաբերյալ պարոն Մովսիսյանն ասաց. «Գտնում եմ, որ այդ կարեւոր գործը պետք է շարունակել: Ոսկեպարցիներին խնդրում եմ հարազատ մնալ իրենց հայրենասիրությանը եւ տղամարդկային ըմբոստությանը, շարունակեն եւ ավարտեն այդ տների շինարարությունը եւ տեր կանգնեն իրենց հողին եւ օջախին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել