Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիային չենք հրավիրել Հայաստանում ատոմակայան կառուցելու

Մարտ 14,2009 00:00

\"\"Բայց Թուրքիայից հետաքրքրություն կա՝ բաժնեմաս ունենալու այդ ձեռնարկում

«Դաշնակցության համար հասկանալի ու ընկալելի չէ ՀՀ վարչապետի՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու թուրքական կողմին արած հրավերը»,- հայտարարել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նշելով, որ եթե քաղաքական հարթությունում նման առաջարկ են անում, ապա ներդրումն էլ գերազանցապես ընկալվում է որպես քաղաքական, ոչ թե շուկայական ներդրում:

Այս հայտարարությունը նկատի ունենալով էր, որ «Առավոտը» Տիգրան Սարգսյանին հետեւյալ հարցն ուղղեց՝ եթե մինչ այսօր կոալիցիայի շրջանակներում ուներ մի քննադատ՝ հանձին «Բարգավաճ Հայաստանի», որը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս իբրեւ ընդդիմախոս, այժմ դիպչելով ՀՅԴ-ի «նվիրական զգացումներին»՝ ձեռք է բերում երկրորդ ընդդիմախոսին:

Ի պատասխան, վարչապետը նախ նշեց, թե կոալիցիայի հետ մարտի 11-ի հանդիպման ժամանակ «հարցերի ճնշող մեծամասնության շուրջ ունեինք լիակատար համաձայնություն: Բոլոր հարցադրումները, որոնք հնչեցրին մեր գործընկերները՝ դրական արձագանք ստացան մեր կողմից»:

Իսկ Թուրքիային արված հրավերի կապակցությամբ էլ ասաց. «Կարծում եմ, այստեղ կա թյուրըմբռնում: Ճիշտ եք, հայ-թուրքական հարաբերությունները զգայուն հարց են մեր գործընկերների համար: Բայց թյուրըմբռնումն այն է, որ որեւիցե հրավեր մեր կողմից չի եղել Թուրքիային՝ մասնակցելու ատոմակայան կառուցելու աշխատանքներին»: Պարզաբանեց, որ խնդիրը այլ է. «Մենք ենթադրում ենք, թե ատոմակայանի կառուցման բաժնեմասի մի որոշակի տոկոս կարող է հանվել ազատ բաժանորդագրության: Եվ այդ պարագայում չի բացառվում, որ հետաքրքրություն ունեցող բոլոր անձինք կարող են ձեռք բերել բաժնետոմսերը: Ես համոզված եմ, որ շատ մեծ հետաքրքրություն կա, այդ թվում՝ ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հունաստանում: Եվ մենք չենք կարող բացառել, որ այնտեղի ներդրողները կարող են ձեռք բերել ազատ բաժանորդագրության առաջադրված բաժնետոմսերը: Բայց նույնիսկ այդ գաղափարը դեռեւս քննարկման փուլում է եւ այդպիսի որոշում դեռ ընդունված չէ, թե ինչպիսի փայամասնակցություն պետք է ունենան»:

Խնդրեցինք վարչապետին ճշտել՝ ուղղակի ենթադրո՞ւմ է, որ Թուրքիան կարող է հետաքրքրված լինել մասնակցություն ունենալու, թե՞ կա նման տեղեկատվություն: «Թուրքական մասնավոր հատվածի մեր այն գործընկերներից, որոնք Հայաստանի հետ աշխատում են (ձեռներեցների միությունը հարաբերություններ ունի թուրք գործընկերների հետ), այո՛, մենք ունենք այդպիսի ազդակներ, որ էներգետիկայի բնագավառը չափազանց հետաքրքրական է նրանց համար, քանի որ էներգետիկայի ոլորտում մենք ունենք բավական լուրջ առնչություններ: Մենք կարող ենք լինել էլեկտրաէներգիայի բավական լուրջ արտահանող, եւ հասկանալի է, որ մեր հարեւան պետությունները հետաքրքրություն ունեն այս ոլորտի նկատմամբ: Եվ այդպիսի ազդակներ, իհարկե, ստացել ենք, ու դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ մասնավոր հատվածը հետաքրքրված է այսպիսի ձեռնարկով»,- ասաց Տ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել