Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՈՒՆ ԲՆԱԿՉԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԾԱՌԻ ՏԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱՆԵԼ

Մարտ 14,2009 00:00

Էրեբունու թաղապետարանը, Գագիկ Գասպարյանի՝ կալանքում եղած ժամանակ, վերջինիս տունը, ազատամարտիկին հատկացնելու պատրվակով, ձեռքից խլել է ու վաճառել:

\"\"
Գագիկը Էրեբունու թաղապետարանի մեղքով մնացել է անտուն:

27 տարվա դատվածությունից հետո, 45-ամյա Գագիկ Գասպարյանն այս տարվա փետրվարին ազատ է արձակվել: 17 տարեկան հասակում Գագիկը դատապարտվել է ազատազրկման: Կալանավայրում անցկացրած տարիներից հետո, Գագիկը որոշել է աշխատել, գումար վաստակել, ընտանիք կազմել ու ապրել այնպես, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Սակայն, կալանավայրից վերադառնալուց հետո, Գագիկը պարզել է, որ Էրեբունի համայնքում գտնվող Արցախի փողոցի 8/2 շենքի թիվ 52 բնակարանը՝ իր հայրական տունը, վաճառվել է, իսկ միակ հարազատը՝ մայրը, տեղափոխվել է ծերանոց: Ընդ որում, Գագիկի պատմելով, տունը վաճառվել է այն ժամանակ քաղաքապետի պաշտոնակատար, իսկ ներկայումս փոխքաղաքապետ Կամո Արեյանի որոշմամբ: Բանն այն է, որ երբ Գագիկը կալանավորվել է, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը միջնորդել է, որ այդ բնակարանը հատկացվի ազատամարտիկ, 2-րդ խմբի հաշմանդամ Արտեմ Պողոսյանին: Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկանքում նշված է. «Էրեբունու թաղապետի 1997 թվականի որոշմամբ, Արտեմ Պողոսյանը ընտանիքի 3 անձով վերցվել է բնակհաշվառման. առաջնահերթության իրավունքով եւ ներկայումս ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ցուցակում 18-րդն է: Հաշվի առնելով թաղապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարի, «Երկրապահ» կամավորականների միության եւ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության միջնորդությունները եւ բնակարանը ստանալու վերաբերյալ ընտանիքի չափահաս անդամների համաձայնությունները, Արցախի փողոցի 8/2 շենքի թիվ 52 երեք սենյականոց բնակարանը, բացառության կարգով, հատկացնել Արտեմ Պողոսյանի ընտանիքին»: Կալանավայրից վերադառնալուց հետո Գագիկը գնացել է իր հայրական բնակարան եւ պարզել, որ այնտեղ ոչ մի ազատամարտիկ էլ չի բնակվում եւ երբեւիցե չի էլ բնակվել: Ներկայումս այդ հասցեում բնակվող ընտանիքը նրան տեղեկացրել է, որ իրենք 26 միլիոն դրամով այդ բնակարանը գնել են Էրեբունու թաղապետարանից: Գագիկի խոսքերով. «Այդ ազատամարտիկի անունով ձեւակերպումը ձեւական բնույթ է կրել, նման բան չի եղել: Պարզապես, աչքակապություն են արել՝ մեր տունը մեր ձեռքից խլելու եւ սեփականաշնորհելու համար»: Ուշագրավ է, որ, ազատամարտիկին աջակցելու համար, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը ընտրել է հենց այն բնակարանը, որը օրինական տեր է ունեցել եւ այդ տերը բնակարանը վաճառելու ցանկություն երբեւիցե չի հայտնել:

Այս ամենի հետեւանքով, նախկին բանտարկյալ Գ. Գասպարյանը, կալանքից ազատվելուց հետո, մնացել է անտուն: Նրա պատմելով, ինքը 1 ամսից ավելի քնել է այնտեղ, որտեղ մութն ընկել է՝ ծառերի տակ, գետնանցումներում ու շենքերի մուտքերում: Գագիկը որոշել է աշխատանք փնտրել ու ստացած աշխատավարձով գոնե բնակարան վարձել ու ծերանոցում ապրող մորը՝ տիկին Անահիտին, տիրություն անել: Սակայն, երբ դիմել է տաքսի ծառայություն, որպես վարորդ աշխատելու համար, Գագիկից անձնագիր են պահանջել: Ու քանի որ Գագիկը դեռեւս անչափահաս է եղել, երբ բանտում է հայտնվել, նա չի հասցրել անձնագիր ստանալ: Դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ անձնագրի հետ կապված հարցերը լուծելու համար, անձնագրային բաժնի աշխատակիցը նրանից պահանջել է ներկայացնել փաստաթուղթ այն մասին, թե որտեղ է ինքը գրանցված: Գագիկի ներկայացմամբ. «Ասացի, որ ես ոչ մի տեղ էլ գրանցված չեմ եւ քնելու տեղ անգամ չունեմ: Ինձ ասեցին, բա դու որտե՞ղ ես քնում. ես էլ պատասխանեցի՝ մի օր մի ծառի տակ, մի ուրիշ օր էլ մի այլ ծառի տակ: Օվիրի աշխատողն էլ պատասխանեց՝ դե, ուրեմն գնա էդ ծառերի տակից էլ տեղեկանք բեր»: «Առավոտը» զրուցեց վարչության անձնագրային բաժնի աշխատակցի հետ, որն էլ մեզ պատասխանեց գրեթե նույն բանը, ինչ Գ. Գասպարյանին. «Նա կարող է գրանցում չունենալ, սակայն բնակության հասցե պետք է ունենա: Օրենքով այդպես է սահմանված: Եթե ծառի տակ է քնում, ապա ո՛ր համայնքի ծառի տակ քնում է, այդ համայնքի անձնագրային բաժին էլ պետք է դիմի»:

Նշենք նաեւ, որ իր վաճառված բնակարանի խնդրով Գագիկը դիմել է նաեւ Էրեբունու թաղապետարան: Նրա խոսքերով, Էրեբունու թաղապետարանի բնակվարչության պետ Արամ Մաճկալյանը նրան խորհուրդ է տվել իզուր դես ու դեն չընկնել. «Ինձ ասաց՝ բանտում ջուրը կա, լույսը կա, ուտելիքը կա, էստեղ ի՞նչ ես կորցրել, դեմքիդ նայում եմ ու տեսնում, որ դու էստեղ երկար համբերողը չես, միեւնույն ա, մի բան կանես ու էլի բանտում կհայտնվես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել