Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին մեղադրանք է ներկայացնում

Մարտ 14,2009 00:00

\"\"Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ մեր կառավարության նման գործելակերպի շնորհիվ, դոլարի փոխարժեքը կդառնա 800-850 դրամ:

Հայաստանի պաշտոնյաների այն հայտարարությունները, որ եթե լողացող փոխարժեքին անցնեինք աստիճանաբար, ապա կորուստներն ավելի մեծ կլինեին, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը համարում է ոչ խելամիտ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բագրատյանն ասաց. «Այդ դիտարկումները ես խելամիտ չեմ համարում, որովհետեւ դրամը գահավիժեց այն ժամանակ, երբ բանկերն իրենց ակտիվները արդեն փոխել էին դոլարի: Այսինքն՝ բոլոր բանկերն այդ արժեզրկմանը պատրաստ էին: Եվ ամբողջ վնասը իր ուսերին կրեց ժողովուրդը: Եթե մարդը ունի, ասենք, $10 հազար ավտոմեքենայի վարկ, եւ եթե նախկինում դրա դիմաց պետք է փակեր 3 միլիոն դրամ, ապա հիմա պետք է փակի 3 միլիոն 700 հազար դրամ: Իսկ այդ տարբերությունն ո՞վ պետք է փակի, այդ մարդը, չէ՞, բնականաբար: Իսկ եթե դրամն արժեզրկվեր աստիճանաբար՝ հոկտեմբերից սկսած, ապա այդ գումարի ուղիղ կեսը կմնար բանկի ուսերին»:

Հիշեցնենք, որ պարոն Բագրատյանը տարեսկզբին ասուլիսում հայտարարել էր, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա դոլարի փոխարժեքը կլինի 400-ից 850-ի միջակայքում: Մեր այն հարցին, թե արդյո՞ք պարոն Բագրատյանը վստահ է, որ իր այս կանխատեսումները կիրականանան, նա պատասխանեց. «Եթե մեր կառավարությունը շարունակի ոչինչ չանելու իր այս քաղաքականությունը, իսկ Ռուսաստանի վիճակը չլավանա, ապա կուրսը կբարձրանա մինչեւ 800-850 դրամ: Խոսքը մինչեւ 2010 թվականի մայիսի մասին է: Եթե մի պահ պատկերացնենք, որ կառավարությունը հրաշքով խելոքացել է, կարող է եւ ուզում է աշխատել, ապա կարող ենք օգտագործել դոլարի փոխարժեքը 400-450 դրամի միջակայքում պահելու մեր շանսը»:

Իսկ վերջերս կառավարության հրաժարականի մասին շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ «Առավոտի» հարցին էլ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Ուզում եմ ասել, որ դա վաղուց պետք է լիներ: Նրանք անելիք չունեն: Ես միշտ ասել եմ՝ կիսագրագետ մարդկանց թիմը սարսափելի է: Չնայած վստահ եմ, որ նրանց հենց կփոխարինեն անգրագետները, բայց դա ավելի լավ է, քան թե կիսագրագետները: Ես դա պնդում եմ, եւ նրանց արած հիմարությունները վկայում են, որ նրանք կիսագրագետ են: Սարքած երկիրը ո՞նց են կանգնեցնում կատաստրոֆայի առաջ»:

Տնտեսագետը, իր իսկ խոսքերով, եւս մեկ մեղադրանք ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Իսկ էն ժամանակ, որ տրանսֆերտները «գյուռ-գյուռ» գալիս էին, ինչի՞ չէր նա արժեթուղթ վաճառում ու այդ դոլարը շրջանառության մեջ դնում, ինչի՞ թողեցին, որ ընդհանրապես դրամը արժեւորվի»:

Երեկ պարոն Բագրատյանը նաեւ ասուլիս էր հրավիրել, որտեղ կանխատեսել է, թե առաջիկայում ինչ է մեզ սպասվում. «Ոչ մի լավ բան չեմ տեսնում: Ես ասել էի, որ իրավիճակը պահելու համար մեզ պետք էր 3 միլիարդ դրամ, սակայն մեր կառավարությունը կարծում է, որ մեկ միլիարդով էլ յոլա կգնան: Նախագահը չի հարցնում ԿԲ ղեկավարին, թե ինչու է դրամը 2 անգամ արժեւորվել, որի պատճառով էլ արտահանումը ոչնչացվել է, իսկ հիմա էլ փոխարժեքը գահավիժում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել