Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ» ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ Է, ԲԱՅՑ ՓՈՂ ՉԿԱ

Մարտ 14,2009 00:00

\"\"Թունաքիմիկատների «գերեզմանոցի» փլուզումը աղետաբեր կլինի

Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում գտնվող թունաքիմիկատների «գերեզմանոցը» արդեն 10 մետր տեղաշարժվել է: Դեռեւս տարիներ առաջ բնապահպանները ահազանգում էին, որ այն փլուզման եզրին է, եւ պետք է շտապ միջոցառումներ ձեռնարկել: Այդ ահազանգերին վերջերս կարծես թե արձագանքեց կառավարությունը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտարարեց, որ գտել են «գերեզմանոցը» ոչնչացնելու տարբերակը, ինչի համար անհրաժեշտ է մոտ 3 միլիոն եվրո: Թվում է՝ Հայաստանը վերջապես կազատվի վտանգավոր «գերեզմանոցից», սակայն պարզվում է, որ առաջիկա մի քանի տարում այդ ծրագիրը դժվար թե իրագործվի:

Փրկարար ծառայության տեխնածին վթարների հակաքիմիական եւ հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ Կարապետ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ առայժմ ռուսական «Էկոտրանս» ընկերությունը ուսումնասիրել է «գերեզմանոցը» եւ պատրաստակամություն հայտնել այն տեղափոխել մոտ 3 միլիոն եվրոյով. «Առայժմ այդքան գումար չունենք: Մենք պետք է գումար հայթայթենք, դոնորներ գտնենք: Սակայն մինչ տեղափոխելը շատ աշխատանքներ կան. պետք է այդ թունաքիմիկատները հանենք «գերեզմանոցից», իրարից առանձնացնենք, հատուկ ձեւով փաթեթավորենք, միջազգային կոնվենցիաների համաձայն տեղափոխենք: Սա էլ լուրջ ծախսերի հետ է կապված: Հնարավոր է՝ «Էկոտրանսը» մեզ մոտ պահեստարան վարձակալի, եւ մասնագետների խմբով կատարեն այդ բոլոր աշխատանքները»:

Թե որքանով է հրատապ «գերեզմանոցի» տեղափոխումը, պարոն Կարապետյանն ասաց. «Իրավիճակն այնքան էլ սուր չէ: Չի կարելի ասել, որ վաղն արդեն ուշ կլինի: Այդտեղ սողանքն այնքան էլ ակտիվ չէ, մենք տեղանքը ամիսը մեկ ուսումնասիրում ենք: Հիմնական վտանգը, ճիշտ է, սողանքն է, որ հանկարծ չսկսվի ու տանի լցնի մոտակայքում գտնվող գետակը, իսկ մարդիկ կամ անասունները կարող են այդտեղից ջուր խմել: Կամ, ասենք, ձյունը, որ հալչում է՝ հնարավոր է թունաքիմիկատները հալոցքի հետ լցվեն Հրազդանը: Սողանքը հակում ունի ակտիվանալու, եթե դրա դեմ աշխատանքներ չտարվեն՝ խնդիրը լուրջ կլինի: Կամ, ասենք՝ ուժեղ ցնցում, երկրաշարժ լինի՝ վտանգավոր է»:

Պարոն Կարապետյանի ներկայացմամբ, դեռեւս 1973 թվականին կառուցված թունաքիմիկատների «գերեզմանոցը» չի համապատասխանել պահանջվող չափանիշներին. «Ոլորտի խորհրդային տարիների պատասխանատուները պարզապես 100 մետր երկարությամբ 20 մետրանոց փոս են փորել եւ շուրջ 500 տոննա թունաքիմիկատ թաղել: Իսկ հետագայում էլ դրա հարակից տարածքում հողհատկացումներ են կատարել, այգիներ տնկել, ամառանոցներ կառուցել: Կ. Կարապետյանի խոսքերով՝ «գերեզմանոցի» տարածքը զննելիս՝ գոմաղբ է եղել, ինչը խոսում է այն մասին, որ այդտեղ գուցե անասուններ են արածում»:

«Առավոտի» հետ զրույցում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանն էլ այս առնչությամբ ասաց. «Ոչ ոք չի կարող ասել, թե երբ տեղի կունենա «գերեզմանոցի» փլուզումը, կարող է՝ 10 տարի հետո, կարող է՝ մեկ: Քանի որ «գերեզմանոցի» նախագծերը չեն պահպանվել, եւ արդեն այն 10-12 մետր տեղաշարժվել է, ապա հայտնի չէ, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Հետազոտության համար նմուշներ վերցնելու ընթացքում շիլայանման խառնուրդ է դուրս եկել գազերի արտանետումով: Հնարավոր է, որ այնտեղ քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Իմ կարծիքով, այդ «գերեզմանոցը» շատ վտանգավոր է: Ո՞վ էր սպասում Արարատի մարզի Ուրցաձորի սողանքը, այն ամբողջությամբ տարածքի եւ գետի հունը ծածկել էր: Եթե սողանքը ակտիվանա, կարելի է պատկերացնել, թե ինչ հետեւանքներ կլինեն»: Տիկին Սիմոնյանի խոսքերով՝ «գերեզմանոցի» շրջակայքն ուսումնասիրելուց հետո, հայտնաբերվել են բազմակի բարձր քանակներով կայուն քլորօրգանական թունաքիմիկատներ՝ «ԴԴՏ», «Հեքսաքլոր», «Ցիկլոհեքսան». անձրեւաջրերի միջոցով թույները կարող են արտանետվել գետերը, լցվել Գետառը, ապա՝ Հրազդանը, որը նաեւ հարեւան պետություն է գնում: «Գերեզմանոցը» սողանքի գոտում է, եւ դա արդեն վտանգավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել