Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՔՍԻՍՏԸ՝ ՀԱԿ-Ի «ԹՈՒՅԼ ՕՂԱԿ»

Մարտ 14,2009 00:00

Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին «Ժառանգությանը» քննադատում են ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության ճամբարներից: Հայ ազգային կոնգրեսի անդամ՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մեր թերթում մասնավորապես կշտամբել էր, թե՝ «ուզում է ընդդիմության քաղաքական իմիջի տակ տեղեր զավթել», հավելելով՝ «Դուք ունեք 6 տեղ պառլամենտում, թող այդ ավագանիներն էլ ՀԱԿ-ը ստանա»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասուլիսում հայտարարել էր. «Չեմ կարծում, որ «Ժառանգությունն» այն թիմն է, որը կարողանա 7%-ի շեմը հաղթահարել»:

Մեր խնդրանքով անդրադառնալով այս գնահատականներին՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նախ խոսեց գլխավոր մարքսիստի մասին. «Ցանկացած, անգամ ամենակուռ կառույցներում լինում են թույլ օղակներ: Այս մի դեպքում դա ֆելդմարշալ կամ Բոնապարտ (ինքն իրեն տարբեր որակումներ է տալիս) Դավիթ Հակոբյանն է, որը հատուկ ուղղորդվում է իշխանությունների կողմից՝ մի նպատակով՝ լարվածություն ստեղծել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ, ինչը, վստահ եմ, նրան չի հաջողվի: Մենք ընդհանրապես հակված ենք չարձագանքել նմանատիպ պատվեր կատարողների կողմից մեր հասցեին հնչող վիրավորանքներին, հերյուրանքներին կամ զրպարտություններին: Ուղղակի այս դեպքում հաշվի առնելով նաեւ իր՝ ՀԱԿ-ի անդամ լինելը, ստիպված եմ անդրադառնալ այս հարցին: Ամեն դեպքում, չենք կարծում, թե դա ՀԱԿ-ի տեսակետն է, մանավանդ որ՝ ՀԱԿ-ի ղեկավար մարմնից ստացած պարզաբանումները մեզ համար լիովին բավարար են. մեզ ասել են, որ Դավիթ Հակոբյանի այդ տեսակետը չի համապատասխանում ՀԱԿ-ի դիրքորոշմանը»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի կանխատեսման առնչությամբ էլ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Ես հաճելիորեն զարմացած եմ, որ Հանրապետական կուսակցության մեջ բազմակարծություն կա, քանի որ Գալուստ Սահակյանը մի թիվ հնչեցրեց, թե չենք հաղթահարի 7 տոկոսը, իսկ Արմեն Աշոտյանը հակառակն ասեց, որ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ «Ժառանգությունը» մեծ ընտրազանգված են ունեցել Երեւանում, ու մեզ անգամ բախշեց 30 տոկոս: Ամեն դեպքում, պետք չէ շփոթել իրական թվերն այն թվերի հետ, որոնք իրենք նախօրոք նկարում են՝ հետո սարքելու նպատակով: Իսկ նույնիսկ պաշտոնական տվյալներով, Երեւանում միշտ հաղթել է ընդդիմությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել