Լրահոս
Օրվա լրահոսը

Դատ՝ առանց ամբաստանվողների

Մարտ 14,2009 00:00

Երեկ շարունակվել է «Յոթի» գործով դատավարությունը: Դատական հերթական նիստի հենց սկզբում դատարան բերված միակ ամբաստանվող Գրիգոր Ոսկերչյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն վատ է զգում, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորել է դատական նիստը չխանգարել եւ հայտարարել է նիստը շարունակելու մասին: Նա քաղբանտարկյալի այդ հայտարարությանն արձագանքել է միայն այն բանից հետո, երբ Ոսկերչյանը հերթական անգամ դատավորի դահլիճ մտնելու պահին ոտքի չի կանգնել: Դատավորի հարցին, թե՝ «դուք ոտքի չկանգնեցիք ձեր առողջական վատ վիճակի՞ պատճառով, թե՞ այլ պատճառներ ունեիք», Ոսկերչյանը պատասխանել է, որ, անկախ իր առողջական վիճակից, ինքը ոտքի չէր կանգնելու: Մ. Մարտիրոսյանն այս անգամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար քաղբանտարկյալին 10 օրով հեռացրել է նիստերի դահլիճից: Դատավորը երեկ «անհիմն» լինելու պատճառաբանությամբ մերժել է պաշտպանական կողմի մի քանի միջնորդությունները, որոնք վերաբերել են դատական նիստերի քարտուղարին եւ մեղադրող Կորյուն Փիլոյանին բացարկ հայտնելուն:

Դատական նիստում պաշտպանական կողմը դատավորի խոսքերից իր համար անակնկալ կերպով պարզել է, որ «Յոթի» գործը կազմված է ոչ թե 42, այլ 44 հատորից, եւ դատավորին խնդրել է հնարավորություն տալ ծանոթանալու իրենց համար մինչ այդ անհայտ մնացած 43-րդ հատորին, որտեղ տեղ են գտել նախաքննության ավարտից հետո պաշտպանական կողմի միջնորդություններին առնչվող փաստաթղթերը (44-րդ հատորը մեղադրական եզրակացությունն է): Դատարանը պաշտպաններին դրա համար ընդամենը 1 ժամ է տվել եւ ընդմիջել նիստը: Հատորին ծանոթանալուց հետո պաշտպանները բազմաթիվ հիմքեր են գտել մեղադրողներին բացարկ հայտնելու համար: Մասնավորապես, պաշտպան Մելանյա Առուստամյանը «7-ի գործի» 43-րդ հատորում գտել էր իր այն բողոքը, որի գոյությունը մեղադրող Կորյուն Փիլոյանը թաքցրել էր: Պաշտպանները դատավորին միջնորդել են հետաձգել նիստը, որպեսզի իրենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցեն իրենց պաշտպանյալների հետ: Նման հնարավորություն, սակայն, դատավորը նրանց չի տվել: ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ ինքը ընդմիջման ընթացքում հասցրել է հանդիպել իր պաշտպանյալի հետ, եւ վերջինս ցանկություն է հայտնել հրաժարվել իր եւ պաշտպան Աղասի Աթաբեկյանի ծառայություններից եւ գործում ներգրավել նոր պաշտպանի՝ Արթուր Գրիգորյանին: Դատավորն ասաց, թե այդ հարցը առանց Ս. Միքայելյանի ներկայության չի քննարկի: Դատական նիստը երեկ հետաձգվել է մինչեւ երկուշաբթի: Այդ օրը կհրապարակվի նաեւ մեղադրող Հ. Սարգսյանի բացարկի միջնորդության մասին դատավորի որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել