Հակադարձում է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Մեր խնդրանքով անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած՝ ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանի արած դիտարկումներին, թե պետք է առաջանա նոր ընդդիմություն, որը պետք է «լինի բոլորովին այլ որակի, այլ մոտեցումներով եւ ոճով»՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ նրա զեկույցում շատ հանգամանքների վրա ճիշտ շեշտադրումներ են արված. մասնավորապես, որ «նախընտրական եւ հետընտրական շրջանը չուղեկցվեց ապատիայով, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ», «հայ հասարակության համար սկսել է ձեւավորվել փոփոխությունների պահանջմունքը», «իշխանությունների կողմից շարունակաբար եւ հետեւողական ապագաղափարականացման գործընթաց է իրականացվում, ինչը նվազեցնում է քաղաքական-քաղաքացիական ակտիվությունը», նաեւ, որ «շարժումը թուլանում է, երբ առաջնորդը լրատվություն չի փոխանցում իր զանգվածներին»: Սակայն, ըստ պրն Կարապետյանի՝ «Ասելով այս ամենը՝ փորձագետները չեն ընդգծում, թե ո՛վ հանեց ժողովրդին ապատիայից: Դա եթերային ինչ-որ մի ուժ չէ, որ մի օրվա ընթացքում մարդկանց ՔԱՂԱՔԱՑԻ դարձրեց, դուրս հանեց փողոց՝ պայքարելու իրենց իրավունքների, հանցագործ պաշտոնյաներից երկիրը մաքրելու համար: Կարծում եմ, թե արդարացի կլիներ նշել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ նրա թիմը, որ արեցին այդ ամենը: Եվ հիմա, երբ տոտալ ռեպրեսիաների, հետապնդումների, ձերբակալությունների, մարդու տարրական իրավունքների սահմանափակումների պայմաններում ամեն օր ժողովուրդը հավաքվում է Հյուսիսային պողոտայում, դատարանների առջեւ եւ հանրահավաքներում՝ այդ ժողովուրդն ու իր հավատը վայելող ուժն է ժողովրդավարություն բերելու Հայաստանին, այլ ոչ թե կաբինետներում «երրորդ ուժի» կամ «նոր ընդդիմության» (ինչպես նշել էր տիկին Բարսեղյանը) տեսքով վերլուծականներ կամ «գաղափարական» մտորումներով հանդես եկողները: Եթե հանկարծ հայտնվի նման մեկը, որը մեկ տարի ձայն չի հանել Հայաստանը խայտառակող այս բոլոր երեւույթների դեմ, փողոցում պայքարող իսկական գաղափարական մարդիկ իրեն հարց կտան՝ «բա ո՞ւր էիք այսքան ժամանակ, ինչո՞ւ չէիք պայքարում անարդարությունների դեմ, ինչո՞ւ չդատապարտեցիք մարտի 1-ի սպանդը, բանակի եւ ներքին զորքերի զինուժով խաղաղ ցույցի՝ «սպանություններով զուգորդված» ճնշումները:
Փորձագետները, կարծես հարմարվելով, որ մենք ունենք ապաշնորհ եւ խաբեբա իշխանություն (իրենց վերլուծություններում առավել խոսում էին ընդդիմության «վրիպումների», այլ ոչ թե իշխանությունների գործած բռնաճնշումների մասին), չեն նկատել նաեւ իշխանությունների կողմից տարիներ շարունակ հետեւողականորեն իրագործվող ամենավտանգավոր ծրագիրը՝ հեռուստատեսային տեղեկատվական դաշտի տոտալ վերահսկողության պայմաններում մրցունակ քաղաքական դաշտի ձեւավորման վիժեցումը: Բոլոր 15 հեռուստաընկերությունները, փաստորեն, շրջափակում են ընդդիմության գործունեությունը՝ չեն ներկայացվում ՀԱԿ հայտարարությունները, աղավաղվում են դատական գործընթացները, ընդդիմության միջոցառումները: Նման պայմաններում ընդդիմության գաղափարների տարածումը դառնում է շատ ավելի խնդրահարույց:
Վերջում տիկին Բարսեղյանին կցանկանայի նաեւ հիշեցնել, որ ռազմական հեղաշրջում կատարողների դեմ փողոցում ամեն օր պայքարելուց հետո այսօրվա ընդդիմությունը, որի շուրջ վեց տասնյակ առաջնորդներ բանտերում են, ամեն օր հանդես է գալիս հստակ «ծրագրերով» (ՀԱԿ հայտարարություններն ու մեկնաբանությունները տնտեսական իրավիճակի, ժողովրդավարական խնդիրների, արտաքին քաղաքականության եւ այլ խնդիրների վերաբերյալ), «իրատեսական մոտեցումներով» (Կոնգրեսի ղեկավարի առաջարկությունն առարկայական երկխոսություն սկսելու վերաբերյալ, կոչը՝ չսառեցնել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, չթուլացնել իշխանությունների դիրքերը ԼՂ հարցով բանակցություններում): Եվ նշել, որ «ռադիկալն ու զգայականը» նրանք են, ովքեր այսօրվա իրական ընդդիմության հաշվին հող են նախապատրաստում գաղափարազուրկ եւ անդեմ «նոր ընդդիմության» համար: Ոչնչից ոչինչ չես կարող ստեղծել, բարի գործ անելու համար գոնե մեկ անգամ պետք է գնահատական տաս նախորդին ու բարձրաձայնես՝ դու ով ես»: