Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ

Մարտ 14,2009 00:00

\"\"Հետաքրքիր է՝ ի՞նչ կանեին Բրյուսովի անվան համալսարանի անվտանգության աշխատակիցները, եթե համալսարան փորձեին մտնել որեւէ օլիգարխի սափրագլուխները:

Երեկ, կեսօրին, դաժան ծեծի է ենթարկվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը:

Այս մի դեպքում հայրենի իրավապահները, բարեբախտաբար, օպերատիվ են գտնվել ու շատ արագ ի հայտ են բերել ու բերման են ենթարկել մեր գործընկերոջ նկատմամբ բռնություն կիրառած անձին՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ աշխատակից Կարեն Միրիջանյանին, թեեւ ծեծողների թիվն ավելին է եղել։ Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ֆոտոթղթակիցը, ի թիվս այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, մասնագիտության բերումով մասնակցել է հիշյալ համալսարանի ուսանողների նախաձեռնած բողոքի ակցիային՝ ընդդեմ «Միասին» երիտասարդական նախաձեռնության՝ «Կաշառակեր դասախոսներ» «օպերացիայի»: Երբ համալսարանի ուսանողները «Միասին»-ի գրասենյակից երթով վերադարձել են համալսարան, Գ. Շամշյանի մատուցմամբ, լսարանում իրենց հետագա անելիքները որոշակիացնելու համար ֆոտոթղթակիցն էլ նրանց հետ միասին ներս էր մտել շենք՝ լուսանկարելու համար: Այն պահին, երբ համալսարանի անվտանգության երեք աշխատակիցներից մեկը արգելել էր Հանրային հեռուստաընկերության լրագրողին շենք մտնել՝ հայտարարելով, թե՝ «ոչ մեկդ ներս չի մտնելու, ես կառավարության հանձնարարականն եմ կատարում», Գ. Շամշյանն առարկել էր, ասելով, թե լրագրողներն իրենց պարտականություններն են կատարում եւ իրենց խոչընդոտել պետք չէ: Նույն պահին անվտանգության աշխատակիցը` տեսնելով, որ ֆոտոթղթակիցն արդեն շենքի ներսում է, «արա»-ով դիմելով եւ սեռական բնույթի հայհոյանքներ շաղ տալով հարձակվել էր ֆոտոթղթակցի վրա եւ ոտքով ուժգին հարվածել որովայնին: «Ես ցավից ընկա գետնին: Երբ անվտանգության մյուս աշխատակիցներն էլ հարձակվեցին վրաս ու սկսեցին խփել, ես էլ սկսեցի ոտքերով պաշտպանվել ու հարվածել իրենց: Լրագրողները սկսեցին միջամտել, բայց ապարդյուն: Դա տեւեց մի 15-20 րոպե: Հետո մի երիտասարդ իջավ ու ներկայացավ որպես պրոռեկտոր: Ես դեռ չգիտեի, որ վնասվածքներ ունեմ եւ ներկայացա որպես ֆոտոթղթակից ու իրեն էլ առաջարկեցի անունով ներկայանալ: Հեգնելով ասաց, որ ինքը Գագիկ Շամշյանն է, ու բոլոր լրագրողներին դուրս հրավիրեց: Ես պնդեցի, որ մենք մեր աշխատանքն ենք կատարում, բայց այդ պահին մեզ մոտեցավ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ շատ քաղաքավարի զրուցելով՝ մենք շենքից դուրս եկանք»,- ներկայացրեց Շամշյանը:

Նա միայն «Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ գնալուց հետո էր նկատել, որ վարտիքն արյան մեջ է: Ռ/կ աշխատակիցները շտապօգնություն էին կանչել ու ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների օգնությամբ թղթակցին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն: Ավելի ուշ նրան տեղափոխել էին կենտրոնի վերակենդանացման բաժին: Անհրաժեշտ բոլոր հետազոտությունների արդյունքում, ինչպես կենտրոնի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանն ասաց, նախնական ախտորոշում է կատարվել՝ միզուկի առաջնային հատվածի մասնակի վնասվածք: Ս. Մարտիրոսյանի ասելով, թղթակցի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց րոպեներ անց արդեն այնտեղ էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ու արագ արձագանքման խմբի եւս երեք ներկայացուցիչներ, նաեւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչները: Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության տարածած հաղորդագրության համաձայն, իրավապահներին «հայտնի է դարձել, որ համալսարանից դուրս հրավիրելու ընթացքում Կարեն Միրիջանյանը նրան պատճառել է մարմնական վնասվածքներ», եւ որ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Կատարվում է հետաքննություն։

Լրագրողի դեմ կիրառված հերթական բռնարարքից հետո լրագրողական եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», Երեւանի մամուլի ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը», ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ «անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է ծագել կոնֆլիկտը լրագրողի եւ համալսարանի ներքին անվտանգության աշխատակիցների միջեւ, դաժանությունը, որ դրսեւորել են վերջիններս, որեւէ արդարացում չի կարող ունենալ: Սա լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման հերթական դեպքն է, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նախորդ տարիներին տեղի ունեցած ու չբացահայտված բիրտ եւ ցինիկ հանցագործությունների շղթայի մի օղակը: Մենք դատապարտում ենք այս բռնարարքը եւ պահանջում ենք պատժել այն իրականացրած անձանց»:

Լրագրողին դաժան ծեծի ենթարկելու փաստը դատապարտել են նաեւ Հայ ազգային կոնգրեսը, ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ու «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ տեղի ունեցածը երկրում տիրող հանցավոր ու նաեւ անպատժելիության մթնոլորտի արդյունքն է: «Ժառանգությունը» իրավապահներից պահանջել է բացահայտել եւ քրեական պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած անձանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել