Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԸՆԴԵՐՔՈՒՄ ՄԻ ԴԱՎԱԴԻՐ ՄԱՍՍԱ ԿԱ»

Մարտ 14,2009 00:00

\"\"Խոստովանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ պնդում, որ «իշխանական կռիվ սկսելու ժամանակը չէ»:

– Ինչո՞ւ, ինչպես որ հարկն է, չեք պաշտպանում վարչապետին, նրա գործունեությունը, չէ՞ որ ձեր կուսակցությունն է պաշտպանել նրա թեկնածությունը, եւ այսօր որոշակի տեղեկություններ կան, որ հենց իշխանության ներսից են խանգարում Տիգրան Սարգսյանին:

– Ես այդ ամենը կեղծ քաղաքական մշակույթի արդյունք եմ համարում, իհարկե, մենք միշտ էլ վարչապետի հետ քննարկումներ ենք անցկացնում երկրի տնտեսական վիճակի մասին եւ, ինչու չէ՝ նաեւ քաղաքական հարցեր: Վերջին անգամ այդ քննարկումները կատարել ենք տնտեսական ճգնաժամի հետ կապված: Մարդիկ փորձում են սեպ խրել վարչապետի եւ Հանրապետականի մեջ:

– Ովքե՞ր են այդ մարդիկ:

– Առանձին առիթներով ասել եմ՝ այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են սեկվեստրի մասին, վարչապետի փոփոխության մասին, ըստ էության, իրենց շահերից ելնելով ներքին մոդելավորումներ են կատարել եւ դրանով փորձում են քաղաքական դիվիդենդներ շահել: Ասեմ, որ իրականում որեւէ խնդիր չկա կառավարության հետ կապված, առավել եւս, շատ վտանգավոր է, երբ նման իրավիճակներում փորձ են կատարում նորից նախկին սցենարներով անընդհատ կրկնել, որ կառավարությունը հրաժարական կտա, որ վարչապետը հրաժարական կտա:

– Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը կամ մարդկանց մի խումբ հավակնում է ձեռք գցել վարչապետի պաշտոնը եւ այդ պատճառով են հարվածում վարչապետին:

– Միշտ էլ կարող են դավադիրներ լինել նման խնդիրներում, իշխանությունը հենց այդպես է մոդելավորված, այդպես եղել է, այդպես էլ գնալու է, բայց այսօր որեւէ քաղաքական պատճառ չկա, որ կառավարությունը կամ վարչապետը հրաժարական տան:

– Ձեր կարծիքով, տնտեսական ճգնաժամից ինչպե՞ս ենք դուրս գալու: Այն գործընթացը, որ այսօր իրականացնում է կառավարությունը, բավարա՞ր է, որ մեր երկիրը առանց լրջագույն կորուստների դուրս գա այս վիճակից:

– Իհարկե, կարծում եմ, այն ձեռնարկումները, որ այսօր կան՝ ճիշտ են կատարվում: Ինքը՝ ճգնաժամն անխուսափելի էր, եւ բնորոշիչն այն կլինի, որ համեմատաբար լավ վիճակում կլինենք, բայց նաեւ Հայաստանն այն երկիրն է, որի առջեւ աշխարհի մուտքերը փակված են. այդ առումով մենք ունենք սոցիալական մի խավ, որի վրա ճգնաժամն առաջինն է ազդելու: Դրանք, ըստ էության, եկամուտ չունեցող մարդիկ են: Կառավարությունը զբաղված է առաջին հերթին այս խավին աջակցելու ծրագրերի մշակմամբ: Թե ինչ ճանապարհով կկարողանանք գումարներ ուղղորդելով՝ արտոնյալ վիճակներ ստեղծել սոցիալապես անապահով խավի համար, կերեւա: Գազի թանկացման հետ կապված որոշակի ներդրումներ կլինեն սոցիալապես անապահով խավի համար, եւ, ընդհանուր առմամբ, սոցիալական ծրագրերը մեր բյուջեն ի զորու են լինելու բավարարել: Այսօր խոսում են սեկվեստրի մասին, չհասկանալով, թե սեկվեստրն ինչ բան է: Ծրագրերի մեծ մասը տեղափոխվելու է տարեվերջ, դրանք այն ծրագրերն են, որոնք մեր հասարակության կենսամակարդակի վրա էական ազդեցություն չեն ունենալու: Այնպես որ, մենք կարողանալու ենք ապրել, բայց ապրելու համար միայն գումարը եւ տնտեսական ճգնաժամի հաղթահարումը չէ, որ կարեւոր է։ Մարդիկ մեկը մյուսին պիտի հավատան: Գնալով փորձում են անհավատ դարձնել: Բամբասանքները, մեկը մյուսի վրա աղբ թափելու պրոցեսները շատացել են:

– Ի դեպ, բամբասանքների եւ մեկը մյուսի վրա աղբ թափելու մասին. դուք կարո՞ղ եք ասել՝ կա՞ Հանրապետականի ներսում մեկը, ով հավակնում է վարչապետի պաշտոնին եւ խանդով է վերաբերվում վարչապետին:

– Չեմ կարծում, որ Հանրապետականի քաղաքական էլիտան որոշակի պրոբլեմ ունի, որովհետեւ Տիգրան Սարգսյանի վարչապետությունը քննարկվել է բոլորիս հետ: Իսկ քաղաքական այլ ուժե՞ր, ինչու չէ: Մենք բացահայտենք թե չբացահայտենք, մեր ընդերքում միշտ դավադիր մի մասսա կա, որը փորձում է անձնային, թիմային պահանջներից ելնելով՝ խոցելի դարձնել ամեն ինչ: Մենք այսօր մտածում ենք ոչ թե Տիգրան Սարգսյանի անձի մասին, այլ պետության պրոցեսների մասին: Այսօր այդ ժամանակը չէ, որ իշխանական կռիվ սկսենք, թե ով որ դաշտում է եղել: Այսօր պիտի կարողանանք հաղթահարել մեր երկրի վրա կախված վտանգը, որը կախված է նաեւ ամբողջ աշխարհի վրա: Նաեւ տեսնում ենք, որ կկարողանանք ճակատագրի բերումով զսպել իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, եւ ամեն ինչ արվում է հենց այդ ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել