Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մարտ 13,2009 00:00

Թերեւս լավ էր, որ մարդն այնքան չկարողացավ անտեսել իր անձը եւ խոնարհվել այնպես, որ տեսներ Աստծուն: Մտածում եմ, սակայն, թե ինչ պիտի խոսեր մարդն Աստծո հետ, երբ հանդիպեր դեմ առ դեմ: Երեւի թե պիտի դժգոհեր իր կյանքից: Քանի որ մարդը կենդանին է միակ, որ անվերջ դժգոհ է ու փնտրում է անվերջ: Փնտրում, գտնում, նորից է փնտրում, եւ ստացվում է այնպես, որ իր կյանքն ավարտվում է, բայց փնտրտուքը՝ ոչ: Ականջդ կանչի, Զահրատ տղա, որ ասում էիր, թե՝ Մարդը փնտրող, բայց չգտնող կենդանի մըն է…

Այդ ե՞րբ էր, որ կար Փեփոյի տան մոտի ջրաղացի մամռապատ երկար ու խորհրդավոր կուռը, ուր, սակայն, մեզանից գաղտնի մահն էր բնակվում, եւ մեզ՝ գյուղի պատանիներիս, կանչում էր սիրով, կանչում էր անվերջ, ու մենք խոնարհվելով երկար նայում էինք ջրի փրփրուն հորձանքին, որը հեռու ներքեւում ինչ-որ տեղ պտտեցնում էր ջրաղացի ծանր քարը եւ ցորեն էր աղում ապրողներիս համար: Եվ մեր պատանեկան թվացյալ անվերջանալի ու բազմազան օրերի մեջ մենք կարծես թե անգիտակցաբար զգում էինք մահվան կանչը՝ ջրի տեսքով, սակայն մի արեւոտ օր տեսանք կնոջ հրաշալի պատկերով: Երեւի թե հին ամրոցի ավերակ էր ձորի պռնկին կամ մոռացված հարուստի քանդված տուն, որտեղ էլ մենք նրան տեսանք: Նա պառկած էր գարնան կանաչ խոտ ու ծաղկի մեջ, պառկած էր գրեթե մերկ, եւ նրա ճերմակ կուրծքն ու սրունքները ծավալվում, դուրս էին գալիս ավերակի սահմաններից, եւ թվում էր, թե նրա մերկությունն էր, որ անսահման էր դարձնում ավերակը: Չգիտեմ, հիացմունքից, թե վախից, մեզանից մեկը ճչաց, եւ անմիջապես էլ հայտնվեցին գյուղի կանայք, որոնք զարմանալիորեն ամեն ինչ գիտեին: Պարսպի գլխից մենք նայում էինք, թե ինչպես են կանայք արթնացնում նրան, ինչպես են մեր աչքերից ծածկում մերկ մարմինը նրա, ինչպես արթնացրին նրան քնից ու հանեցին ոտքի, հետո, երբ թեւերից բռնած նրան տանում էին տուն, նա շրջվեց եւ երկար նայեց մեզ՝ իր մերկությունը տեսածներիս: Նա գնում էր տուն՝ կարծես երազից դեռ չարթնացած, կանանց ուղեկցությամբ, եւ թվում էր, թե մեզ կանչում է իր հետեւից, հմայում, տանում էր իր հետ՝ ինչպես որ ջրաղացի կուռը լցվող ջուրն էր կանչում մեզ, ուր մեր մահն էր. այդ օրվանից, սակայն, իմ ընկերները, չգիտեմ ինչպես, բայց ես հասկացա, որ իմ մահը, թերեւս, իմ առաջին ճանաչած կնոջ մեջ է: Ինչ լավ է, որ թվում է թե մարդն Աստծուն չի հանդիպում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել