Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի 2010 թվականի գավաթի առաջնության ընտրական մրցաշարի հինգերորդ խմբում մեր ազգային հավաքականի մրցակից Իսպանիան: Լավագույն տասնյակում նրան, ըստ հերթականության, հաջորդում են Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան, Բրազիլիան, Արգենտինան, Խորվաթիան, Ռուսաստանը, Անգլիան եւ Պորտուգալիան:
Մեր խմբում ընդգրկված Թուրքիայի հավաքականը, որը նախորդ ամիս եզրափակում էր առաջին տասնյակը, նահանջել է մեկ քայլով՝ տեղը զիջելով Պորտուգալիային, Բելգիան առաջ է գնացել չորս աստիճանով եւ այժմ 49-րդն է, Բոսնիա եւ Հերցեգովինան մեկ քայլով՝ 58-րդ հորիզոնական: Թուրքիայից բացի, դիրքերը զիջել է նաեւ Էստոնիան, որը 121-րդ տեղում է:
Հայտնի են նաեւ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների այս ամսվա վարկանիշային դասակարգման արդյունքները: Առաջատարը կրկին Իսպանիան է, Թուրքիան՝ 9-րդը, Բելգիան՝ 27-րդը, Բոսնիա եւ Հերցեգովինան՝ 31-րդը, Հայաստանը՝ 44-րդը եւ Էստոնիան՝ 46-րդը: