Մրցանակակիր դժվար թե ունենանք
Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 10-րդ առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը պարտության մատնեցին մրցակիցներին, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը խաղացին ոչ-ոքի, իսկ ահա Տիգրան Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը պարտություն կրեցին:
Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որը տարել է հինգ հաղթանակ եւ մեկ պարտիա ավարտել խաղաղ արդյունքով: 4,0-ական միավոր են վաստակել 45-րդ տեղում ընթացող Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը՝ 54 եւ Տիգրան Պետրոսյանը՝ 62: Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը 3,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 101-րդ եւ 114-րդ տեղերը, Արտաշես Մինասյանը 3,0 միավորով 159-րդն է, իսկ Արթուր Չիբուխչյանը՝ 233-րդը՝ 2,0 միավորով: Երեկ յոթերորդ տուրի օրն էր:
Լիլիթ Մկրտչյանը հույսեր ունի
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Եվրոպայի ուժեղագույն շախմատիստուհիները պայքարում են մայրցամաքի 10-րդ անհատական չեմպիոնուհուն որոշելու համար: Այստեղ խաղացվել է չորս տուր: Մեր մասնակիցների առաջատար Լիլիթ Մկրտչյանը Իրինա Տուրովային պարտության մատնելուց հետո՝ 3,5 միավորով 5-րդ տեղում է: Մրցաշարային դիրքերը բարելավեց նաեւ Սիրանուշ Անդրեասյանը, որը սեւերով հաղթեց Իլզե Բերզինային եւ բարձրացավ 60-րդ հորիզոնական: Ցավոք, նույն օրը անհաջողության մատնվեցին Նելլի Աղինյանը՝ 49-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը՝ 71-րդ եւ Աննա Հայրապետյանը՝ 112-րդ: Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը նվաճելու կամ մրցանակային տեղ գրավելու լավ հեռանկարներ է պահպանում: Նա առաջատարներին՝ Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկող Հոան Տհան Չանգին եւ լեհաստանցի Մոնիկա Սոսկոյին զիջում է ընդամենը կես միավորով: Մնում է, որ Լիլիթը մնացած տուրերում հանդես գա հավաքված եւ միավորներ չկորցնի:
Անանդ-Տոպալով մրցամարտը հետաձգվել է
«e3e5.com» շախմատային կայքը տեղեկացնում է, որ Ստամբուլում, որտեղ ընթանում է կանանց անդրանիկ «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը, հրավիրվել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ, բուլղարացի Վեսելին Տոպալովի միջեւ կայանալիք մրցամարտը հետաձգել մինչեւ 2010 թվականի ապրիլ: Որոշվել է նաեւ, որ այն պետք է մեկնարկի ոչ ուշ, քան ապրիլի 20-ը, եւ ՖԻԴԵ-ն այն կազմակերպելու համար հայտերի է սպասում: Առայժմ հետաձգման պատճառների մանրամասներ չեն բերվում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ