Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՆՏԵԳՐՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՆ»

Մարտ 13,2009 00:00

Մարատ Հայրապետյանը՝ իր ամերիկյան շրջագայության մասին

Երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը, շուրջ 7 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո, վերադարձել է Հայաստան: Ասում է՝ այնտեղ զբաղված է ոչ միայն ամերիկյան անգլերեն սովորելով, այլեւ փորձում է ինտեգրվել տեղի շոու-բիզնեսին: Հիշեցնենք, որ անցյալ տարի «American ideal» հայտնի մրցույթում 25000 մասնակից երգիչներից «զտված» լավագույն 100-ի մեջ էր հայտնվել: Գուցե բախտը նրան ժպտար, եթե չխանգարեին լեզվին տիրապետելու եւ կացության փաստաթղթերի հետ կապված խնդիրները:

2008-ին Մարատը, մասնակցելով ԱՄՆ-ում կազմակերպվող ամենամյա «Armenian golden star Awards-2008» մրցանակաբաշխությանը, ճանաչվել է «Տարվա լավագույն ինտերնացիոնալ երգիչ»:

«Առավոտի» հարցին՝ ի՞նչ են տալիս հայկական շրջանակների ու հայաստանյան մրցույթների հաղթանակներն իրեն, Մ. Հայրապետյանը պատասխանեց. «Ընդհանրապես, որեւէ մրցանակաբաշխություն կամ մրցույթ ոչինչ էլ չի տալիս: Մինչեւ 1997 թվականը մասնակցել եմ հանրապետական մրցույթների, որոնցից շատերի ոսկե մրցանակակիր եմ: Դա ընդամենը կայացման փուլի նման բան է, որը վաղուց անցել եմ: Իսկ, ընդհանրապես, այս կամ այն նոմինացիայում առանձնացվելը կամ մրցանակաբաշխության մասնակցելը՝ տարվա վերջում հանդիսատեսի առջեւ հաշվետու լինելու նման մի բան է»: Երգչին հարցրինք՝ ԱՄՆ-ում գտնվելու շրջանում ստեղծագործական առումով նոր կապեր հաստատե՞լ է, եւ արդյո՞ք տեղի շուկային ինտեգրվելու համար պատրաստ է իմիջային, ժանրային, ոճային ու այլ փոփոխությունների: «Ունեմ մշտարթուն նպատակ՝ հայտնվել ամերիկյան շոու-բիզնեսում: Այդպիսի ցանկություն ունի ցանկացած էստրադային երգիչ կամ երգչուհի: Եթե, օրինակ, Լարիսա Դոլինայի նման մարդը, որը ռուսական էստրադայի լավագույն ներկայացուցիչներից է, ՌԴ նախագահի խորհրդականը՝ մշակութային հարցերով, ամեն քայլի գնում է, որպեսզի հայտնվի այդ շուկայում, ինչո՞ւ ես չփորձեմ: Ուղղակի Ամերիկայում կա մի նրբություն՝ հաջողությունը ժպտում է հատկապես երիտասարդներին: Շատերը «դրսում» չեն կարողանում կայանալ, ու դա Հայաստանում օգտագործում են իրենց PR-ի համար: Ես այդպես չեմ վարվի, որովհետեւ հասցրել եմ հասկանալ, որ այնտեղ կայանալը շատ ավելի դժվար է, քան թվում է: Եթե դրան գումարենք այն հանգամանքը, որ շուկան հրեաների ձեռքում է, պատկերն ավելի պարզ կլինի: Ճիշտ է, մենք չենք զիջում իրենց, բայց հայկական շրջանակների համար ենք լավը: Մերը իրենց հաստատ հետաքրքիր չէ, պատկերավոր ասած՝ ոչ ոք քո զուռնան կամ դուդուկը չի ուզում լսել: Ինչ վերաբերում է ինձ, փոփոխություններ, անշուշտ, լինելու են: Արդեն մի քանի անգլերեն երգ եմ գրել ու կարծես այնտեղի հողը օգնել է: Փորձել եմ այնպիսի երգ ստեղծել, որ լսելիս չասեն՝ տեսնես ի՞նչ ազգի մարդ է գրել: Նոր ստեղծագործություններիս հետ հայաստանցիներին էլ կծանոթացնեմ՝ տեսահոլովակի կամ ձայներիզի միջոցով»,- պատմեց մեր զրուցակիցը: Նա զուգահեռներ անցկացրեց ամերիկացի եւ հայաստանցի պրոդյուսերների միջեւ. «Որոշ երգիչներ ասում են, թե իբր այնտեղ պահանջում են փոխել անունը, մոռանալ ազգությունը, կրոնը եւ այլն: Դրանք հորինված բաներ են, որովհետեւ ԱՄՆ-ում որեւէ մեկին չի հետաքրքրում քո տեսակը: Ամերիկյան պրոդյուսերները, երգչին նայելիս, մտածում են՝ ո՞նց փաթեթավորեն եւ որքա՞ն թանկ վաճառեն: Ձայնդ հզո՞ր է, թե՞ թույլ, տենո՞ր ես, թե՞ բարիտոն, ի՞նչ սեռի ու գույնի ես պատկանում, դա այնտեղ կարեւոր չէ: Քեզ նայում են իբրեւ պրոդուկտ: Իսկ հայ պրոդյուսերները սուբյեկտիվ մոտեցումներով են առաջնորդվում. եթե երգչի հետ անձնապես ունեն լավ հարաբերություններ, նրան հովանավորում են՝ հաշվի չառնելով արժանիքները կամ դրանց բացակայությունը: Մի խոսքով, մերոնք սիրողական մոտեցում են ցուցաբերում այդ հարցերում»:

Մ. Հայրապետյանը հայտնեց, որ իր «դրսի» եւ հայաստանյան գործունեությունները երբեք չի խառնում իրար հետ. «Դրանք տարբեր բաներ են, իմ զինվորական, ռազմահայրենասիրական երգերը այստեղ շարունակելու եմ երգել: Շատ կարեւորում եմ նաեւ մասնագիտություններին նվիրված երգերը: Ոմանց կարող է դուր չգալ, օրինակ, շինարարի մասին երգը: Իմ համոզմամբ, մասնագիտություններ կան, որոնք հարում են ազգային նկարագրին: Միգուցե չերգենք հայ բարձր տեխնոլոգիաների մասնագետի մասին երգ, բայց հայ շինարարի մասին՝ արժե երգել»:

Մեր զրուցակիցը գոհ է նաեւ ֆոնոգրամաներով համերգներն արգելող հայտնի որոշումից. «Վերջապես հայկական շոու-բիզնեսում կմնան երգող երգիչները, բայց կուզենայի դա վերաբերեր ոչ միայն ֆոնոգրամայով ձայնին, այլեւ կենդանի նվագակցություն լիներ: Երբ թիկունքումդ զգում ես նվագախմբի ոգին, բոլորովին այլ զգացողություն ես ունենում, այլ կերպ երգում»:

Մ. Հայրապետյանը, որն այս տարի ավարտում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան, գիտական թեզը պաշտպանելուց հետո աշնանը նորից կմեկնի ԱՄՆ՝ այս անգամ ավելի երկար ժամանակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել