Պակիստանյան Կարաչի քաղաքում ոստիկանությունը մահակների եւ փայտերի միջոցով ցրեց հանրահավաքի մասնակիցներին, որոնք պահանջում էին վերականգնել անկախ դատավորների եւ այլ իրավաբանների իրավունքները: Երկրի տարբեր շրջաններից եկած ընդդիմադիր ակտիվիստները պատրաստվում էին հասնել Իսլամաբադ եւ այնտեղ սկսել երկարատեւ նստացույց՝ խորհրդարանի շենքի առջեւ: Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ ցուցարարները ցանկանում են ապակայունացնել երկրի վիճակը: Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ընդդիմության 400 ներկայացուցիչների: Ընդդիմության ակցիաները անց են կացվում նաեւ այն պատճառով, որ դատարանի որոշմամբ ընդդիմության առաջնորդ Նավազ Շարիֆին եւ նրա եղբորը արգելվեց զբաղեցնել պետական պաշտոններ: Ինքը՝ Շարիֆը, BBC-ի թղթակցին ասաց. «Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց անկախ իրավական համակարգի, առանց դատավորների, որոնք հավատարիմ են պետությանը, մեզ պետք չեն դատավորներ, որոնք ծառայում են առանձին մարդկանց: Մեր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել այն սահմանադրական փոփոխությունները, որոնք իրականացրել է բռնապետ Մուշարաֆը: Մենք ուզում ենք, որ մեր երկրում կրկին տիրի օրենքի իշխանություն: Առանց դրա, իմ կարծիքով, ժողովրդավարությունը հնարավոր չէ»: