Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելեց Բաքու եւ բանակցություններ վարեց Ադրբեջանի ղեկավարության հետ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, բանակցությունների թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Թերթը հիշեցնում է, որ անցած տարվա վերջից Մոսկվան փորձում է առանցքային դեր խաղալ այդ գործընթացում: 2008 թվականի նոյեմբերին Մայենդորֆում ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիր: Դա համարվեց ռուսաստանյան դիվանագիտության հաջողություն, սակայն դրանից հետո Երեւանի ու Բաքվի դիրքորոշումները կարծես թե իրար չեն մոտեցել: Ավելին, Ադրբեջանը ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում տարածեց Հայաստանը պախարակող փաստաթղթեր եւ ՄԱԿ-ում կարողացավ նույնիսկ այդ փաստաթղթերը վերածել բանաձեւերի: Սակայն Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել իր միջնորդական ջանքերը եւ այժմ փորձելու է կազմակերպել Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը Չեխիայում՝ մայիսին նախատեսված Եվրամիության համաժողովի ժամանակ: Իր խաղաղասիրական ծրագրերն իրականացնելու համար Լավրովը Բաքվում պետք է եւս մեկ անգամ հերքի Հայաստանին 800 միլիոնի ռուսաստանյան զենք մատակարարելու մասին լուրերը, ինչպես նաեւ համոզի իր ադրբեջանցի զրուցակիցներին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից ստեղծված արագ արձագանքման ուժերը որեւէ սպառնալիք չեն ներկայացնում Ադրբեջանի համար: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարն արդեն հայտարարել է, որ այդ ուժերը գործելու են միայն պայմանագրի անդամ երկրների տարածքում եւ նման գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել միայն միաձայն: