Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նազարբաեւը հարձակվում է դոլարի վրա

Մարտ 13,2009 00:00

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երեկ կրկին հանդես եկավ միջազգային ֆինանսական շուկայում իրավիճակի քննադատությամբ եւ առաջարկեց ՄԱԿ-ի հովանու տակ ստեղծել նոր՝ ավելի կայուն տարադրամ: Նազարբաեւն իր նախկին ելույթներում արդեն խոսել էր համաշխարհային կամ թեկուզ տարածաշրջանային նոր տարադրամի ստեղծման անհրաժեշտության մասին: Նա շեշտը դնում է ազգային տնտեսությունները դոլարից պաշտպանելու վրա, քանի որ ամերիկյան տարադրամն անվանում է ոչ դեմոկրատական, անազատ եւ անվերահսկելի: «Եվրազէս» տնտեսական համագործակցության շրջանակներում, որի մեջ մտնում են Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը, Նազարբաեւը ցանկանում է ստեղծել նոր տարածաշրջանային տարադրամ, որը պետք է կոչվի «եվրազ» եւ որի կուրսը կախված չի լինի համաշխարհային տարադրամների տատանումներից: Ղազախստանում հայտնի փորձագետ Մերհադ Շարիպջանը գտնում է, որ, ամենայն հավանականությամբ, գոյություն չունի այդ գաղափարի տնտեսական հիմնավորումը: «Նազարբաեւը ժամանակ առ ժամանակ հակված է լինում անսպասելի հայտարարություններ անելու, որոնք, նրա կարծիքով, նախագահի գործունեությանը ժողովրդականություն կավելացնեն: Չեմ կարծում, որ դրան կհետեւեն որեւէ կոնկրետ գործողություններ, պարզապես այն տնտեսական դժվարությունների պայմաններում, որոնք ապրում է Ղազախստանի բնակչությունը, պետք է ցույց տալ մարդկանց, որ կառավարությունն աշխատում է եւ փորձում է լուծել տնտեսական խնդիրները»,- նշում է Շարիպջանը: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ խորհրդային շրջանում գոյություն ուներ նման վերազգային տարադրամ, այն կոչվում էր փոխարկելի ռուբլի, որը, չվերացնելով սոցիալիստական երկրների ազգային տարադրամը, այնուամենայնիվ, գործում էր որպես այդ պետությունների միջեւ հաշվարկման միջոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել