Վրաստանը պատրաստ է իր տարածքում տեղադրել ամերիկյան ռազմաբազա, եթե Վաշինգտոնից նման առաջարկություն հնչի: Այդ մասին, ըստ newsru.com-ի, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն՝ ճապոնական «Նիքեյ» թերթին տված հարցազրույցում: «Այս պահին մենք ԱՄՆ-ի հետ կոնսուլտացիաներ չենք վարում տվյալ հարցի շուրջ,- հայտարարել է Վաշաձեն,- սակայն, եթե Միացյալ Նահանգները նման ցանկություն հայտնեն, մենք պատրաստ ենք դա լրջորեն քննարկել»:
Վրաստանի արտգործնախարարը քառօրյա այցով գտնվում է Ճապոնիայում: Չորեքշաբթի օրը Հարավային Օսեթիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին հայտարարեց, որ պատրաստ է տրամադրել իր հանրապետության տարածքը ռուսաստանյան ռազմաբազաներին՝ 99 տարով:
Այն բանից հետո, երբ Ղրղըզստանի ղեկավարությունը որոշում ընդունեց «Մանաս» ռազմաբազայի փակման մասին, Վաշինգտոնը դրան փոխարինող է փնտրում: Լրատվամիջոցներում տեղեկություններ կային Տաջիկստանի եւ Ուզբեկստանի մասին, իսկ եթե այդ տարբերակը չաշխատի, ապա նշվում էր նաեւ թուրքական Տրապիզոնը: Փետրվարի վերջին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հերքեց այդ լրատվությունը: «Մանաս» ավիաբազան Ղրղըզստանում բացվել էր 2001 թվականի դեկտեմբերին: Այնտեղ տեղակայված ռազմատեխնիկան ծառայում է Աֆղանստանի տարածքում ռազմական օպերացիաներ իրականացնելու համար: