Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՆԸ ՈՒՆԻ 30 ԸՆՏԱՆԻՔ

Մարտ 13,2009 00:00

\"\"«Այս հողը նվեր չի տրվել, այս հողը արյունով է ազատագրվել, այս հողը հետ չի տրվելու»,- ասում է ուսուցիչ Վարդան Վարդանյանը

Վարդան Վարդանյանը կնոջ հետ Վան է տեղափոխվել 1999 թվականին, երբ հիմնադրվում էր այս գյուղը: Այստեղ են ծնվել նրա երկու երեխաները՝ հնգամյա Սերգոն եւ երկու տարեկան աղջնակը՝ Անի-Վանը: Գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում՝ Ողջի գետի վրա: Վարդան Վարդանյանի տունը, որ զբաղեցնում է տեղի դպրոցի երկրորդ հարկի մի սենյակը, Արաքսից ընամենը 3 կմ է հեռու:

\"\"«Երբ եկանք այստեղ, Հայաստանում կյանքը մի քիչ դժվար էր: Ես Բերդ քաղաքից եմ, կինս՝ Սեւանից: Այն ժամանակ երբ եկանք Վան բնակվելու, այստեղ ուսուցչի աշխատավարձը կրկնակի բարձր էր Հայաստանի համեմատ: Նրանք, ովքեր գալիս են այստեղ, այլեւս չեն ուզում այստեղից գնալ: Բացի այն, որ ես ու կինս ուսուցիչներ ենք, ունենք մեր ամսական աշխատավարձը, նաեւ հնարավորություն կա անասուն պահել, զբաղվել այգեգործությամբ»,- ասում է նա:

Վարդան Վարդանյանը ֆիզիկայի մասնագետ է, արդեն յոթ տարի Վանի դպրոցի տնօրենն է: Մինչ այդ աշխատել է Քաշաթաղի Այգհովիտ գյուղի դպրոցում:

«Ես եմ հավաքել Վանի դպրոցի ուսուցիչներին: Այսօր դպրոցն ունի 22 աշակերտ: Յոթ տարվա ընթացքում տվել ենք 15 ուսանող, ովքեր հետագայում ստացել են բարձրագույն կրթություն: Եթե պետությունը ապահովի տներով, ես կարող եմ որակյալ ուսուցիչներ բերել Վան: Բայց ասեմ, որ հիմա էլ ունենք լավ մասնագետներ»,- ասում է նա:

Գյուղապետ Յուրիկ Եղյանը համաձայն է. Վանում բնակարանների խնդիր կա: Նա նաեւ ավելացնում է, որ վերջին շրջանում պետությունը դեմքով շուռ է եկել դեպի ժողովուրդը, տարբեր համայնքային ծրագրերի համար գումարներ է տրամադրում, բնակիչներին անասնավարկ տալիս:

«Հիմա բնակության համար պատրաստ տներ չկան, այլապես Վան տեղափոխվելու ցանկացողներ կան: Լավ կլիներ, որ պետությունը օգներ բնակարանների հարցում, եթե չեն կառուցում՝ գոնե մարդկանց վարկեր տրամադրեն: Մի քանի օր առաջ Մեղրիից էին եկել մարդիկ, ցանկանում են տեղափոխվել Վան, բայց ազատ բնակարան չկա»,- ասում է պարոն Եղյանը:

Վարդան Վարդանյանը չի ուզում անգամ լսել, որ մի օր այս հողերը կարող են խաղաղության խոստման դիմաց տրվեն Ադրբեջանին: «Կա նման խոսակցություն, բայց այս հողը նվեր չի տրվել, այս հողը արյունով է ազատագրվել, այս հողը հետ չի տրվելու: Հողը ո՞նց է հնարավոր հետ տալ: Այս հողերը մեր պապական հողերն են, սա Հայաստանն է: Ես չեմ հավատում, որ ինչ-որ կոտրված ձեռք կարող է ստորագրել փաստաթուղթ, որ հետ տրվեն այս հողերը: Ես չեմ պատկերացնում այսպիսի ազգի թշմանի հայ»,- ասում է նա:

Տասը-տասներկու տարի առաջ ազատագրված այս հողերում 13 հազար հայ էր ապրում, այսօր նրանց թիվը կրկնակի պակասել է: Բնակչության քանակն այսօր չի ավելանում, բայց գրեթե չի էլ պակասում:

Վանի բնակիչները հիմնականում եկել են Եղեգնաձորի շրջանի Թառաթումբ գյուղից: Թառաթումբը դեպի Սելիմի լեռնանցք տանող ճանապարհին է: Այնտեղ տարվա կեսից ավելին ձմեռ է, ապրելու պայմանները լավը չեն, ցուրտ է:

«Լավ օրից չէ, որ մենք եկել ենք այստեղ՝ Վան: Թառաթումբը եւս եղել է գաղթականների գյուղ. մեր պապերը գաղթել են Իրանի Խոյ գավառի Ղորուխ գյուղից՝ 1830 թվականին, յոթ ընտանիքներով: Քանի որ այսօրվա Թառաթումբը այլեւս փոքր է բոլոր բնակիչների համար, գյուղի մի մասը, հիմնականում՝ երիտասարդ ընտանիքներ, տեղափոխվել է Վան: Այսօրվա դրությամբ այս գյուղն ունի 30 ընտանիք եւ 127 բնակիչ: Ունենք բազմազավակ ընտանիքներ, օրինակ՝ Հուսիկ Խաչատրյանն ունի 7 երեխա, որոնցից մեկն արդեն ամուսնացել է: Գյուղը աճում է ոչ միայն վերաբնակեցման, այլ բնական աճի հաշվին: Այս տարի արդեն ունեցել ենք 5 ծնունդ»,- ասում է Եղյանը:

Վանը հիմնադրվել է 1999 թ.: Գյուղի հիմնադիրը եւ առաջին գյուղապետը եղել է Ֆելիքս Հայրապետյանը: Թե ինչու են գյուղի անունը հենց Վան դրել՝ գյուղապետը այսպես բացատրեց. «Դե, քանի որ կողքին արդեն կար Մուշ, Ալաշկերտ, բնականաբար՝ այս գյուղն էլ պիտի Վան լիներ»:

Դպրոցի տնօրեն Վարդանյանը ավելացնում է. «Քաշաթաղի նախկին մարզպետ Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությունն էր՝ վերականգնել պատմական անունները»:

Ինչպես Քաշաթաղի այլ բնակավայրերում, Վանում եւս դժվարությունների ու խնդիրների պակաս չկա: Արդեն տասը տարի վանեցիները խմելու ջուրը բերում են Ալաշկերտից, որը մոտ 10 կմ հեռեւ է Վանից:

«Արդեն 10 տարի մարդիկ ջուր են կրում: Բայց մենք հասել ենք այն բանին, որ պետությունը խմելու ջուր հասցնելու համար միջոցներ է տրամադրել: Այս տարի խմելու ջրի հարցը լուծվելու է: Սա նշանակում է, որ այս հողերը հետ չեն տրվելու: Անցյալ տարի պետությունը մեր ոռոգման ջրի համակարգն է կարգի բերել: Նախկինում շատ էին հողերը հետ տալու մասին խոսակցությունները, այսօր այդ մասին գրեթե չեն խոսում: Մարդիկ հիմքից նոր տներ են կառուցել, այգիներ են հիմնում»,- ասում է Եղյանը:

Առաջին տպավորությունը Վանից՝ հուսահատեցնող է, որովհետեւ չորսկողմդ դեռ ավելի շատ են ավերակները, քան տները: Բայց ժամանակի ընթացքում ստեղծվել է որոշակի ենթակառուցվածք, ապրելու որոշ պայմաններ: Վերջին տարիներին լավացել է կապը հարեւան քաղաքների հետ: Կովսականից (նախկինում՝ Զանգելկան) Կապան՝ ամեն օր երթուղային ավտոբուս է աշխատում, որը հատուկ անցնում է նաեւ Վանով եւ շրջակա գյուղերով: Շաբաթական երկու անգամ երթուղային ավտոբուսներ են գործում դեպի Ստեփանակերտ, Բերձոր (Լաչին) եւ Երեւան:

Վանում գրեթե բոլոր բնակիչներն արդեն արբանյակային ալեհավաք են տեղադրել: Թերթեր՝ երկու շաբաթը մեկ բերում են Բերձորից կամ Կապանից: Դպրոցում արդեն համակարգիչներ են տեղադրել: Բացի այդ, այստեղ հնարավոր է որսալ «ՎիվաՍելը»:

Այս աշնանը կլրանա Վանի վերաբնակեցման տասը տարին: Արաքսի ձախ ափերին գտնվող Վանը դեռ կիսավեր է եւ բոլորովին նման չէ այն Վանին, որ մենք կորցրել ենք Արաքսի աջ ափին՝ Արեւմտյան Հայաստանում՝ կապույտ լճի ափին՝ Աղթամարի դիմաց: Բայց տասնամյա Վանը եւս արժանի է այցելության, հատկապես այն հայերի համար, ովքեր տառապում են Էրգրի կորստով ու կարոտով:

Այս Վանը կարող է նրանց կարոտն առնելու սփոփանք լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել