Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճիշտ հասկանանք զմիմեանս

Մարտ 13,2009 00:00

\"\"«Որեւէ մեկը հայոց պետությանը պարտադրել չի կարող»

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում Հրանուշ Հակոբյանի առաջին այցը Կանադա էր, երկրորդը՝ ԱՄՆ: Տիկին Հակոբյանը երեք օր առաջ է վերադարձել Հայաստան, իսկ Հայաստանը առաջին անգամ է, որ Սփյուռքի հարցերով զբաղվում է նախարարության մակարդակով: Մինչ այս՝ Սփյուռքի հետ կապերով զբաղվող պետական կառույցներն այսքան բարձր կարգավիճակ չեն ունեցել: Սա նկատի ունենալով՝ տիկին Հակոբյանին հարցրինք՝ դրսում ապրող մեր հայրենակիցներն ինչպե՞ս են ընդունել այս գաղափարը: «Զարմանալիորեն շատ ոգեւորված են, եւ սպասելիքները շատ մեծ են, կարծես իրենք բավարարված լինեն, որ հայոց պետությունում իրենք ձայն ունեն, իրենք մասնիկ են, իրենց ձայնը կարող է հասնել կառավարություն: Շատ ոգեւորված են»,- ասաց տիկին Հակոբյանը:

Դեռեւս անցած տարվա դեկտեմբերին «Առավոտը» գրել էր, թե սփյուռքահայերի պահանջով ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները արեւմտահայերեն են սովորելու: Որքանո՞վ է նորմալ, երբ պետության հետ ուլտիմատումներով են խոսում՝ մեր այս հարցին ի պատասխան՝ Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ «որեւէ մեկը հայոց պետությանը պարտադրել չի կարող», արեւմտահայերեն սովորելու պահանջ չի եղել: Եղել է առաջարկ, հեղինակն էլ ինքն է: Սփյուռքի նախարարությունը բազմաթիվ նամակներ, թերթեր եւ ամսագրեր է ստանում, որոնք դասական ուղղագրությամբ են, իսկ նախարարության աշխատողների 90%-ը, բնականաբար, չգիտի այդ ուղղագրությունը. «Ես խոսել եմ մասնագետների հետ, ասում են՝ ընդամենը յոթ կանոն է եւ այդ յոթ կանոնը կարելի է մեկ ամսում սովորել: Դժվար չէ, եթե մենք շաբաթը երկու օր՝ աշխատանքից հետո սովորենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք իրար ճիշտ հասկանալ: Եթե օտար լեզուներ սովորում ենք, ապա մեր լեզվի մյուս ուղղագրությունը կարող ենք սովորել: ՀՀ պաշտոնական լեզուն արեւելահայերենն է, բայց արեւմտահայերենը պետության պաշտպանության կարիք ունի: Այսօր արեւմտահայերենը կրում են անհատներ եւ կարող է կյանքի բերումով դառնալ լեզվի մեռած հատված: Իսկ մենք արեւմտահայերենով ունենք հսկայական ժառանգություն, որը չպետք է թողենք անտեր»,- ամփոփեց Հրանուշ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել