Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՂՈԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՆԳԱՄ ԹՇՆԱՄՈՒ ՄԱՅՐԸ ՉԼԱՑԻ»

Մարտ 13,2009 00:00

\"\"Որն է կնոջ երջանկության բանաձեւը

Համեստ Ներսեսյանը զոհվածի այրի է ու երեք զինծառայողի մայր: Որդիները կրում են հայկական բանակի գնդապետի, մայորի ու կապիտանի ուսադիրներ: Երեք զինվորի մոր հետ մեր զրույցը՝ կնոջ երջանկության մասին է:

– Հե՞շտ է լինել զինծառայողների մայր:

– Շատ դժվար է: Միշտ անհանգիստ եմ լինում, միշտ: Ամպամած ու անձրեւոտ օրերին չեմ կարողանում քնել՝ հանկարծ հակառակորդը թաքուն չանցնի սահմանը, հանկարծ որդիներիս բան չլինի: Ուշ զանգերը ստիպում են սրտիս քառակի, հնգակի արագ զարկել: Վերջերս մի, չգիտեմ՝ ծիծաղելի անվանեմ, թե չէ, դեպք եղավ: Գիշերվա կեսին հեռախոսը զանգեց: Որդիս՝ Անդրեյը, տանն էր: Ես այնքան վախեցա այդ զանգից, այդ վախից այնպես կորցրի ինձ, որ երբ խնդրեցին կանչել որդուս, մի պահ մոռացա նրա անունը ու չգիտեի, թե ինչպես կանչել, ստիպված կանչեցի հիշածս առաջին պատահական անունը: Հիմա դա մեր տանը կատակի են վերածել, ու ամեն անգամ դիրքերից տուն գալիս որդիս բացում է դուռն ու ասում. «Մամ, անունս Անդրեյ է, որ ինձ ուզող լինի՝ կկանչես»: Ամեն օր աղոթում եմ: Դա հոգու պահանջ է դարձել պատերազմի սկզբնական օրերից: Տանը անկյուն ունեմ՝ սրբերի պատկերներով, մոմեր եմ վառում ու աղոթում եմ, որ խաղաղություն լինի, որ անգամ թշնամու մայրը որդու կորստից չլացի: Աղոթում եմ, որ միակ (առայժմ՝ միակ) տղա թոռնիկս, որ կրում է իր պապի անունը, հաջողակ լինի եւ ապրի շատ երկար՝ ե՛ւ իր բաժին կյանքը, ե՛ւ իր պապի չապրած տարիները: Երբ ճաշ եմ պատրաստում՝ փողոցի կատուներին ու թռչուններին էլ եմ բաժին հանում: Դրանք էլ Աստծո ստեղծածն են: Թող Աստված էլ իմ որդիներին, բոլորիս որդիներին պահի-պահպանի:

– Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ուրախությունը:

– Երբ երեք որդիներս էլ իրենց ընտանիքներով հավաքվում են: Այդպիսի հավաքույթներին նրանք ձգտում են իմ ներկայությամբ բանակից չխոսել եւ իմ բոլոր հարցուփորձերին պատասխանում են միանշանակ՝ մեզ ոչ ոք չի կարող հաղթել:

– Ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ:

– Անարդարությունը: Ուզում եմ, որ երիտասարդների արածը գնահատվի: Գտնում եմ, որ զինծառայողը պետք է հարմար բնակարան ունենա, որ դիրքեր գնալիս տղամարդու ուշքն ու միտքը տան կենցաղային հարցերի վրա չլինի: Այսօր դեռ կան նկուղներում ապրող զինծառայողների ընտանիքներ: Վերջերս մեր թաղամասը գիշերները դարձել է գայլերի ազատ ելումուտի վայր: Փողոցային լուսավորություն չկա, եւ մթնելուց հետո այլեւս ոչ ոք քաջություն չի ունենում անգամ սեփական բակ դուրս գալ: Իսկ ուշ ժամերին իրենց տներ են վերադառնում զինծառայողները, նրանց ընտանիքի անդամներն են տարբեր պատճառներով բակ դուրս գալիս:

– Դժվար իրավիճակներում ումի՞ց եք առաջին հերթին աջակցություն սպասում:

– Միայն իմ որդիներից, այստեղ ես ոչ ոք չունեմ, միայն նրանք կարող են հասկանալ իմ տխրության պատճառը եւ իսկույն օգնության ձեռք մեկնել:

– Շնորհավորե՞լ են Ձեր մարտի 8-ը:

– Իհարկե: Նրանք ինձ սրճարան են հրավիրել ու ծաղիկների գեղեցիկ փունջ են նվիրել:

– Ո՞րն է կնոջ երջանկության Ձեր բանաձեւը:

– Կարծում եմ՝ այն նույնն է բոլոր հայ կանանց համար: Աշխատանքից ժպիտը երեսին տուն վերադարձած ամուսին ու մեկ էլ իրենց ընտանիքներով երջանիկ զավակներ: Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր կանանց ու աղջիկներին կանանց միամսյակի առիթով եւ խնդրել, որ նրանք երբեք չընկճվեն: Նեղ օրը կարճ է լինում, չպետք է հուսահատվել: Նոր ընտանիք ստեղծողներին էլ ցանկանում եմ լինել համբերատար ու կանացի, որովհետեւ բոլոր ժամանակներում էլ ճշմարիտ կանացին եղել է առաջին տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել