Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՄԿԵՏԱՆՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՎ

Մարտ 13,2009 00:00

Նոտարի տված վկայականը վարչական դատարանում

2007թ. նոյեմբերի 17-ին մահացել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակչուհի Լիլիթ Զաքարյանի մայրը՝ Մանյա Զաքարյանը: Նա բնակվել է Երեւան քաղաքում: Օրենքով սահմանված կարգով՝ վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, Լ. Զաքարյանը 2008թ. մարտի 28-ին դիմել է «Կենտրոն» տարածքային նոտարական գրասենյակ: 2008թ. մայիսի 19-ին նոտար Էմմա Շաբոյանի կողմից տրվել է, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայական՝ թիվ 1346 ժառանգական գործով:

Լիլիթ Զաքարյանի մորաքույրը՝ Երեւանի բնակչուհի Սուսաննա Վարդանյանը, բաց թողնելով վեցամսյա ժամկետը, նոտարական գրասենյակ է ներկայացրել Մանյա Զաքարյանի կտակը, որի համաձայն՝ Մանյա Զաքարյանը ողջ գույքը կտակել է իրեն: Նոտարի կողմից մերժում ստանալով՝ Սուսաննա Վարդանյանը հայց է հարուցել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Լիլիթ Զաքարյանի եւ «Կենտրոն» տարածքային նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի: Էմմա Շաբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արմենուհի Առաքելյանին հասցեագրած գրավոր տեղեկանքով հայտնել է այն մասին, որ Երեւանի Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց (16) 48 շենքի 51 բնակարանի վերաբերյալ, ըստ կտակի, ժառանգությունն ընդունելու համար Սուսաննա Վարդանյանը «Կենտրոն» նոտարական գրասենյակ չի դիմել եւ, ըստ կտակի, ժառանգական գործ չի կազմվել եւ այդ տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչական դատարան:

Դատաքննությունը դեռեւս ավարտին չհասած եւ վերջնական դատական ակտ չկայացված՝ նույն նոտարը՝ Էմմա Շաբոյանը, խախտելով ՀՀ քաղօրի 1246-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այս անգամ հիմք ընդունելով «ժամկետանց» կտակը, մոռանալով, որ մեկ անգամ արդեն ժառանգություն է «բացել» հանգուցյալի աղջկա անունով, Սուսաննա Վարդանյանին տվել է, ըստ կտակի, ժառանգության իրավունքի վկայագիր:

Նոտարի դեմ հայց ներկացրած Լ. Զաքարյանի փաստաբանը նշում է, որ Շաբոյանը բացահայտ եւ կոպիտ կերպով խախտել է ՀՀ քաղօրի 1225-րդ հոդվածի պահանջը, որը սահմանում է, որ ժառանգության մի մասի ընդունում՝ նշանակում է ամբողջ ժառանգության ընդունում (ինչից էլ այն բաղկացած լինի եւ որտեղ էլ այն գտնվի): Իսկ նույն Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ժառանգական գույքի նկատմամբ վեճ լինելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագրի տալը կասեցվում է՝ մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Լիլիթ Զաքարյանի ամուսինը զոհված ազատամարտիկ է, եւ վերջինիս ընտանիքը նոտար Էմմա Շաբոյանի ապօրինի գործողությունների հետեւանքով զրկվել է Սահմանադրությամբ ամրագրված իր սեփականության իրավունքից: Նրանց խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ: Ընտանիքն ապրում է վարձով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել