Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որ մեռնեմ, ոչ թաղող ունեմ, ոչ էլ՝ վրես լացող»

Մարտ 13,2009 00:00

\"\"35-ամյա Գոհարը «բոմժ» է. նա երեխաներին հանձնել է մանկատուն, որպեսզի իր նման «բոմժություն» չանեն ու գոնե տաք կերակուր ուտեն:

«Մեծ տղաս՝ Արմենը, 2 տարեկան էր, իսկ փոքրս՝ Տիգրանը, 1, երբ նրանց տարա մանկատուն: Ուրիշ ճանապարհ չունեի. կամ սովից մեռնելու էին, կամ էլ մանկատանն էին մեծանալու, ոչ փող ունեի, որ ուտելիք գնեի, ոչ էլ՝ մնալու կարգին տեղ, բայց նրանց չեմ մոռացել: Առաջ, երբ նոր էի մանկատուն հանձնել, ավելի շատ էի գնում երեխեքիս տեսնելու, բայց ասացին, որ ավելի ուշ-ուշ գամ, հիմա էլ տարին մեկ անգամ եմ գնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գոհար Մամոյանը: 35-ամյա Գոհարը հանգամանքների բերումով հայտնվել է փողոցում ու ոչ մի հարազատ չունի:

Նա արդեն մի քանի շաբաթ է, ինչ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտակայքում գտնվող նորակառույց գետնանցումի մի անկյունում ստվարաթղթերից իր համար փոքրիկ կացարան է պատրաստել ու անցորդներից փող ու ուտելիք է ուզում կամ ծխախոտ, ասում է՝ ատամնացավի համար է:

«Տասը տարի ամուսնուցս բաժանվել եմ, Երասխահուն գյուղում էի ամուսնացել, ճիշտ է, ամուսնությունը քաղցր բան է, բայց գյուղի ծանր աշխատանքին չէի կարողանում դիմանալ, ամբողջ օրը աշխատացնում էին, ես էլ շուտ հոգնում էի ու լացում, բայց իմ լացին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նույնիսկ՝ ամուսինս: Վերջը՝ փախա-եկա Երեւան ու էդ ժամանակ էլ երեխեքիս մանկատուն հանձնեցի: Ճիշտ ա, էն ժամանակ վիճակս ավելի լավ էր, գոնե տաք անկողնում էի քնում ու սոված չէի մնում, բայց հիմա փողոցներն ընկած ուտելիք եմ փնտրում, փող մուրում ու էս սառը բետոնի վրա էլ քնում»,- ասաց Գոհարը:

«Լավ ծնողներ ունեի, ինձ շատ էին սիրում, միասին ապրում էինք, երբ գյուղից փախա-եկա՝ մենակ իրանք ինձ օգնեցին, իրանց հետ էի ապրում, էդ ժամանակ երեխեքիս ավելի շատ էի տեսնում, բայց նրանց մահից հետո մենակ մնացի ու սկսեցի փողոցներում ապրել: Ամբողջ օրը քայլում եմ, որ չմրսեմ, էստեղ շատ ցուրտ ա, բայց գոնե ծածկի տակ եմ, անձրեւի ժամանակ գոնե չեմ թրջվում: Նստում եմ էստեղ ու ուսանողներից փող ուզում, բայց ոչ ոք չի տալիս, վախենում են մոտենալ, մեկ-մեկ, երբ էստեղ չեմ լինում՝ ուտելիք են դնում, որ գամ-վերցնեմ, բայց դա էլ մեծ բան է, գոնե սոված չեմ մնում»,- ասաց գետնանցումի նոր բնակիչը:

Գոհարի պատմելով՝ օրերով քաղցած է մնում, միայն ջուր է խմում. «Եղել են օրեր, որ մի քանի օր սոված եմ մնացել, ինձ շատ վատ զգացել, անգամ գիտակցությունս եմ կորցրել, բայց մի կերպ ոտքի եմ կանգնել: Աղբանոցներից ուտելիք ու շորեր եմ հավաքում ու ինչ գտնում՝ հագնում եմ: Էն ժամանակ ջահել էի ու առանց մտածելու տնից փախա ու երեխեքիս մանկատուն հանձնեցի: Նոր եմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, հիմա որ մեռնեմ՝ ոչ թաղող ունեմ, ոչ էլ՝ վրես լացող»:

Գոհարը, հայտնվելով անելանելի վիճակում, հույսը չի կորցնում, համոզված է, որ ցրտին ու սովին կդիմանա, միայն թե՝ երեխաներին կարողանա հաճախ տեսնել. «Չեմ կարող ուրիշ տեղ ապրել, էստեղ գոնե երեխեքիս մոտիկ եմ, ի՞նչ իմանամ՝ ինձ ուր կտանեն, ես մենակ մահից եմ վախենում, չեմ ուզում էսքան շուտ մեռնել, գոնե տեսնեմ երեխեքս ոնց են մեծանում, հիմա էլ օրերը տաքանում են, ուտելիք ճարելը ավելի հեշտ ա, ու ես էլ էդքան չեմ մրսի, կարեւորն էն ա, որ չեն նեղացնում ու վռնդում էստեղից, մենակ շներից եմ շատ վախենում, շատ ա եղել, որ գիշերով վրես են հարձակվել, ստիպված մոտիս ուտելիքը նրանց եմ տվել»:

Չնայած նա երիտասարդ կին է, բայց մարդիկ խուսափում են շփվել Գոհարի հետ: Կնոջ պատմելով՝ իր սրտում կա մեկը, որը միշտ պաշտպանում է իրեն, ու գտնված մի կտոր հացը երկուսով են ուտում: «Սերոժը ինձ նման մեկն է, ով ոչ ընտանիք ունի, ոչ տուն, հիմա նա է իմ միակ բարեկամը, ամբողջ օրը միասին ենք թափառում, ու ինչ գտնում ենք՝ երկուսով ենք ուտում, Սերոժը մեկ-մեկ եկեղեցում փող ա հավաքում, բայց ես չեմ գնում, որովհետեւ ինձ էնտեղի մուրացկանները դուրս են անում, ասում են՝ իրանց բաժին փողն եմ վերցնում, բայց Սերոժն իր հավաքած փողից ինձ համար էլ է ուտելիք առնում, բայց մեկ ա, ամբողջ օրը սոված ենք մնում»,- պատմեց Գոհարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել