Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ

Մարտ 13,2009 00:00

\"\"Մայրաքաղաքի ոստիկանները, կարելի է ասել, ամբողջ անձնակազմով տեղափոխվել էին Գյումրի

Երեկ վաղ առավոտից գյումրեցի տաքսու վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանի շենքի մոտ՝ փակելով կենտրոնական փողոցն ու պարալիզացնելով տրանսպորտի աշխատանքները: Նրանք մայրաքաղաքի ոստիկաններից պահանջում էին վերջ տալ «կամայականություններին» ու անհապաղ լքել Գյումրին: Վարորդների ներկայացմամբ՝ ոստիկանները սկսել են հետապնդել ու տեղի-անտեղի տուգանել իրենց: «Գյումրին խոպա՞ն են դարձրել, որ մեկը քնից ելնի, Գյումրի պիտի գա՝ փող շինի՞: Ինչո՞ւ են ընկել գյումրեցու հետեւից: Օլիգարխ չմնաց, որ Գյումրիում տաքսի սերվիս չհիմնադրի, հիմա էլ ոստիկանների՞ն են գլխներիս գող ուղարկել, ի՞նչ է, Գյումրիում ոստիկան չկա՞, որ տաքսիստներին վերահսկի: Մենք չգիտենք մի գյումրեցի, ով էս կառավարությունից գոհ լինի, էս կառավարության ձեռքը ժողովուրդը կալանավոր է դարձել, գնացեք գյումրեցիներին հարցրեք, թե ո՞րը հացի փող ունի: Օրական 1000 դրամ փող ենք փախցնում, բայց էսօր ստիպված ենք վրեն 15 հազար դնել, որ պետությանը մուծենք: Սա շնո՞րհք է: Հերիք չէ՞ կառավարությունը իր էշը քշի, Սահակաշվիլու վրա կխնդայինք, բայց երեկ Սահակաշվիլին խնդաց մեր կառավարության վրա, շատ էլ ճիշտ արեց, ի՞նչ է՝ պարտադիր ուրիշը պիտի ասի, որ ազդվե՞ն, հարեւան Վրաստանում մեքենայի տարիքային սահմանափակում կա՞: Ասում են, թե ընկեր Նանյանն էլ 90 հատ տաքսի է բերել Գյումրի, էլ էդ կինը ինչո՞ւ պիտի մեր հարցերը կառավարությունում բարձրացնի»,- դժգոհում էին տաքսիստները: Նրանց հավաստիացմամբ, մայրաքաղաքի օլիգարխները եւս տաքսի սերվիսներ են հիմնադրել Գյումրիում ու այնպիսի պայմաններ են ստեղծել, որ տաքսու վարորդները գան ու ստրուկի պես՝ օրը 1000 դրամով իրենց մոտ աշխատեն:

Վարորդները նաեւ դժգոհեցին, որ Գյումրիում «խայտառակ» թանկացումներ են՝ մայրաքաղաքի աչքից ու ականջից հեռու՝ ով ինչ գին ուզում՝ սահմանում է: «Հլը մտեք գազի գները հարցրեք, Երեւանի զապռավկեքում գազը 120-130 դրամ է, գնացուցակներն էլ ապակիներին փակցված են: Ստեղ՝ 160 է, գնացուցակ էլ չկա, ո՞վ է տերը, պեսոկը 300 դրամ է, եկեք տանիմ ցույց տամ, հենց Տեքստիլ փողոցի վրա: Էդ կառավարության աշխատողները հլը թող մի հատ գային, զապռավկեքի տերերին հարցնեին, թե ինչո՞ւ գնացուցակ չկա փակցված, թե՞ էդքան ռիսկ չունեն, պատգամավորների՝ միլիոնատերերի զապռավկեք են»,- ասում էին վարորդները:

Իսկ առավել շատ նրանք զայրացած էին այն փաստից, որ տրանսպորտային տեսչությունը թեեւ իրենց տուգանում է, սակայն գաղտնի է պահում տուգանքի չափը, այդպիսի մի փաստաթուղթ այս պահին մեր ձեռքի տակ կա. տեսուչ Գ. Մկրտչյանը արձանագրություն է կազմել, տուգանել է վարորդներից մեկին, սակայն «ալարել» է նշել գումարի չափը:

Ըստ վարորդների, այս մեթոդը փող աշխատելու ամենահեշտ ձեւերից մեկն է: Վարորդները նաեւ դժգոհեցին, որ իրենցից փող պահանջողը նախեւառաջ պիտի մտածի քաղաքի փողոցների մասին, իսկ Գյումրիում ոչ միայն փողոց չի մնացել, այլեւ համաշխարհային ճգնաժամի հետ կապված՝ «թռցրել» են փողոցների դիտահորերի բոլոր կափարիչները, որպես մետաղի ջարդոն հանձնելու համար: Այսինքն՝ փողոցով երթեւեկել այլեւս հնարավոր չէ, ամենուր փոսեր են: «Դա նշանակում է, որ օրումեջ մենք ավտոյի վրա փող պիտի ծախսենք, հիմա ո՞ր մեկը հասցնենք՝ պետության սահմանած հարկ ու տո՞ւրքը, թե՞ ավտոն սարքենք: Կոնկրետ գումար սահմանեք՝ գանք մուծենք, ուզածներդ ի՞նչ է, տաքսու վարորդի հետեւից ընկնել՝ նշանակում է Հայաստանի 70%-ի հետեւից ընկնել: Կամ՝ որ մեքենային տարիքային սահմանափակում են դնում՝ չե՞ն ամաչում, գնացե՛ք շտապօգնության մեքենաների մասին մտածեք, որ հիվանդը մեջը կորչում է: Եթե ավտոն հին է՝ ինչի՞ եք փող փախցնում՝ տեխասմոտր անցկացնում, ասեք՝ ախպեր ջան, քո ավտոդ հին է, գնա՝ թափի, թող ակտավորեն, դուրս գրեն»,- ասում էին վարորդները՝ սպառնալով իրենց հարցին լուծում չտալու դեպքում հրապարակավ՝ մարզպետարանի շենքի դիմաց այրել բոլոր մեքենաներն ու շարժվել դեպի Թուրքիայի սահման:

Նրանց մարզպետարանի դահլիճում ընդունեցին 2 փոխմարզպետները՝ հանրապետական Միքայել Վարդանյանն ու ԲՀԿ-ական Սամվել Պետրոսյանը: Վերջիններս, փորձելով մեղմել վարորդների զայրույթը, խոստացան Գյումրիի առանձնահատկությունները մեկ անգամ եւս բարձաձայնել կառավարությունում: «Այն հարցերը, որոնց կարող ենք միջամտել, կփորձենք լուծել, ձեր բարձրացրած ցանկացած հարց չի վերաբերում միայն Գյումրի քաղաքին, սա ամբողջ հանրապետության մասշտաբով է, այս հարցը պիտի լուծեն Ազգային ժողովի պատգամավորները, բայց ամեն ինչ մեկից չի ծնվում»,- ասաց Միքայել Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել