Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտ 13,2009 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԸ ՆԵՂ Է

\"\"«Հայաստանի կառավարությունը պետք է անցնի խնայողությունների խիստ ռեժիմի: Պետք է հնարավորինս խնայենք պետական միջոցները եւ ծախսենք մեր եկամուտներին համահունչ: Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները հունվարին կտրուկ վատացել են, ինչը նշանակում է, որ մենք պարտավոր ենք պատրաստ լինել վատագույն սցենարին: Պետք է խնայենք եւ ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հարկեր հավաքել»,- երեկ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ներկայացմամբ, անձեռնմխելի կմնան միայն սոցիալական ծախսերը՝ նպաստները, կենսաթոշակները եւ աշխատավարձերը, իսկ մնացած ոլորտներում կարվեն խիստ խնայողություններ: Երեկ վարչապետը հոռետեսական կանխատեսումներ է արել. «Բազմաթիվ դժվարություններ են առաջանալու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործառույթների առումով: Պարտավոր ենք հաղթահարել, այլ ճանապարհ չկա»:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ երեկվա նիստում հարկային մարմիններին կոչ է արել այս տարի ապահովել հարկային մուտքերը, միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարության պահուստային ֆոնդում մնացել է ընդամենը 3 միլիարդ դրամ, որը ծախսվելու է «ծայրահեղ դեպքում»:

Երեկվա նիստում ընդունված որոշմամբ, պարզեցվել է 1 ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ լիցենզավորման գործընթացը եւ նվազագույնի է հասցվել պահանջվող փաստաթղթերի ցանկը: Նախատեսվում է նաեւ, կառավարության որոշմամբ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմում ստեղծել երկաթուղու զարգացման ծրագրերի վերլուծության վարչություն, որը կնպաստի երկաթուղային տրանսպորտի գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:

ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱ

«Վերականգնեք մեր սեփականության իրավունքները: Արդարություն, արդարություն: Վարչապետ՝ ստախոս» եւ նման կոչերով երեկ մայրաքաղաքի իրացման գոտու բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նշենք, որ արդեն մեկ ամիս է՝ ինչ կառավարության շենքի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները ցուցարարներին չեն թողնում մոտենալ կառավարության շենքին, եւ նրանք ստիպված իրենց բողոքներն ու բացականչությունները կառավարության անդամներին են փոխանցում Հանրապետության հրապարակի շատրվանների մոտից:

«Առավոտի» հետ զրույցում ցուցարարները դժգոհեցին, որ արդեն որերոդ տարին է՝ իրենք չեն կարողանում մասնակցել ընտրություններին, քանի որ գրանցում չունեն. «Մենք մեղավո՞ր ենք, որ մեզ մեր տներից հարկադիր դուրս են արել, ու հիմա էլ տուն չունենք, որ գրանցվենք»:

Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել նաեւ Վաչագան Հակոբյանը: Նա առաջադրվելու է «Ժառանգություն» խմբակցության կողմից եւ փորձում է տեղ ունենալ Երեւանի ավագանու կազմում: Վ. Հակոբյանի ներկայացմամբ. «Պարզվեց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր օրենքով՝ թեկնածու լինելու համար մարդը պետք է 3 տարի փաստացի գրանցում ունենա Երեւանում եւ հաշվառված լինի որեւէ հասցեում: Իսկ քանի որ ինձ իմ տնից դուրս են վռնդել՝ ես որեւէ տեղ հաշվառում չունեմ: Իսկ Ռոբերտ Քոչարյանը 10 տարվա գրանցում ունե՞ր Հայաստանում, որ նախագահ դարձավ»:

Ն. Բ.

ՃԳՆԱԺԱՄԻ «ՊԻԿԸ»՝ ԱՇՆԱՆՆ ՈՒ ԵԿՈՂ ԳԱՐՆԱՆԸ

Հայաստանում միջազգային ֆինանսական տնտեսական ճգնաժամի «պիկը» զգացվելու է այս տարվա աշնանն ու եկող տարվա գարնանը եւ դրանց արտահայտումը, մասնավորապես, լինելու է տրանսֆերտների ծավալի նվազումը, ինչն անցյալ տարի չի գրանցվել: Երեկ ասուլիսի ժամանակ նման կանխատեսում է արել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, բավականին բարձր գնաճը, տնտեսական անկումն արդեն իսկ դրա վառ ապացույցն են: Բ. Ասատրյանի խոսքերով, որեւէ պաշտոնյա ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ անցյալ տարվա վերջին եռամսյակը փակվել է 20% տնտեսական անկումով: Ըստ ԿԲ նախկին նախագահի, ապրիլի 1-ից էլեկտրաէներգիայի ու գազի գների թանկացումը շղթայական ռեակցիա է առաջացնելու, իսկ հետագա սպասումներն ավելի ծանր են լինելու: Ճգնաժամի ազդեցության պատճառով առաջացած ծանր խնդիրներից մեկն էլ, որի առաջ շուտով կանգնելու է մեր երկիրը՝ գործազրկությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել