Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱՎԱՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Մարտ 13,2009 00:00

Դրամի արժեզրկման հետեւանքով, մայրաքաղաքի մի շարք գրավատներում տոկոսադրույքը բարձրացել է՝ 7-8%-ից հասնելով մինչեւ անգամ 18-20%-ի:

Կենտրոնական բանկի կողմից Հայաստանում լողացող փոխարժեքին անցնելու որոշումից հետո, մեր երկրում գործող առեւտրի կետերը, բանկերը եւ այլ ֆինանսական կառույցներ սկսեցին վերանայել իրենց գործունեությունը: Թանկացան ներկրվող եւ տեղական գրեթե բոլոր ապրանքատեսակները, իսկ ծառայություններ մատուցող շատ ընկերություններ փոխեցին իրենց գնային քաղաքականությունը: Ուշագրավ է, որ շատ տնտեսվարողների համար դոլարի արժեւորումը պարզապես հավելյալ եկամուտ ստանալու պատրվակ էր, քանի որ փոփոխվել են այնպիսի ծառայությունների մատուցման պայմանները, որոնք, թերեւս, չեն առնչվում դոլարի արժեզրկման հետ:

Մայրաքաղաքում գործող գրեթե բոլոր գրավատները բարձրացրել են տոկոսադրույքները, այն դեպքում, երբ գրավատներում գործարքները սովորաբար կատարվում են միայն հայկական դրամով: Այսինքն՝ ոսկին կամ գույքը գնահատվում են միայն դրամով՝ շուկայական արժեքին համապատասխան, իսկ գրավատունն էլ տոկոսները վճարում է միայն դրամով: Որոշ գրավատների դոլարի արժեւորումն այնքան է ոգեւորել, որ նրանք տոկոսադրույքները 6-8%-ից հասցրել են մինչեւ անգամ 18-20%-ի:

Մարտի 3-ին, լողացող կուրսին անցնելու պաշտոնական հայտարարությունից հետո, գրեթե բոլոր գրավատները միաձայն որոշել էին սպասարկում չիրականացնել. ոչ միայն գրավ չէին վերցնում, այլեւ բոլոր այն հաճախորդներին, որոնց տոկոսի վճարման օրն էր, խնդրում էին մուծումը կատարել մի քանի օր ուշացումով: Իսկ մի քանի օր հետո, երբ գրավատների հաճախորդները գնացել են տոկոսադրույքները վճարելու, անակնկալի են եկել, քանի որ ավելացվել է գրավադրված իրերի համար վճարվելիք տոկոսի գումարի չափը: Եթե նախկինում, ասենք, 25 գրամ գրավադրված ոսկու համար վճարվելիք տոկոսի գումարը կազմում էր 7-8 հազար դրամ, ապա հիմա այն կազմում է արդեն 10-11 հազար դրամ: Ընդ որում, պայմանների փոփոխությունը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր նոր են պայմանագիր կնքում գրավատան հետ, այլ նաեւ նախկին հաճախորդներին: Նկատենք, որ դեռ այս տարվա սկզբից որոշ գրավատներ 1-2%-ով սկսել էին բարձրացրել տոկոսադրույքները՝ այդ հանգամանքը պայմանավորելով տնտեսական ճգնաժամով:

«Առավոտը» մի քանի գրավատներից փորձեց պարզել, թե ի՞նչ ուղղակի ազդեցություն է ունեցել դոլարի արժեւորումը իրենց ընկերության գործունեության վրա:

«Վալգե» գրավատան տնօրեն Վահե Մաթոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց մոտ տոկոսադրույքները բարձրացել են. «Մինչեւ այս եղել է ամսական 5- 6%՝ կախված գումարի չափից, հիմա այդ տոկոսները դարձել են 7 եւ 8: Բանն այն է, որ դոլարի թանկացման հետ կապված՝ մեր գրավատունը կրեց շատ մեծ ֆինանսական կորուստներ, եւ առաջին մի քանի օրերին ես տրամադրված էի, որ ընդհանրապես գրավատունը պիտի փակվի, քանի որ շատ դժվար է աշխատել այն պայմաններում, երբ կուրսը կայուն չէ: Մի քանի օր հետո մենք որոշեցինք, որ շարունակում ենք աշխատել: Ապագայի մասին դեռեւս ոչինչ չեմ կարող ասել»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է գրավատունը դոլարի կուրսի հետ կապված թանկացումներ անում, եթե բոլոր պայմանագրերը կնքվում են դրամով, պարոն Մաթոսյանը պատասխանեց. «Մենք ունենք վերցրած փոխառություններ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, որոնց մեծ մասը դոլարով է արվել, այսինքն՝ դոլարին համարժեք դրամով: Մենք վարկեր ենք տրամադրում դրամով եւ հետ ենք վերցնում դրամով, սակայն մեր պարտավորությունների մեծ մասը՝ գրեթե 90%-ը, դոլարով է»: Այն հարցին էլ, թե դոլարի արժեւորման առաջին օրերին ինչո՞ւ մարդկանցից վճարներ չեն ընդունել, նա պատասխանեց. «Մենք այդպիսի բան չենք ասել: Ասել ենք՝ նոր պայմանագրեր չենք վերցնում: Հին պայմանագրերը հին պայմաններով, այսինքն՝ հին տոկոսադրույքով երկարացնում ենք՝ առանց որեւէ պրոբլեմի: Հին պայմանագրերում փոփոխություններ չենք արել, իսկ նոր պայմանագրերը կնքում ենք նոր տոկոսադրույքով: Եթե մարդիկ չեն ցանկանում, կարող են գալ, վճարել ու հետ վերցնել իրենց ոսկին»: Մեզ հետ զրույցում Վ. Մաթոսյանն ասաց, որ որոշ գրավատներում տոկոսադրույքը հասել է նույնիսկ 15-20%-ի:

Մայրաքաղաքի Ավան համայնքում գործող «Մամա միա» գրավատան տնօրեն Արմինե Մկրտչյանի խոսքերով էլ, տոկոսադրույքի բարձրացման պատճառները տնտեսական ճգնաժամն ու դոլարի արժեւորումն են: Այս ընկերությունում էլ նախկին տոկոսադրույքը 6-ից դարձել է 8 եւ սա տարածվել է եւ հին, եւ նոր հաճախորդների վրա: Մեր հարցին, թե օրենքը չի՞ արգելում արդեն կնքված պայմանագրերում փոփոխություններ անել, Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Մեր պայմանագրերը կնքվում են 1 ամսով: Եթե մարդը համաձայն չէ նոր տոկոսադրույքի հետ, կարող է իր ոսկու համար վճարել եւ հանել, կամ էլ մենք պայմանագիրը նորից ենք ձեւակերպում»: Նրա խոսքերով, դրամի արժեզրկման օրերին առաջացած խուճապի պայմաններում իրենք գործունեությունը չեն դադարեցրել եւ աշխատել են նախկին տեմպով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել