Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր էլ դատ կա

Մարտ 13,2009 00:00

«Յոթի» գործով պաշտպան Ստեփան Ոսկանյանի դիտարկմամբ՝

այն բանից հետո, երբ դատարանի դահլիճում մնաց մեկ ամբաստանվող, դատավորը որոշեց ամեն օր դատ անել:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում «Յոթի» գործով, բայց միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի մասնակցությամբ ընթացող դատավարության երեկվա նիստն ընդամենը 3 ժամ տեւեց, ու այդ ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հասցրեց երկու ընդմիջում հայտարարել:

Դատական երեկվա նիստը սկսվեց պաշտպանների հայտարարություններով, որոնք վերաբերում էին նախորդ օրը Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշմանը: Վերջիններս հայտարարեցին, որ դատավորի այդ որոշումը հիմնավոր չէր, որ պաշտպանը փաստաբանի վարքականոնի որեւէ դրույթ չի խախտել, եւ որ այդ որոշումը եւս մեկ անգամ փաստում է դատավորի կողմնակալության մասին: Ինքը՝ Ստեփան Ոսկանյանը, որը երեկ ներկա էր դատական նիստին, նկատեց, որ որեւէ մեկն իրեն՝ որպես փաստաբանի, չի կարող խորհուրդ տալ, թե ինքը երբ ու հատկապես որ օրը իրականացնի իր պաշտոնեական լիազորությունները այն գործերով, որտեղ եւս ներգրավված է որպես պաշտպան: Իսկ համապատասխան տեղեկանք՝ այլ գործով դատական նիստի մասնակցելու մասին, նա դատավորին ներկայացրել է դեռ մարտի 10-ին: Նա կասկած հայտնեց, թե ամբաստանվողների եւ պաշտպանների իրավունքներն այս դատավարության ընթացքում խախտվում են պարբերաբար, ինչը կասկածի տակ է դնում արդար դատաքննություն եւ արդարադատություն իրականացնելը: Պաշտպանը դատավորից 10 րոպե ընդմիջում խնդրեց՝ իր պաշտպանյալին տեսակցելու համար, որովհետեւ վերջինս, պաշտպանի տեղեկություններով, դատարան էր բերվել վատառողջ վիճակում: Դատավորն, իհարկե, ընդմիջում չհայտարարեց:

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերջին միջնորդությամբ երեկ հանդես եկավ «Մարտի 1-ի» զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը, բայց դատավորն այդ միջնորդությունը ժամանակավրեպ համարեց՝ «նույն հիմքերով պաշտպաններն արդեն միջնորդություն արել են»:

Դատական նիստն ավարտվեց նրանով, որ Գ. Ոսկերչյանը բացարկ հայտնեց դատարանի քարտուղար Վարդուհի Սարգսյանին, որը, ինչպես քաղկալանավորն ասաց, իր պարտականությունները չի կատարում. այն է՝ դատական նիստերից առաջ չի զեկուցում, թե ովքեր են մասնակցում այդ օրվա նիստին, արդյոք դատավարության բոլո՞ր կողմերն են ներկա, եւ եթե ոչ՝ ապա ինչու: Այս միջնորդությանը միացան նաեւ պաշտպան Հովիկ Արսենյանն ու տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը:

Դատավոր Մարտիրոսյանը ընդմիջում հայտարարեց՝ այդ միջնորդությունը քննարկելու համար: Ընդմիջումից հետո որեւէ որոշում չհրապարակվեց, որովհետեւ այդ ընթացքում Գ. Ոսկերչյանի համար շտապօգնություն էր կանչվել: Նրան զննած բժիշկը տեղեկանք էր ներկայացրել, որ Ոսկերչյանը բարձր ճնշում ունի եւ նրան գոնե 3 ժամ հանգիստ է պետք: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել