Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱՆԱ ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 13,2009 00:00

\"\"Փորձագետներն անհրաժեշտ են համարում, որ ներկա ընդդիմությունը փոխի իր մոտեցումները

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երեկ ներկայացրեց «Մեկ տարի անց. համեմատական փոփոխությունների հոգեբանությունը Հայաստանում եւ ԱՄՆ-ում» մենագրությունը:

Մի կողմ թողնելով ամերիկյան իրականության հետ զուգահեռները, որոնք մենագրության մեջ արել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ներկայացնենք մեր իրականության վերաբերյալ արված ուսումնասիրություններից, մեր կարծիքով, առավել ուշագրավ եզրահանգումները: Նախ մեջբերենք ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանի աշխատությունից. «2008-ի նախագահական ընտրությունների տրամաբանությունը. հանրային ընկալումների փոփոխությունը»: Ըստ արված դիտարկման՝ «Մեր հասարակությունը մի տարօրինակ վարքագիծ ունի. նա նպաստում է ընտրակեղծիքներին, ընտրակաշառքներին, սակայն միաժամանակ, կեղծված ընտրությունների հետ չհամակերպվելով, դուրս է գալիս պայքարի: Եթե իշխանությունները վարչական լծակներից բացի չունենան մարդկային ռեսուրսներ, որոնց վրա կարող են հենվել, ապա կեղծիքների հնարավորությունը անհամեմատ կնվազի: Ընդդիմադիր առաջնորդի խնդիրը պետք է լինի նաեւ ուղղորդել մարդկանց ոչ միայն նախընտրական փուլում՝ ձայներ ստանալու, եւ հետընտրական փուլում՝ պայքարի աջակցություն ստանալու, այլեւ շատ ավելի մեծ եւ ընտրություններից շատ ավելի առաջ՝ դարձնելով նրանց գործոն, այլ ոչ թե գործիք»:

Սյուզաննա Բարսեղյանը նաեւ նշել է. «Ամենամեծ մտահոգությունը հետեւյալն է. հիասթափությունը, որը կարող է առաջանալ ապատիայի վիճակից արթնացած զանգվածի շրջանում, վտանգավոր է ողջ հասարակության համար: Եվ անհրաժեշտ է դասեր քաղել նման զարգացումներից: Կարեւոր հետեւությունն այս գործընթացից այն էր, որ ընդդիմադիր նման գործելակերպն այլեւս օրինակ չի կարող լինել նոր ընդդիմության համար: Նոր ընդդիմություն, որն անհրաժեշտաբար պետք է առաջանա եւ լինի բոլորովին այլ որակի, այլ մոտեցումներով եւ ոճով: Մյուս կողմից էլ՝ հասարակական գիտակցության մեջ այնքան է արմատացել ընդդիմադիրի նմանօրինակ «կերպարը»՝ խիստ ծայրահեղ (ռադիկալ), զգայական, իշխանական յուրաքանչյուր գործ եւ գործողություն հերքող, որ դրանից տարբերվող՝ ավելի ոչ ծայրահեղ, ոչ զգայական, հստակ ծրագրերով, իրատեսական մոտեցումներով առաջնորդը կամ քաղաքական ուժը շատ մեծ դժվարությամբ կզբաղեցնի «նոր ընդդիմության» իր տեղը»:

«Առավոտի» հարցին, թե ասպարեզում տեսնո՞ւմ է քաղաքական գործիչների կամ ուժերի, որոնք կարող են հանդես գալ իբրեւ նոր ընդդիմություն՝ ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգողն այսպես արձագանքեց. «Այդ միտքը գրելիս՝ ես բոլորովին չեմ ցանկացել անձնավորել կամ դա նշել որպես բնութագրական որեւէ ուժի համար: Կարեւոր չէ, թե ով դա կլինի: Ես երեւույթն եմ ներկայացրել, այսինքն՝ նոր ընդդիմության պահանջարկ ասելով՝ նկատի ունեմ ա՛յդ մոտեցումներով ընդդիմություն: Միգուցե այն ընդդիմադիր ուժերն էլ, որոնք այժմ ներկայացնում են ընդդիմադիր դաշտը՝ փոխվեն: Եվ խոսքը ոչ թե նրանց անձնապես փոխվելու մասին է, այլ՝ մոտեցումները փոխելու: Նոր ընդդիմություն ասելով՝ դա նկատի ունեի, այսինքն՝ ոչ թե նոր դեմքերով (գուցե եւ նոր դեմքերով, գուցե եւ՝ ոչ), այլ ներկայի՛ս ընդդիմությունը՝ նո՛ր մոտեցումներով: Հավանաբար պիտի գրեի՝ նոր որակի ընդդիմություն»:

Մի քանի մեջբերումներ անենք նաեւ «Նախագահական ընտրությունների հոգեբանական առանձնահատկությունները» աշխատությունից, որը հեղինակել է ՌԱՀՀԿ փորձագետ Արմինե Ղազարյանը: «Հայաստանում ցանկացած ընտրություն (ՏԻՄ-ից մինչեւ նախագահական) հաստատել է հատուկ բանաձեւ եւ քրեական կարգուկանոն՝ կարեւոր չէ, թե ով է ընտրվում՝ գող, խուլիգան, անգրագետ, միայն թե իշխանական թեկնածուն լինի: Այսպես, Հայաստանում ընտրություններով հաստատվեց իշխանությամբ իշխանություն ձեւավորելու ավանդույթ»,- նշել է նա:

«Շարժման» առանձնահատկությունները ենթաբաժնում, անդրադառնալով համաժողովրդական շարժման առաջնորդին, Արմինե Ղազարյանը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ հաղթահարել այն հուզական պատնեշը, որ կար իր եւ ժողովրդի միջեւ: Սակայն միեւնույն է՝ մնաց ընդդիմադիր մի հատված, մի ընտրախավ, որը կարիք ուներ նրա ապաշխարմանը, եւ այդ հատվածի միայն մի մասը մինչ ընտրությունները որոշեց նրան աջակցել, իսկ մյուս մասը՝ միայն անմիջապես ընտրություններից հետո՝ հիասթափվելով բացահայտ օրինախախտումներից»: Փորձագետը նաեւ նշում է. «Ակնհայտ է, որ ընդդիմության շարքերում շատերը, մի կողմ թողնելով անձնային համակրանքը, միացել են առաջին նախագահին միասնական նպատակի համար, ավելին, իր խոսքերով՝ «ինձ գործիք օգտագործեք՝ ազատվելու ներկայիս իշխանություններից ու նրանց ռեժիմի ժառանգորդներից»՝ մարդիկ շատ պարզ ընկալել են: Ժողովրդի որոշակի զանգված, գուցե ենթագիտակցորեն, «տիրապետում է» նաեւ այն գաղափարին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից իշխանությունը «ետ պահանջելը», «ետ առնելը» ավելի «դյուրին է», քան Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ժառանգորդից: Այսինքն՝ ժողովուրդն օգտագործելու էր Լեւոն Տեր-Պետրոսյանին որպես իշխանափոխության «լավագույն թեկնածու» կամ «գործիք»՝ գիտակցելով, որ միայն նա կարող է պայքարել իշխող վարչակազմի դեմ, «իշխանություն» զավթած անձանց դեմ: Հետագայում՝ «գործն» ավարտելուց հետո, ժողովուրդը պայքարի սլաքը կուղղեր դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ժամանակի մեջ օբյեկտիվորեն թուլանում է շարժումը, ժողովուրդը չի կարող տեւապես կլանված հետեւել ընդդիմության պայքարին: Առօրյա հոգսերն ու խնդիրները լուծելու հրամայականով մարդիկ զբաղված են առաջնային պահանջմունքների բավարարմամբ: Սակայն, մյուս կողմից, շարժումը թուլանում է, երբ առաջնորդը լրատվություն, խրախուսանք չի «փոխանցում» իր զանգվածին:

Մեկ տարի անց ե՛ւ Շարժումը, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմության վարքագիծը որոշակի փոփոխություններ են կրել, մասնավորապես՝ առաջնահերթությունը քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց ազատագրման խնդիրն է դարձել, որը նաեւ ընդդիմության եւ իշխանության «յուրահատուկ երկխոսության» կորիզն է, եւ եթե իշխանությունը չի ցանկանում այլ խնդիրների շուրջ բեւեռել ընդդիմության ուշադրությունը կամ հասարակական այլ հարաբերություններում ընդդիմության «աշխատանքը» կամ վերահսկողությունն ունենալ, ապա ամենահարմար «թեման» արդեն իսկ «ծեծված» ու հոգեբանորեն հասարակության «հանդուրժողականությունը» ձեռք բերած՝ քրեական շինծու գործերն են»:

Հ. Գ. Փորձագետների այս տեսակետների վերաբերյալ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանություն ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, որը ներկա էր քննարկմանը: Նրա տեսակետը կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել