Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՇԻՐԱԿՈՒՄ

Մարտ 13,2009 00:00

Երեկ պաշտոնից ազատել են Շիրակի մարզի ոստիկանապետ Արտյուշա Հարությունյանին՝ նրա փոխարեն Գյումրի տեղափոխելով Երեւանի Մաշտոցի բաժնի ոստիկանապետ Արամ Տեր-Թովմասյանին, ով, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարեկամն է: Նոր ոստիկանապետի եղբայրը եւս աշխատում է այս համակարգում՝ կազմակերպված հանցագործությունների դեմ տարվող պայքարի 6-րդ վարչության բաժնի պետ է:

Շիրակի ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը, մեր լավատեղյակ աղբյուրների խոսքերով, այն է, որ ոստիկանապետը «կոծկել է» ամբողջ հանրապետությանը հայտնի հանցագործություններից մեկը՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ վերջերս կատարած դանակահարությունը: Սակայն նշենք, որ սա ընդամենը պատրվակ էր, ոստիկանապետին մտադրված էին ազատել դեռ մի քանի ամիս առաջ՝ մարզում հանցագործությունների բացահայտման ցածր ցուցանիշ ապահովելու պատճառով: Այս առիթով նրան դիտողություն են արել ոչ միայն վերջին կոլեգիայի նիստում, այլեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գյումրի կատարած բազմաթիվ այցելությունների ընթացքում: Ըստ շարքային ոստիկանների՝ ոստիկանապետը ճամպրուկային տրամադրության մեջ էր դեռեւս մեկ ամիս առաջ. իրերը վաղուց հավաքել էր կաբինետից: Երեկ նոր ոստիկանապետ են նշանակել նաեւ Գյումրիում. նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանին վերադարձրել են իր պաշտոնին: Հիշեցնենք, որ Գյումրիի ոստիկանապետ Հակոբ Բիչախչյանը վերջերս մահացավ ինֆարկտից, ու նրա փոխարեն ընտրեցին այնպիսի մեկին, ով արդեն իսկ հասցրել էր «փայլել» իր գործունեությամբ: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակ Շահնազարյանի օրոք եւս Գյումրին աչքի չի ընկել հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշով, ավելին, ժամանակին Շահնազարյանի դեմ տարբեր քրեական գործեր են հարուցվել ու կարճվել: Նա, մասնավորապես, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, կեղծել էր ՌԴ-ում բնակվող իր որդու անձնագիրը՝ նրան միաժամանակ ՀՀ անձնագիր «հայթայթելով», բացի այդ, նա հովանավորել է մի «օրենքով» գողի եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել