Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը փախավ հանրությունից

Մարտ 13,2009 00:00

Խորհրդի անդամները խորհեցին ազգի ճակատագրի մասին փակ դռների ետեւում

Խորհրդի նորանշանակ 12 անդամները երեկ չցանկացան զրուցել լրագրողների հետ: Երեկ ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կազմակերպվեց նախագահի եւ խորհրդի նորանշանակ անդամների միջեւ: Այդ շարքում են՝ Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը: Խորհրդի աշխատանքները ժամանակավորապես համակարգում է Վազգեն Մանուկյանը, եւ ենթադրվում է, որ ՀՀ նախագահը հետագայում հենց նրան կնշանակի Հանրային խորհրդի նախագահ: Երեկվա քննարկումը տեղի ունեցավ փակ դռների ետեւում, այնուհետեւ խորհրդի անդամները շամպայնի բաժակներով շնորհավորեցին միմյանց, մի քանի րոպե զրուցեցին եւ ՀՀ նախագահի դուրս գալուց հետո արագ անհայտացան:

Վազգեն Մանուկյանին էլ լրագրողները մի կերպ կարողացան «բռնացնել», այն էլ երեք նախադասություն արտաբերելուց հետո չցանկացավ զրույցը շարունակել. «Խորհրդակցական այս մարմինը կարող է մեծ նշանակություն ունենալ հասարակության եւ իշխանության միջեւ կապվածություն առաջացնելու առումով: Համաձայնել եմ աշխատել այս մարմնում եւ իմ բոլոր ջանքերը կներդնեմ այս գործի մեջ: Իսկ քաղաքականությունից ես չէի հեռացել, պարզապես քաղաքական դաշտում խոսքը զրկվել էր իր արժեքից, հիմա կամաց-կամաց սկսում է վերագտնել իր արժեքը»: Համեմատաբար մանրամասն տեղեկություն մեզ հաջողվեց ստանալ խորհրդի կանոնադրության աշխատանքներին մասնակցած ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից: Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի անդամ չեն կարող լինել ոչ ԱԺ պատգամավորները, ոչ էլ ՀՀ կառավարության անդամները: Խորհրդի 12 անդամներն արդեն նշանակվել են ՀՀ նախագահի կողմից, իսկ մյուսների ճակատագրի մասին հայտնեց պարոն Դալլաքյանը. «Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Խորհրդի անդամներից 12-ին նշանակում է ՀՀ նախագահը, իսկ մյուս 12-ը ընտրվում են համապատասխան ժողովների կողմից, եւ այդ 24-ն ընտրում է Հանրային խորհրդի մյուս 12 անդամներին: Հանրային խորհրդում ձեւավորվելու են 12 մշտական հանձնաժողովներ, որոնք զբաղվելու են տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական զանազան հիմնախնդիրներով: Խորհրդի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու ԱԺ-ում ներկայացնել տեսակետ՝ օրենքների նախագծերի վերաբերյալ, եւ մասնակցել կառավարության նիստերին: Այս կառույցում ներկայացված են լինելու նաեւ մարզերը: Հանրային խորհրդի կազմավորումը քաղաքացիական հասարակության ձեւավորման մի քայլ է, խորհուրդը, օրինակ, այս լարվածությունը որոշակիորեն մեղմացնելու առումով կարող է ՀՀ նախագահին առաջարկություն անել՝ մեր երկրում համաներում իրականացնելու առումով: Հանրային խորհրդին ցանկացած քաղաքացի կարող է ներկայացնել առաջարկություններ, դրանք համապատասխան հանձնաժողովի կողմից պիտի քննարկվեն, խորհուրդն ինքն էլ կարող է նախաձեռնել հանրային քննարկումներ»:

Զրուցեցինք խորհրդի անդամներից ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ Աննա Ասատրյանի հետ, որը, ի տարբերություն մյուսների, չէր «փախել». «Խորհուրդը մեծ ճանապարհ ունի անցնելու: Ինքս իմ համեստ ուժերի ներածի չափով կծառայեմ հայրենիքին եւ վստահ եմ, որ խորհրդի անդամներից յուրաքանչյուրը նման մտադրությամբ է եկել աշխատելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել