Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ

Մարտ 13,2009 00:00

\"\"Առաջարկում է դաշնակցական Արծվիկ Մինասյանը

– Դուք կարո՞ղ եք ասել, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարվելիք փոփոխությունների գործընթացում աշխատանքային խումբը ընդունել է Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները:

– Իսկ ի՞նչ առաջարկներ է արել Վենետիկի հանձնաժողովը՝ ոչ մի: Այդ հանձնաժողովն ընդամենը կարծիք է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ հիմնականում դրանք գնահատելով դրական, եւ մի երկու մտահոգություն է արտահայտել եւ խմբագրական ուղղվածության առաջարկություններ արել:

– Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Քրօրի 225 եւ 300 հոդվածների փոփոխության նախագծում երկրորդ ընթերցման համար ներկայացվելիք նախագծում ներառված են բոլոր առաջարկները, այդ թվում՝ Ձերը: Դուք բավարարվա՞ծ եք դրանով:

– Իմ առաջարկների մի մասն է ընդունվել, կարելի է ասել՝ 40%-ը: Ընդհանուր առմամբ, եթե այս նախագիծը համեմատեմ այսօր գործող օրենքի հետ, ապա, իհարկե, սա դրական նախագիծ է: Բայց, ընդհանրապես, ես կարծում եմ, որ բարելավման տեղ շատ կար: Բայց, հավանաբար, սա այն ժամանակահատվածը չի, որ առավել խորությամբ մարդիկ փորձեին իրացնել բոլոր այդ առաջարկությունները: Օրինակ, 225.1 հոդվածի մասին՝ այստեղ աշխատանքային խումբն առաջարկել էր այս հոդվածի երկրորդ մասը փոփոխության ենթարկել այնպես, որ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի պահանջին չենթարկվելու դեպքում սահմանվեր պատասխանատվություն: Գործող օրենքում այդ դեպքի համար անորոշություն կար: Ես առաջարկում էի, որ ոչ թե ընդհանրապես որեւէ մեկի հայտարարությանը չենթարկվելուն ուղղված կոչի համար պատասխանատվություն սահմանվեր, այլ պատասխանատվություն սահմանվեր կոնկրետ կազմակերպչի համար: Որովհետեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր անցկացնելու մասին» օրենքով սահմանված է կազմակերպչի պատասխանատվությունը: Նշված է, որ եթե ոստիկանությունը հրապարակային միջոցառման դադարեցման մասին օրենքով նախատեսված կարգով կայացրել է որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է դրա մասին տեղեկացնել մասնակիցներին, հետեւաբար՝ պատասխանատվության սուբյեկտը պետք է լիներ հենց կազմակերպիչը, քանի որ կազմակերպիչը նախ՝ անգործություն է դրսեւորել եւ չի հայտարարել, եւ երկրորդ՝ ոչ միայն չի հայտարարել, այլեւ կոչ է արել, որ մարդիկ չենթարկվեն այդ որոշմանը: Մինչդեռ այսօրվա ձեւակերպմամբ եւ նաեւ նախագծում մնում է այդ անորոշությունը, եւ ցանկացած անձ, այդ թվում նաեւ՝ չի բացառվում՝ սադրիչ, եթե նման հայտարարություն անի, ապա տվյալ հրապարակային միջոցառումը կվերածվի դադարեցման համար հիմք հանդիսացող գործողություններ հրահրող ամբոխի: Որպեսզի այս կարգի հարցերը հնարավոր լինեին հստակեցնել, ես առաջարկում էի պատասխանատվության ենթարկել կազմակերպչին: Բայց, հավանաբար, այս փուլում խնդիրը դրված չէր նաեւ 225.1-ը այդ աստիճանի փոփոխության ենթարկել: Մյուս առաջարկությունս այն էր, որ պատասխանատվության սուբյեկտը՝ 300 հոդվածով առաջարկվող հանցագործության համար, այն է՝ «Իշխանության զավթում կամ պահպանում», այս մասով պետք է պատասխանատվության ենթարկվող քաղաքացին, որը չունի իշխանական լիազորություններ, ավելի մեղմ պատասխանատվության ենթարկվի, քան այն անձը, որն ունի այդպիսի լիազորություններ: Այսինքն՝ պաշտոնեական դիրքի օգտագործումը պետք է ավելի խիստ պատասխանատվության ենթարկվի։ Սա եւս չի իրացվել եւ մնացել է նույնը: Կարծում եմ՝ այս փուլում աշխատանքային խումբը կենտրոնացել էր գերազանցապես դիսպոզիցիաների վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնական քննարկման առարկա դարձել էր հենց դա: Իսկ մնացած մասը ենթադրում էր մի քիչ ավելի խորը քննարկումներ, եւ, հավանաբար, դա էր պատճառը, որ չեն փորձել իրացնել:

– Դուք, փաստորեն, համամիտ չեք Դավիթ Հարությունյանի այն պնդմանը, որ օրենքը փոփոխելով՝ ավելի հստակեցվել է:

– Իհարկե, հստակեցվել է, սա էական քայլ առաջ է այսօր գործող օրենքի ձեւակերպումներից, բայց ես կուզենայի այն ավելի բարելավված տեսնել:

– Իսկ խստացումներ եղե՞լ են:

– Խստացումնե՞ր՝ չէի ասի:

– Լավ, օրենքը ընդունվելու դեպքում ե՞րբ կազդի «7»-ի գործով անցնողների վրա:

– Կազդի օրենքը գործողության մեջ դնելուց անմիջապես հետո, այս հարցի կապակցությամբ նաեւ Վենետիկի հանձնաժողովն է տվել իր դիրքորոշումը եւ ասել է, որ բարելավվող նորմերը գործելու են այն անձանց գործերի վրա, ովքեր մեղադրվել են կամ գտնվում են դատական գործի քննության ընթացքում:

– Դուք սպասո՞ւմ էիք, որ Վենետիկի հանձնաժողովը այսքան մեղմ եւ այսքան հանդուրժող գնահատականներ կտա:

– Անձամբ ես կարծում էի, որ Վենետիկի հանձնաժողովը շատ ավելի խորը իրավական վերլուծության պետք է ենթարկի այս փոփոխությունները եւ շատ ավելի խորը իրավական մոտեցումներ պետք է ներկայացներ: Ինձ համար մի քիչ անակնկալ էր այս մոտեցումը, բայց նույնիսկ այս կարծիքը կարող է բավարար լինել հետագայում այս նորմերը վերանայելու համար:

– Նկատի ունեք այն պահը, երբ դարձյալ հարկ կլինի դիմել հերթական իրավիճակային լուծմա՞նը:

– Ոչ թե իրավիճակային, այլ՝ հակառակը: Նկատի ունեմ, որ հարցին տրվեն ոչ իրավիճակային լուծումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել