Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացնել ավելորդ տառերը

Մարտ 12,2009 00:00

Վերջին տարիներին թերթերում, հեռուստատեսությամբ շարժվող տողով հաճախ հանդիպում ենք լեզվի աղավաղումների, ձեւակերպումների ու անհարկի օտարազգի բառերի, անվանումների, ու այն կարդալով ցավ եմ ապրում։ Մեր իշխանության եւ օրենսդիր մարմնի որոշ ղեկավարներ գործածում են օտարազգի բառեր (երբ հայերենում կան համարժեք բառեր) եւ չգիտես՝ նրանք իրենց գիտունի տե՞ղ են դնում, թե՞ զարմացնում։

Ներկայումս հայերեն անվանումների ցանկում կտեսնեք ռուսների, եվրոպացիների, պարսիկների, հնդիկների եւ ուրիշ ժողովուրդների անուններ՝ իսկական «աջաբսանդալ». մի՞թե մեր ազգը չունի իր ազգային մշակույթը, լեզուն, սովորություններն ու լավագույն արժեքները պահպանելու համառ կամք։ Լեզվի գործածության եւ ուղղագրության պահպանման գործը պետք է օրենքի ուժ ստանա եւ երաշխավորի ու կասեցնի անգրագետների մուտքը պետական ապարատ եւ օրենսդիր մարմին։

Ըստ իս, կարելի է հետեւյալ շտկումները կատարել լեզվի մեջ.

1. եւ շաղկապը պետք է կրճատել այբբենարանից ու այն կոչել իր անունով, այն է՝ շաղկապ, եւ ցանկալի է գործածել եվ-ով։

2. Պետք է օգտագործել վ տառը, իսկ ւ-ն բացառելով տառերի շարքից։

3. Ո-ն որոշ բառերում կարդացվում է վո (որովհետեւ, որպես, որեւիցե եւ այլն), իսկ որոշ բառերում՝ օ (ով, ովքեր եւ այլն), բառերի միջնամասում՝ օ, եւ այստեղ որեւէ հիմնավորում չեմ նկատում։ Գտնում եմ, որ հայոց լեզու ուսումնասիրողների համար այս երեւույթը ավելորդ դժվարություններ ու ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Օ-ն եւ վօ-ն տառերը լիարժեք կարող են փոխարինել ո-ն, ու եթե այս քայլերը արվել են մտացածին, մտավոր կարողությունները խորացնելու կամ մարդու հիշողությունը զարգացնելու համար, ապա այդ բացը կարելի է լրացնել այլ եղանակներով։

4. Ընդունելի առաջարկ է ո եւ ւ տառերը միացնելով ու տառը ստանալ ու այբբենարանից բացառել ո, ւ տառերը։

5. Յ տառը կիրառել՝ ինչպես աշխարհաբարի ուղղագրությամբ։

6. Բ-ն ու դ-ն ինչպես բառասկզբում, այնպես էլ միջնամասում հնչեցնել այնպես, ինչպես հնչում է՝ բանակ, բռնակ եւ այլն, դանակ, դռնակ եւ այլն բառերում եւ ոչ թե որոշ բառերում հնչեցնել փ եւ թ։

7. Թվում է, որ ծ-ն ու ձ-ն, ինչպես նաեւ ջ-ն ու ճ-ն շատ մոտ հնչյուններ են եւ կարելի է ծ-ն ու ջ-ն գործածելով բավարարվել, ու չեմ կարծում այս քայլով հայոց լեզուն կխամրի, այլ ընդհակառակը՝ կդառնա ավելի պարզ ու հեշտ ուսանելի։ Ակնկալում եմ լեզվի մասնագետների ավելի ընդգրկուն, խորիմաստ ու համընդհանուր մոտեցումը՝ առաջ քաշված ոչ լրիվ հարցերին լուծում տալու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել