Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսիններն անկողնում պետք է ազատ լինեն

Մարտ 12,2009 00:00

\"\"Ըստ սեքսոլոգի՝ տղամարդը պետք է այնպես անի, որ կինն իր սեռական ֆանտազիաների մասին խոսի, այլ ոչ թե ամաչի:

Ասում են՝ հայ կանայք ի ծնե ամաչկոտ են եւ զուսպ: Ամուսնական հարաբերություններում ամենակարեւորը փոխադարձ վստահությունն է ու հարգանքը, եւ կոնֆլիկտներից խուսափելու ու տղամարդկանց «աչքը դուրսը չլինելու» համար, շատ կանանց խոսքերով՝ կինն անկողնում պետք է սիրուհի լինի, խոհանոցում՝ մայր:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ: Ըստ նրա՝ անկողինը ազգություն չի ճանաչում. «Չեմ ցանկանա շեշտադրությունը դնել հայ կնոջ վրա, ինչո՞վ է տարբերվում հայ կինը ուզբեկ կնոջից: Ուղղակի հայերի մեջ կա մի մտակաղապար, մենտալիտետ, որը չի թույլ տալիս անկողնում լինել ազատ, անկեղծ, արտահայտել բոլոր ցանկությունները, որոնք կինն ունի: Ինչո՞վ են տարբերվում տղամարդու ցանկությունները կնոջինից, ինչո՞ւ պետք է տղամարդը չկաշկանդվի դրանք արտահայտելուց, իսկ կինն իրեն զսպի»: Սեքսոլոգի կարծիքով, կինն անկողնում պետք է անկեղծ լինի. «Յուրաքանչյուր կին ունի իր էմոցիաներին, ցանկություններին բնորոշ վարք, որը դրսեւորվում է անկողնում: Վարքը կախված է իր դաստիարակությունից, ընտանիքից, հասարակությունից, եւ կնոջ դերն ու վարքը որոշվում ու հաճախ կախված է զուգընկերոջ վերաբերմունքից»:

Սեքսոլոգի ձեւակերպմամբ, հայ իրականությունում կան զույգեր, որոնց վարքը ստանդարտ է, այսինքն՝ հարաբերությունների ընթացքում միայն տղամարդն է նախաձեռնողը. «Դա կախված է տղամարդու բնավորությունից, օրինակ՝ գուցե նրա մոտ ընդունված չէ, որ կինը նախաձեռնողը լինի: Մեկ այլ զույգի մոտ էլ կինն է նախաձեռնում, կան նաեւ զույգեր, որ ով ուզում է՝ նախաձեռնում է: Այսինքն՝ ներդաշնակ զույգ լինելու համար պետք է լինեն միմյանց համահունչ եւ, ամենակարեւորը՝ անկեղծ: Եվ ոչ միայն անկողնում, այլեւ առօրյայում զույգերն անկեղծորեն պետք է արտահայտեն այն, ինչ ուզում են»: Ինչ վերաբերում է ամաչկոտությանը, հայերին այդքան տանջող նամուսին, բժշկուհին ասաց. «Ո՞րն է նամուսը: Մի՞թե ես աննամուս եմ, որ ամուսնուս հետ ինձ պահում եմ այնպես ու անում եմ այն ամենը, ինչից երկուսիս համար էլ հաճելի է լինում…»: Ռ. Ազատյանը գտնում է, որ կնոջ վարքը կախված է ամուսնու թելադրանքից. «Չկա այնպիսի չափանիշ, որ կինն այսպիսին կամ այնպիսին պետք է լինի: Կին կա, ամեն օր է սեռական հարաբերության ցանկություն ունենում, կին կա՝ շաբաթը մեկ, նույնն էլ՝ տղամարդիկ: Շաբլոն մոտեցում չկա»:

Սեքսոլոգը խորհուրդ է տալիս արտահայտել ցանկությունները, հակառակ դեպքում՝ առողջական խնդիրներ առաջ կգան. «Եթե կա ցանկություն, ուրեմն անպայման պիտի կիսել ամուսնու, զուգընկերոջ հետ, պետք է արտահայտել, որովհետեւ սեռական ցանկությունն էմոցիա է, որը եթե ճնշես, կուտակվելով քո մարմնի, հոգեկանի մեջ, կհանգեցնի առողջական խնդիրների: Օրինակ, նկատվում է, որ մեր կանայք երբեմն ագրեսիվ են ու հաճախ ոչ տեղին ինչ-որ ռեակցիաներ են տալիս: Հաճախ փողոցում ասում են՝ անբավարարված կին է… Չնայած չեմ ընդունում այդ արտահայտությունը, որը միշտ չէ, որ տեղին է, բայց երբեմն հենց այնպես չեն ասում: Անբավարարվածության պատճառը ներս գցելն է, չարտահայտվելը, ցանկությունները զսպելը, ինչը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, հոգեկան խանգարումներ. նախ ունենում են նեւրոզներ, կլիմակտերիկ շրջանում՝ ճնշման բարձրացում, սեռական օրգանների չարորակ գոյացություններ՝ ինչի պատճառը կնոջ օրգազմի բացակայությունն է: Իսկ կնոջ օրգազմը անկեղծության, ցանկությունների արտահայտման հետեւանք է»: Ռ. Ազատյանը փաստում է, որ կնոջ ցանկությունների արտահայտման մեջ մեծ դեր ունեն տղամարդիկ. «Տղամարդն այնպես պետք է անի, որ կինն իր սեռական ֆանտազիաների, երեւակայությունների մասին խոսի, չվախենա կամ չամաչի: Ես հիվանդներ ունեմ, որոնք իրենց ցանկությունների մասին ամուսիններին չեն ասում, մտածելով, որ իրենց սխալ կհասկանան, կհարցնեն՝ որտեղի՞ց ես լսել, ի՞նչ գիտես, որ տենց բան է լինում…»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նրան երբեւէ դիմե՞լ են զույգեր, որոնք անկողնում ազատ հարաբերությունների խնդիր ունեն, բժշկուհին պատասխանեց. «Այո, դիմում են ու հիմնականում սեռական խանգարումների խնդիրներով: Իսկ սեռական խանգարումները կաշկանդվածության, ամաչկոտության, անկեղծ եւ ազատ չլինելու հետեւանքներն են: Օրինակ, սեռական ակտի անկարողության խնդիրներ են լինում, այսինքն՝ սեռական հարաբերության ժամանակ ցավեր են ունենում, ինչը թույլ չի տալիս, որ ակտ լինի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել