Ճիշտ պատասխանեք երեխաներին հետաքրքրող բոլոր հարցերին
Երեխաների սեռական դաստիարակությունը շատ կարեւոր ու առաջնային հարց է: Թեպետ ոչ բոլոր ծնողներին է հաջողվում պատասխանել իրենց փոքրիկների հարցերին ու ճիշտ ձեւով բացատրել, օրինակ, այն, թե որտեղից են իրենք առաջացել: Հոգեբանները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս երեխային խաբել, թե քեզ արագիլն է բերել կամ կաղամբի միջից ես դուրս եկել… Եթե նույնիսկ հաջողվում է այս մեթոդով շրջանցել փոքրիկի «ես որտեղի՞ց եմ առաջացել» հարցը, ապա ժամանակավոր, ասենք՝ մինչեւ երեխայի 3-4 տարեկան դառնալը:
Ըստ հոգեբանների, 4 տարեկանից սկսած, սովորաբար երեխաներն ավելի շատ են սկսում հարցեր տալ՝ կապված իրենց ծնվելու պատճառների, անվան եւ սեռի հետ: Այս հարցերի պատասխանները ստանալու համար, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում է արվում, երեխաներին պետք է օգնեն, ծնողներից բացի, նաեւ մանկապարտեզներում ու դպրոցներում: Չենք կարող հերքել, որ մեր մանկապարտեզներն այս հարցում մեծ թերացում ունեն, ինչն էլ բավականին բարդացնում է ծնողների գործը, որովհետեւ այդ հարցերի պատասխանները երեխայի համար ավելի հետաքրքիր է լսել իր շրջապատից, իրեն համապատասխան մակարդակով: «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայի թողարկած հուշաթերթիկներում անդրադարձ է կատարվել ծնողների հաղորդակցությանը երեխայի հետ: Այնտեղ ասվում է, որ դեռեւս ներարգանդային կյանքում մանկիկը զգում է մոր տրամադրությունը, ուրախանում ու տխրում է նրա հետ մեկտեղ, զգում է մոտեցող վտանգը: Նա իր նկատմամբ ուշադրություն է պահանջում, արձագանքում է իրեն դիմելիս եւ իր հետ խոսելիս: Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս կիսել իրենց մտքերն ու հույզերը՝ դեռեւս չծնված երեխայի հետ: Այդպիսի շփումը շատ է մտերմացնում ծնողներին երեխայի հետ եւ նրա դաստիարակության գործընթացում վստահության զգացում առաջացնում:
Կրկին դառնալով երեխաներին, ըստ հուշաթերթի, խորհուրդ է տրվում հաճախ հարցնել, թե ինչի՞ մասին է մտածում երեխան, խրախուսել նրա հարցասիրությունը: Մինչ պատասխանելը սեռազգայունության մասին առաջացած երեխայի հարցերին, խորհուրդ է տրվում նախ բաց հարց տալ երեխային, թե ի՞նչ է մտածում նա այդ մասին: Երեխայի հարցերին պետք է պատասխանել ճիշտ, բայց նրա տարիքին համապատասխան: Ըստ մասնագետների՝ վստահությունը ապագա փոխհարաբերությունների հիմքն է ընտանիքում եւ շատ կարեւոր է այն չկորցնել երեխայի կյանքի առաջին իսկ օրերից: Երեխաների կողմից շատ հաճախ տրված «որտեղի՞ց են առաջանում երեխաները» կամ այդ տիպի այլ հարցերին պատասխանելուց առաջ նախ պետք է պարզել, թե ինչին է հավատում երեխան: Իսկ եթե երեխան, այնուամենայնիվ, հարցնի այդ մասին, չպետք է շփոթվել, իսկ պատասխան չունենալու դեպքում հարկավոր է խորհրդակցել մանկավարժի, բժշկի կամ բարեկամների հետ, ինչպես նաեւ օգտվել համապատասխան գրականությունից: Օրինակ, «որտեղի՞ց են հայտնվում երեխաները» հարցին «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայի թողարկած հուշաթերթիկներում առաջարկվում է պատասխանել հետեւյալ կերպ. «Մանկիկներն աճում են իրենց մայրերի մարմինների ներսում գտնվող մի հատուկ տեղում, որը կոչվում է արգանդ: Այդ հարմարավետ եւ տաք տեղը ստեղծված է հատուկ այն բանի համար, որպեսզի այնտեղ երեխաները մեծանան: Եվ 9 ամիս անց, երբ երեխան լիովին հասունանում է, նա լույս աշխարհ է գալիս հատուկ խողովակի միջոցով»: Հավանաբար՝ այս հարցի պատասխանից հետո երեխայի մեջ դարձյալ հարցեր կառաջանան, օրինակ՝ այն մասին, թե ինչպե՞ս է երեխան այնտեղ հայտնվում եւ այլն: Սակայն այս դեպքում եւս պետք չէ խուճապի մատնվել ու կրկին բացատրել մանկական ուղեղին համապատասխան ձեւով:
Ըստ հոգեբանների, եթե երեխայի տված այս կարգի հարցերին պատասխանեք սխալ կամ նրան խաբեք, ու եթե նա պարզի, որ իրեն խաբել եք, դա կարող է երեխայի համար սթրեսի պատճառ դառնալ ու վտանգավոր հետեւանքներ առաջացնել: Օրինակ, ՌԴ-ի քաղաքներից մեկում, երբ չորս տարեկան աղջիկը հարցրել է «ես որտեղի՞ց եմ առաջացել», թմրամոլ մայրը, որն իր հերթական չափաբաժինն է ընդունելիս լինում, պատասխանում է՝ «այս դեղերից»: Պատասխանը լսելուց հետո երեխան մոր թմրանյութերը կուլ է տալիս, իր կարծիքվ փորձում քույրիկ կամ եղբայրիկ ստեղծել: 15 րոպե անց թմրամոլ մոր ընկերուհին երեխային անզգայացած վիճակում գտնում ու տեղափոխում է հիվանդանոց, իսկ 3 ժամ անց փոքրիկ աղջիկը մահանալուց առաջ հարցնում է. «ես քույրի՞կ, թե՞ եղբայրիկ եմ ստեղծել»: Մատնանշելով այս տխուր պատմությունը՝ եւս մեկ անգամ ուզում ենք ասել՝ մի խաբեք ձեր փոքրիկներին:
Ըստ հոգեբանների, ստելով ոչ միայն կվնասեք ձեր երեխային, կխաթարեք նրա հոգեկան հավասարակշռությունը, այլեւ սխալ ինֆորմացիայի տիրապետումը կարող է վատ հետեւանքներ թողնել նաեւ նրա դեռահասության շրջանում: