Աֆրիկյան Կոտ-դ’Իվուար (Փղոսկրի Ափ) պետության նախարարները պատժվել են աղբահավաքմանը նվիրված շաբաթօրյակից ուշանալու համար: Ըստ newsru.com-ի, երկրի վարչապետը որոշել է զրկել նրանց մեկ ամսվա աշխատավարձից: Ինչպես պարզվել է, վերոհիշյալ 11 նախարարները պետք է աղբահանությամբ զբաղվեին դեռեւս հունվարին, բայց այն ժամանակ էլ զլացան կատարել իրենց պարտականություները: Պատժվածների թվում էր նաեւ երկրում մեծ ազդեցություն ունեցող ֆինանսների նախարարը: Փորձագետների կարծիքով, Աբիջանը, որտեղ անց էր կացվել այդ շաբաթօրյակը եւ որը Կոտ-դ’Իվուարի տնտեսական մայրաքաղաքն է, աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկն է: Այդ քաղաքի հակասանիտարական պայմաններից մեծապես տուժում են բնակիչները: Անցած ամիսների ընթացքում Աբիջանում աղբի սարեր են կուտակվել, եւ կառավարությունը, մոբիլիզացնելով պաշտոնյաներին, փորձում է աղետալի վիճակի դեմն առնել: Աբիջան մեգապոլիսը գտնվում է օվկիանոսի ծովալճակի եզրին, որտեղ եւ փտում են կենցաղային ու արդյունաբերական թափոնները: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ 2006 թվականին իշխանությունները թույլ տվեցին նիդեռլանդական մի ընկերության՝ նույն տեղում թաղել նաեւ քիմիական թափոններ: