Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառակե՞ր են

Մարտ 12,2009 00:00

Մեղադրում են՝ առանց ապացույցների

\"\"
«Կաշառակերը»՝ պատերի վրա:

Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ մեր թերթը տարվում էր տպարան, «Առավոտի» աշխատակցները նկատել էին, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ թռուցիկանման թղթեր նետում Մամուլի շենքի մոտ: Դրանցից մի քանիսը վերցնելով՝ տեսանք, որ այդ թռուցիկներում տարբեր բուհերի դասախոսների նկարներ են, վրան գրված՝ «կաշառակեր»: Իսկ երեկ առավոտյան արդեն հայտնաբերեցինք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատերի վրա փակցված են նույն լուսանկարներից: Ավելի ուշ «Արմինֆո» գործակալությունը տեղեկացրեց, որ կանգառներում, բուհերի պատերին եւ այլ մարդաշատ վայրերում փակցված՝ բուհերի տասնյակ դասախոսների լուսանկարները քաղաքում, առավելապես՝ ուսանողների շրջանում, տարօրինակ աշխուժություն էին առաջացրել: Իսկ մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի մոտ ոստիկանությունը ակտիվ «պայքարում» էր՝ պոկելով դասախոսների նկարները: Երեւանի մանկավարժական համալսարանի ղեկավարությունն էլ հրամայել էր համալսարանի պատերից պոկել սեփական դասախոսների նկարները, որոնք ուսանողության մեջ մեծ հետաքրքրություն էին առաջացրել: «Բուհի պատերն արդեն լվացվել են, սակայն արդյո՞ք նույն հեշտությամբ կմաքրվի այդ հաստատության եւ առանձին անհատների հեղինակությունը»՝ հարցադրում էր արել «Արմինֆոն»: Քանի որ այս ակցիայի կազմակերպիչը «Միասին» կազմակերպությունն էր, մտանք այդ կազմակերպության կայքէջը՝ www.miasin.am, եւ զարմացանք, տեսնելով թե ի՜նչ «շրջապատում» Են զվարճանում «միասնական» երիտասարդները: Մեզ հետաքրքրեց նաեւ այս հայտարարությունը. «Սիրելի՛ ուսանողներ, ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երեւանի մի շարք բուհերում: Ծրագրի նպատակն է բուհերի ուսանողության ուժերով վեր հանել բուհերում տեղի ունեցող բոլոր կոռուպցիոն երեւույթները եւ հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաեւ ուսանողների եւ բուհերի աշխատակիցների անունները: Մենք կոչ ենք անում բոլոր ուսանողներին՝ միանալ մեր պայքարին եւ աջակցել կոռուպցիան, կաշառակերությունը եւ մյուս անօրինական երեւույթները մեր բուհերից արմատախիլ անելու գործին: Մենք հավատացած ենք, որ մեր բուհերի ազնիվ ուսանողների համատեղ ջանքերով հնարավոր է կարճ ժամանակահատվածում կոտրել կոռուպցիայի ողնաշարը եւ այն իսպառ վերացնել: Կրթական համակարգում գործող կոռուպցիան նպաստում է մյուս բոլոր համակարգերում դրա ձեւավորմանը՝ այն պարզ պատճառով, որ մեր կրթական համակարգն արտադրում է կոռումպացված կադրեր այլ համակարգերի համար»: Անկեղծ ասած, մեզ թույլ ենք տալիս կասկածել, որ այս պարագայում թացն ու չորը կխառնվեն: Եթե պիտի դասախոսի կաշառակերությունը որոշվի ուսանողների անանուն քվեարկությամբ, առանց ստուգելու յուրաքանչյուր փաստը, ապա ամենեւին բացառված չէ, որ «կաշառակերի» պիտակով քաղաքի պատերին կհայտնվի նաեւ այն խիստ եւ ազնիվ դասախոսի լուսանկարը, որն, ասենք, սկզբունքորեն չի դնում անարժան ուսանողների «3»-ը:

\"\"
«Միասին»-ի երիտասարդները Սերժ Սարգսյանի հետ
նշում են իրենց տարեդարձը:

Երեկ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ այդ ցուցակում հայտնված որոշ դասախոսներից, սակայն առայժմ չստացվեց:

Փոխարենը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը փոխանցեց բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի պարզաբանումը. «Նման մեթոդով չեն պայքարում կաշառակերության դեմ: Ընտրվածը զրպարտության դասական տարբերակ է: Իսկ այդ դասախոսներից ԵՊՀ-ում անցկացվող ամենամյա սոցհարցումների ժամանակ ոչ մի ուսանող դժգոհություն չի հայտնել»: Մեկնաբանություն ստացանք նաեւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանից. «Չենք ժխտում, որ կաշառակերություն երեւույթը կա բուհերում, բայց դրա դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ պիտի ընտրել, ոչ թե մարդու նկարը կպցնել ողջ քաղաքում՝ առանց ապացույցի: Դա բավականին լուրջ մեղադրանք է, քրեորեն պատժելի: Մյուս կողմից՝ կաշառակերության հարցում չսովորող ուսանողները եւս իրենց մեղքն ունեն, քանի որ կաշառք վերցվում է միայն երկու կողմի համաձայնության դեպքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել