Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՆՈՐՈԳԵԼ ԴՊՐՈՑԸ

Մարտ 12,2009 00:00

\"\"Դրա համար տնօրենից պահանջվում է լինել հնարավորինս նվիրված իշխանություններին եւ հնարավորինս ակտիվ ընտրությունների շրջանում՝ իշխանության վերարտադրությունը ապահովելու համար:

«Առավոտը» բազմիցս առիթ է ունեցել նկարագրելու, թե ինչպես են կուլիսներում ընթանում պետբյուջեի կազմումն ու հաստատումը: Որեւէ մեկն այլեւս այնքան միամիտ չէ, որ կարծի, թե հիմնականում հարկատուների միջոցներից գոյացած բյուջեն ծախսվում է հատկապես հրատապ եւ անհրաժեշտ նպատակների իրականացման համար: Ավելի հաճախ այդ գումարները բաշխվում են «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով: Ունե՞ս ծանոթ, բարեկամ, ընկեր, խնամի կառավարությունում կամ ԱԺ-ում՝ կարող ես քաղցր պատառ փախցնել բյուջեից, ասենք՝ «Երիտասարդական կենտրոններում բարյացակամ ծառայությունների մատուցում երիտասարդների համար» տողով կարող ես ստանալ 2 միլիոն դրամ: Չունե՞ս այդ հնարավորությունը, այլ տարբերակ էլ կա՝ որեւէ ձեւով օգտակար եղիր բյուջեն կազմողներին եւ լավությունդ անպատասխան չի մնա: Դե, իսկ եթե դրա «շնորհքն» էլ չունես՝ «գլուխդ՝ քարը», յոլա գնա՝ ինչպես կարող ես:

Ավելի մասնավորեցնելով՝ անդրադառնանք կրթական համակարգին: Ամեն տարի բյուջեից որոշակի գումար է հատկացվում դպրոցների հիմնանորոգման համար: Այս տարի, օրինակ, քաղաքաշինության նախարարությունը կրթական օբյեկտների հիմնանորոգման համար ստացել է 15, 5 մլրդ դրամ գումար, կրթական օբյեկտների շինարարության համար՝ 2,5 մլրդ դրամ, եւս 2 մլրդ դրամ հատկացվել է «Ավագ դպրոցների հիմնանորոգում» տողով: «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ցանկը տարակուսանք է առաջացնում: Այս ցանկում ընդգրկված շատ դպրոցներ նախանձելի վիճակում են՝ այլ դպրոցների համեմատությամբ, սակայն դա չի խանգարել, որպեսզի, օրինակ, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցը գրեթե 120 մլն դրամ ստանա հիմնանորոգման, Իսակովի անվան թիվ 132 դպրոցը մոտ 150 մլն դրամ՝ վերանորոգման համար, կամ թիվ 11 դպրոցում էլ, որ նույնպես մեր ժամանակների համար բավականին բարվոք վիճակում է, մոտ 53,5 մլն դրամի նորոգման աշխատանքներ իրականցվեն: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցը, որի գազիֆիկացման համար այս տարվա բյուջեով նախատեսված է 98 մլն դրամ, վաղուց արդեն գազիֆիկացված է եւ ջեռուցվում է»,- ասում է ԱԺ պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը, ով նկատել էր ոչ միայն վերոթվարկյալ «հայաստանյան պայմանների համար բավականին շքեղ վերանորոգված դպրոցների» հայտնվելը հիմնանորոգվողների ցուցակում, այլեւ է՛լ ավելի զարմանահարույց մի բան: Տիկին Բախշյանը նամակով դիմել է քաղաքաշինության նախարարին եւ նրանից ստացել 2006-2009թթ. պետբյուջեների հաշվին քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Երեւան քաղաքում հիմնանորոգված եւ կառուցված (հիմնանորոգվող եւ կառուցվող) կրթական օբյեկտների ցուցակը: Եվ պարզել էր, որ այդ ցուցակում բացակայում են 2009-ի Պետական բյուջեի մասին օրենքի հավելվածում տեղ գտած որոշ դպրոցներ: Եվ հակառակը՝ կան որոշ դպրոցներ, որոնք տեղ չեն գտել այս տարվա բյուջեում, սակայն ինչ-որ կերպ հայտնվել են քաղաքաշինության նախարարի ներկայացրած ցուցակում: Օրինակ, բյուջեով նախատեսված է, որ պետք է հիմնանորոգվեն նաեւ թիվ 77, 172, 197 դպրոցները, պետական տեխնոլոգիական քոլեջը, հենաշարժային խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 դպրոցը, այնինչ, դրանք տեղ չեն գտել քաղաքաշինության նախարարի ներկայացրած ցուցակում, փոխարենն այնտեղ նախատեսված է 45 մլն դրամ հատկացնել Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի շինարարությանը, իսկ այդ մասին ոչ մի բառ պետբյուջեում չկա: «Ստացվում է, որ Բյուջեի մասին ՀՀ օրենքը, որն ԱԺ-ի հաստատած օրենքն է եւ ոչ ոք իրավունք չունի կամայականորեն փոփոխել, արդեն իսկ ոտնահարված է,- ասում է տիկին Բախշյանը ու հավելում,- եւ այս ցանկի մեջ չկան նոր ավագ դպրոցները: Ինչո՞ւ այն բոլոր դպրոցները, որ պիտի սեպտեմբերի 1-ից ավագ դպրոց դառնային՝ չկան այդ ցուցակում: Չէ՞ որ Կրթության համապատասխանության եւ որակի ծրագրով պահանջվում է, որ ավագ դպրոցները պետք է պատրաստ լինեն իրենց նպատակին ծառայելու՝ ունենան գրադարան, համակարգչային ցանց, լաբորատորիաներ…»: Տեղեկացնենք, որ «Ավագ դպրոցների հիմնանորոգում» տողով Երեւանի դպրոցներից անցնում են թիվ 198, թիվ 112 եւ արհեստագործական դպրոցները, որոնք արդեն իսկ «ավագ» են: Իսկ ահա նոր «ավագները», որոնց ցուցակը մեզ տվեցին ԿԳՆ-ից՝ թիվ 109, 118, 94, 142, 159, 139, 184, 105, 190, 170 եւ «Մխիթար Սեբաստացի» կրթօջախի երեք ավագ դպրոցները, չկան վերանորոգման ենթակաների ցուցակում: Կա միայն թիվ 62-ը:

«Տեղեկացնում եմ, որ մինչ այսօր հիմնանորոգվող դպրոցների ցանկ ընդգրկվելու հատուկ կարգ ընդունված չէ, ուստի եւ չի ընտրված միջգերատեսչական որեւէ հանձնաժողով, որը կսահմաներ այն»,- գրում է քաղաքաշինության նախարար Վահան Վարդանյանը՝ ի պատասխան տիկին Բախշյանի հարցումներին: Հատուկ կարգ չլինելու պարագայում՝ ոլորտից քիչ թե շատ տեղյակ մարդն անմիջապես կնկատի, թե ինչ սկզբունքով են ընտրված վերանորոգվող դպրոցները: Հիմնականում գործել է «խնամիաբարեկամական» կատեգորիան: Ի լրումն՝ նշենք, որ եւս 12 դպրոց պատգամավորների առանձին առաջարկներով է ընդգրկվել վերանորոգման կարիք ունեցողների ցանկում: «Այստեղ մի տրամաբանություն է. ես՝ քեզ, դու՝ ինձ: Դու կկեղծես ընտրությունները, կոալիցիային լավ ձայներ կբերես, տնօրե՛ն, կրթություն ապահովողի քո կերպարին դեմ գնալով, նսեմացնելով կրթության ամբողջ գաղափարախոսությունը, շատ լավ՝ դրա փոխարեն կստանաս լավ վերանորոգում: Բայց չէ՞ որ երեխան տեսնում է, թե ինչ գին է վճարվում դրա համար: Կեղծիքների գնով լավ նորոգված զուգարանից օգտվող երեխան վաղը-մյուս օրը մեր երկրի համար լավ քաղաքացի չի դառնա, ինքն էլ կսովորի գնալ կեղծիքների ու կաշառքների կամ էլ, լավագույն դեպքում, հասկանալով այդ ամենը, կըմբոստանա քո դեմ, տնօրե՛ն,- զգուշացնում է Ա.Բախշյանը,- ե՞րբ պիտի այս քաղաքական իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը պատասխանատվություն կրեն իրենց՝ պետականության հիմքերը խախտող քայլերի համար: Պետական բյուջեի, հարկատուների քրտինքով վաստակած գումարները մսխում են միայն մի խնդիր լուծելու համար՝ իշխող ուժի վերարտադրություն: Ուրիշ ոչինչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել