Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն փոխադարձ վստահությամբ

Մարտ 12,2009 00:00

\"\"Առաջարկում են մասնագետները

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) 2009թ. մարտի 3-ի դե ֆակտո ազատ լողացող փոխարժեքի ռեժիմին վերադառնալու որոշումն առաջացրեց տնտեսական գործակալների բուռն արձագանքը: Հայտարարությունից րոպեներ անց Երեւանում փակվեցին մի շարք խանութներ եւ վերանայվեցին բազմաթիվ ապրանքների գներ: Բանկերը մեծացրին արտարժույթի առքի եւ վաճառքի միջեւ առկա գնային լուսանցքը: Այս առաջին արձագանքից հետո էսկալացիայի վտանգը ներկայումս վերահսկվում է:

2008թ. դեկտեմբեր ամսվա զեկույցում Policy Forum Armenia-ն (PFA) զգուշացրել է արտաքին տնտեսական/ֆինանսական ճնշումների զգալի աճի մասին՝ առաջարկելով կառավարությանը որդեգրել ՀՀ դրամի աստիճանական արժեզրկման քաղաքականություն: Չնայած որոշ առաջարկությունների ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ զեկույցում ընդգրկված այս եւ մի քանի այլ առանցքային առաջարկությունների գծով որեւէ քայլ կամ այլընտրանքային միջոց չի կիրառվել: Համաշխարհային ճգնաժամի, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության վրա ազդող գործոնների խորության եւ տեւողության վերաբերյալ չափից դուրս ավելի լավատես գնահատականից անհրաժեշտ էր խուսափել՝ հաշվի առնելով հապաղելու պատճառով ստեղծվելիք հնարավոր վնասները եւ այն հնարավորինս շուտ վերանայել:

Փոխարժեքի կամ գների (կամ երկուսի) նկատմամբ հսկողություն հաստատելու հետագա վարչական քայլերը շարունակական արտաքին տնտեսական ճնշումների առկայության պայմաններում արդյունավետ չեն կարող լինել: Այս կարգի միջոցառումներից հարկ է խուսափել՝ ելնելով այդ պահին ազատ լողացող փոփոխականի մեծ շեղումների վտանգից: Այս ամենը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ՝ ինչպես ներքին տնտեսության, այնպես էլ Հայաստանի արդեն իսկ շատ խոցելի ընթացիկ հաշվի համար:

Այս իրավիճակում քաղաքականության հուսալիության վերահաստատումը եւ հասարակության սպասելիքների պատշաճ կառավարումը պետք է դառնան առաջիկա ռազմավարության անկյունաքարերը: Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը բխում է յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու շահերից. մի փաստ, որն իշխանությունները պետք է օգտագործեն եւ ի պատասխան ցուցաբերեն հնարավորինս բարձր թափանցիկություն ու հեռատեսություն: Սա կնպաստի վարվելիք քաղաքականության նկատմամբ վստահության եւ հավատի վերականգնմանը: Միայն փոխադարձ վստահության եւ ջանքերի միավորման դեպքում կառավարությանը եւ հասարակությանը կհաջողվի հաղթահարել ստեղծված իրավիճակը, խուսափել ներկա եւ ապագա ցնցումներից եւ ապահովել կայունությունը:

Վստահության մթնոլորտի ձեւավորման միջոցառումներն ընդգրկում են կառուցվածքային քաղաքականության որոշ նախաձեռնություններ, որոնք տեղ են գտել PFA-ի 2008թ. դեկտեմբերյան զեկույցում: Ամենաառանցքային միջոցառումների շարքում են. (1) փորձառու տնտեսագետներից եւ ֆինանսական փորձագետներից կազմված ճգնաժամի կառավարման խմբի ստեղծումը՝ անկախ վերջիններիս կուսակցական պատկանելության, (2) հիմնական ներմուծող ընկերությունների գնային մենաշնորհների նվազեցմանն ուղղված արժանահավատ քաղաքական միջոցառումների իրականացումը եւ (3) տնտեսական գործունեությունների ծավալմանը խանգարող քաջ հայտնի խոչընդոտների նվազեցմանն ուղղված շուտափույթ քայլեր:

Առանց արժանահավատության իրականացվելիք ավանդական մակրոտնտեսական քաղաքականության գործիքները սահմանափակ ազդեցություն կունենան ստեղծված իրավիճակում, որոշ դեպքերում նույնիսկ դրական արդյունքներին զուգահեռ՝ ունենալով սպասվածից ավելի մեծ բացասական հետեւանքներ:

POLICY FORUM ARMENIA կազմակերպություն

Policy Forum Armenia-ն (PFA) այլընտրանքային դիրքորոշումներ ու մասնագիտական վերլուծություններ ներկայացնող կազմակերպություն է: Վերջին տարվա ընթացքում այն ներկայացրել է մի քանի զեկույց, այդ թվում՝ 2008 թ. նախագահական ընտրությունների եւ տնտեսական ճգնաժամի ազդեցության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել