Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ՉԻ ՇԱՀԵԼՈՒ

Մարտ 12,2009 00:00

Հակառակը պնդողները ստում են

Դրամն արժեզրկվեց, եւ հեռուստացույցը՝ այն բնակարաններում, ուր դեռ չեն հրաժարվել հայկական հեռուստաալիքներ դիտելուց, անվերջ խոսում է այն մասին, որ ահա հիմա ինչ լավ է լինելու տեղական արտադրողի համար եւ ինչ սկզբունքային եւ խիզախ որոշում ընդունեցին իշխանությունները, թողնելով, որ մեր ազգային էությունը, իմա՝ նույն այդ դրամը, ազատ լող տա (այն մանկական բանաստեղծության ձկնիկի պես՝ «Ձկնիկ լող տուր, լող արա»)։ Հավանաբար, այս արդեն գրված նախադասության մեջ էլ սխալ կա՝ մեր ազգային էությունը դրամը չէ, այլ դոլարը, կամ եվրոն, կամ ռուբլին, որը որ այդ պահին թանկ է, արժեք ունի, որի համար իմաստ ունի մոռանալ այդ հաճախ օգտագործվող բառերի իմաստը՝ հայրենիք, ազգ, ժողովուրդ, պատիվ, խիղճ եւ այլն։

Ինչպես վկայում են ամերիկյան հետազոտական կենտրոն «Stratfor»-ի վերլուծաբանները, ազգային տարադրամի արժեզրկման վերաբերյալ որոշումը հայրենի իշխանությունները ընդունել են ոչ թե ազգային արտադրողին թեւ ու թիկունք տալու համար, այլ միայն այն պատճառով, որ Հայրենիքի բոլոր չեղած փողերն արդեն վատնվել էին, ժողովրդի գրպանից այլեւս դրամ շորթելը դարձել էր անհնար՝ վերոնշյալ Ժողովրդի գրպանում այդ դրամի բացակայության պատճառով, իսկ Ազգն էլ՝ դուրսը ծավալվող ճգնաժամի պատճառով իրեն վատ զգալով, այլեւս գրեթե ի վիճակի չէ այդ գրպանը լցնելու համար տրանսֆերներ ուղարկել։ Այսինքն, միակ հնարավոր ելքը պարտք վերցնելն էր, իսկ այդ պարտքն էլ Միջազգային արժութային հիմնադրամի հայատյացները չէին տալիս, եթե հայրենի իշխանությունները վերջապես չազատագրեին ազգային տարադրամը։

Ազգային արտադրողի շահերով արժեզրկումը փաստարկելը սուտ է եւ անբարոյականություն, սակայն դրանով այլեւս ոչ մեկին չես զարմացնի Հայաստան աշխարհում։ Ազգային արտադրողը վաղուց արդեն գոյություն չունի։ Ինչպես վկայում են տնտեսագետ վերլուծաբանների հետազոտությունները, երբ դրամի արժեքն իջավ մինչեւ 380–400 դրամ 1 ամերիկյան դոլարի համար, ներքին արտադրանքն արդեն չնչին բացառությամբ դարձավ անմրցունակ, եւ այն արտադրողները, որոնք թե՛ ներքին շուկայում էին իրենց ապրանքը սպառում եւ թե՛ նույնիսկ կարողանում էին արտահանել իրենց արտադրածը՝ կորուստներ կրելով, փակեցին իրենց գործարանները եւ արտադրամասերը ու տեղափոխեցին (եթե կարողացան) դրանք ավելի բարենպաստ տնտեսական պայմաններ ունեցող երկրներ։ Ուստի, խոսել նրա մասին, որ այ, հիմա արտադրողը կարտադրի, մենք էլ ուրախ-զվարթ էժան գներով կսպառենք՝ վճարելով հենց այդ արտադրողի ստեղծած աշխատատեղերում մեր վաստակած աշխատավարձերից, ուղղակի անհեթեթություն է եւ, կրկնում եմ, անբարոյականություն։

Իսկ ինչպե՞ս են ծախսվելու ձեռք բերված վարկային գումարները։ Այս հարցի պատասխանն ակնհայտ է։ Քանի որ նորից գործարաններ եւ արտադրամասեր բացելը կամ նոր աշխատատեղեր ստեղծելը գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջում է համբերություն, գիտելիք եւ, ամենակարեւորը՝ ժամանակ, իսկ դրանցից ոչ մի բան հայրենի իշխանությունները չունեն, ժողովուրդն էլ, ցավոք, շարունակում է անգիտակցաբար ինչ-որ պահանջներ ունենալ, մասնավորապես՝ ստամոքսը լցնելու, ապա մնում է մի հնարավորություն՝ այդ գումարները տալ «ախպերությանը», որ գնան դեսից-դենից ապրանք բերեն, իսկ ով եւ ինչով է այդ ապրանքը գնելու, դա արդեն իրենց, այսինքն՝ հենց այդ անգիտակիցների գործն է։

Նշված կենտրոնի վերլուծաբանները եւս մեկ կանխատեսում են հրապարակել. «Երեւանը տնտեսական կայունության պատրանքը պահպանելու նպատակով… ստիպված է լինելու այլընտրանքային տարադրամի օգտագործմանը դիմել։ Մոսկվայից մեծ կախվածության մեջ գտնվելու պատճառով՝ որպես այդպիսի տարադրամ կարող է օգտագործվել ռուսական ռուբլին»։

Այս հնարավորությունից բխող հետեւանքների վերաբերյալ դատողությունները թողնում եմ այն ընթերցողին, որի համար Հայրենիքը, Պետությունը, Ժողովուրդը դատարկ խոսքեր չեն, այլ էություն կազմող իմաստներ եւ արժեքներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել